Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱՆՔ…»



«ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱՆՔ...»Արցախյան վերջին պատերազմում բազմաթիվ հայորդիներ թշնամու դեմ պայքարեցին անձնազոհաբար, կռիվ տվեցին` հերոսական անպատմելի դրսևորումներով, ու անմահացան: Նրանցից մեկն էլ կրտսեր սերժանտ Հայկ Խաչատրյանն էր:

Ծնվել է 2001 թ. նոյեմբերի 17-ին Երևանում: Մանկության տարիներն անցել են հայրական Օրգով գյուղում, թեև կրթությունն ստացել է մայրաքաղաքում: Զբաղվել է արևելյան մարտարվեստով, բազմաթիվ մրցանակների արժանացել: 2019 թ. ընդունվել է բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը. երազում էր ատամնաբույժ դառնալ, սեփական կլինիկան ունենալ: Շատ երազանքներ ուներ, ցավոք, չհասցրեց իրականացնել…

2020 թ. հունվարի 9-ին զորակոչվել է բանակ, ուսումնական զորամասում սկզբնական ուսումնառությունն անցնելուց հետո ծառայության է նշանակվել հրետանային զորամասերից մեկում: Կարգապահ զինծառայող էր, բազմիցս խրախուսվել էր: Վերջին խրախուսումը 2020 թ. սեպտեմբերին՝ մինչև պատերազմի սկսվելն ստացած պատվոգիրն է:

Մի քանի օր անց արդեն Հայկը հայրենիքն էր պաշտպանում, ոչնչացնում էր թշնամուն: Տարբեր մարտական խնդիրներ կատարելուց հետո նրանց ստորաբաժանումը Տիգրանավան գյուղի մատույցներում էր:

«ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱՆՔ...»Հոկտեմբերի 16-ին թշնամու ԱԹՍ-ից արձակված հրթիռի պայթյունից Հայկը վիրավորվեց… Հիվանդանոցում էլ պայքարում էր 27 օր, բայց կյանքի հետ անհամատեղելի վնասվածքները շատ էին… Հայկի մարմինն ամփոփել են հայրենի Օրգով գյուղի գերեզմանատանը: ՀՀ նախագահի հրամանագրով կրտսեր սերժանտ Հայկ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Հայկին ճանաչողների համար հարվածը ծանր էր: Դժվար է համակերպվել բարի, համբերատար, ցանկացած հարցում օգնության պատրաստ հարազատի կորստի հետ: Իսկ Հայկն իրոք հարազատ էր դարձել իրեն նույնիսկ շատ կարճ ժամանակ ճանաչած յուրաքանչյուրի համար:

Հայկի հիշատակը հավերժացնելու համար օրերս Օրգովի միջնակարգ դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակն անվանակոչվել է կրտսեր սերժանտ Հայկ Խաչատրյանի անունով: Դասասենյակի մի հատվածում նրա Փառքի անկյունն է` լուսանկարներ, պատվոգրեր, անձնական իրեր: Վերջին իրադարձություններից տպավորված` աշակերտուհիներից մեկն էլ բանաստեղծություն է գրել` նվիրված Հայկին:

Դպրոցի տնօրեն Հովհաննես Տոնոյանն ասում է.

-Հայկը բանիմաց, լավ երիտասարդ էր: Նա մեր դպրոցում չի սովորել, սակայն Օրգով գյուղում գրեթե բոլորը ճանաչել են նրան, մտերմություն արել: Դասարանի անվանակոչությամբ մի փոքր մեղմացնում ենք ծնողի սրտի կսկիծը, մեր սովորողներին էլ ցույց ենք տալիս, որ երբեք չպետք է մոռանանք Հայկին և նրա նմաններին, որ զոհվել են մեր այսօրվա և վաղվա խաղաղության համար: Ե՛վ դասաժամերին, և՛ պարզապես զրույցների ժամանակ երեխաներին պատմում ենք Հայկի, մեր մյուս տղաների մասին, ներկայացնում ենք նրանց հերոսական կերպարները: Այս դասասենյակից, դպրոցական նստարանից է սկսվում հայրենաճանաչողությունը, այստեղից են դառնում գեներալներ, բանակի և հասարակության համար պիտանի մարդիկ…

Աշակերտները պարբերաբար հավաքվում են ՆԶՊ դասասենյակում, ծանոթանում Հայկի մասին նյութերին: Հետո իջնում են բակ, ջրում, խնամում Հայկի հիշատակին տնկած եղևնին: Զոհվելուց հետո էլ Հայկը պայքարում է թշնամու դեմ, նա իր օրինակով սերունդներ է կրթում, հայրենիքի վաղվա պաշտպաններ:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1391) 26.05.2021 - 1.06.2021, Ճակատագրեր


27/05/2021