Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ԿՌՎԵԼ Է ՔԱԴԱՖԻԻ ԴԵՄ, ՈՐՊԵՍԶԻ ԳԻ՞ՐՔ ԳՐԻ

Ամերիկացի Մեթյու Վանդայկը, որը պահվել է լիբիական բանտում և ազատ արձակվելուց հետո կռվել է ապստամբների շարքերում, շուտով կվերադառնա տուն: Նա զանգահարել է իր մորը, ասել է, որ որ ապստամբներն իրեն ապահովել են անհրաժեշտ ամեն ինչով, իսկ այժմ գտնվում է Տրիպոլիի Radisson հյուրանոցում և մոտ երկու շաբաթից կվերադառնա: Մինչ այդ նա նորից կայցելի Սիրտ քաղաք, ուր գտնվել է Քադաֆիի սպանության պահին:

ԱՄՆ-ՈՒՄ ՎԹԱՐՎԵԼ Է F-15 ԿՈՐԾԱՆԻՉ

Նևադա նահանգում, Լաս-Վեգաս քաղաքից 160 կմ հեռավորության վրա կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C Eagle ինքնաթիռը: Կործանիչն ընկել է անապատի տարածքում, օդաչուն հասցրել է ինքնանետվել և փրկվել: Առայժմ թռիչքի բնույթի, վթարի պատճառների վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն:

ԻՍՐԱՅԵԼՑԻ ԶԻՆՎՈՐԸ ԿՓՈԽԱՆԱԿՎԻ 25 ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Իսրայելի իշխանությունները համաձայնվել են Կահիրեի բանտերից մեկում պահվող իսրայելցի ենթադրյալ լրտես Իլան Գրապելին փոխանակել իսրայելական բանտերում պահվող 25 եգիպտացիների հետ: ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի հետ համաձայնության գալու փաստը հաստատել է նաև Եգիպտոսը: Փոխանակումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ:

ԻՍՐԱՅԵԼՑԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՕԳՆԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Իսրայելի պաշտպանության բանակի (Ցախալ) մի շարք գեներալներ առաջարկել են իսրայելական բանտերից ավելի մեծ թվով պաղեստինցիների ազատել «Համաս» ծայրահեղական շարժման դեմ պայքարում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին աջակցելու նպատակով:
Ինչպես գրում է իսրայելական «Հաարեց»-ը, գեներալները առաջարկել են Հիլադ Շալիթի հետ փոխանակելու նպատակով ազատ արձակվող 1027 պաղեստինցի բանտարկյալներից բացի բաց թողնել նաև Աբասի ղեկավարած ՖԱԹՀ կուսակցության անդամներին:

ՍԿՍՎԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍԵՐՆԴԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՈՄԱՅԻՆ ՍՈՒԶԱՆԱՎԻ ԸՆԹԱՑԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Սկսվել են 955 «Բորեյ» նախագծի սերիական արտադրության առաջին ատոմային սուզանավի` «Ալեքսանդր Նևսկիի» գործարանային ընթացային փորձարկումները: Առաջին կարգի կապիտան Վասիլի Տանկովիդի ղեկավարությամբ սուզանավը դուրս է եկել Սպիտակ ծով: ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմում նախապես ձևավորվել է անձնակազմ, որը լրացուցիչ պատրաստություն է անցել Օբնինսկի ուսումնական կենտրոնում:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ 60 ՏՈԿՈՍԸ

Քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր Ստուդենեկինը հայտնել է, որ ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու համար Ռուսաստանին մնացել է ոչնչացնել երկրի զինանոցում պահվող քիմիական զենքի պաշարների շուրջ 40 տոկոսը:
Սկզբնապես նախատեսվում էր ողջ աշխարհում քիմիական զենքի պաշարները ոչնչացնել մինչև 2012թ.: Սակայն գործընթացի դժվարության հետ կապված նոր վերջնաժամկետ է սահմանվել 2015թ. դեկտեմբերի 31-ը:

ԻՐԱՔՈՒՄ ԿՄՆԱ 150 ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

ԱՄՆ-ը և Իրաքը չեն կարողացել համաձայնության գալ, որը թույլ կտար ամերիկյան հիմնական զորախումբը դուրս բերելուց հետո Իրաքում թողնել մի քանի հազար ամերիկյան զինծառայողներ հատուկ օպերացիաների և վարժանքների մասնակցելու համար: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցել է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի հետ, սակայն որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Հայտնի է, որ ամերիկյան զորքերը Իրաքից դուրս կբերվեն մինչև այս տարվա վերջ, իսկ 2012թ. այնտեղ կմնան ամերիկյան 150 զինծառայողներ: