Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈԼՈՐԻՍ ՋԵՐՄ ՄՏԱԾՈՒՄՆԵՐԸ ՁԵԶ ՀԵՏ ԵՆ…



ԲՈԼՈՐԻՍ ՋԵՐՄ ՄՏԱԾՈՒՄՆԵՐԸ ՁԵԶ ՀԵՏ ԵՆ...Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը ծնվել է Վրաստանի Ախալքալաք քաղաքում։ 1989-2001 թթ. եղել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության, արձակի բաժնի խմբագիր, 2000 թվականից` «Դրամատուրգիա» հանդեսի հիմնադիր-խմբագիր, 2001-2004 թթ. և 2012 թ. մարտի 1-ից առայսօր՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն է։ Խոդիկյանի ստեղծագործությունն արդիաշունչ է, խոհական։ Նրա պիեսները բեմադրվել են Երևանի Սունդուկյանի և Պարոնյանի անվան, Թբիլիսիի հայկական դրամատիկական, Թեհրանի ազգային, Նյուրնբերգի ազգային դրամատիկական, Ուլյանովսկի պետական դրամատիկական և մի շարք այլ թատրոններում։ «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի, Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ», ՀԳՄ ամենամյա՝ «Տարվա լավագույն պիեսի համար» մրցանակակիրն է, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Լավագույն սցենարի» մրցանակի, Գերմանիայում անցկացվող  «Պատմություններ առանց սահմանի» միջազգային դրամատուրգիական մրցանակաբաշխության 1-ին մրցանակի  և բազմաթիվ այլ հայրենական և միջազգային փառատոնների դափնեկիր է։

 

-Տիկի՛ն Խոդիկյան, պաշտպանության նախարարությունը արվեստի, սպորտի և այլ ոլորտների մեր վաստակաշատ ներկայացուցիչների համար պարբերաբար այցեր է կազմակերպում սահմանամերձ գոտիներ, դիրքեր: Դուք վերջերս մասնակցել եք այս այցելություններից մեկին։ Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

-Անկեղծ ասած՝ միակ ցանկությունս էր մեր տեսածների, զգացողությունների մասին անմիջապես վերադառնալուց հետո պատմելը, քանի որ, անգամ «վիթխարի», «հսկայական» բառերը բավական չեն՝ բնորոշելու համար այն կառույցները, որ մեզ ներկայացրին այդ օրը: Ես բառեր չեմ գտնի արտահայտելու այն պաշտպանվածության զգացողությունը, որ այդ օրը զգացինք այնտեղ՝ առաջնագծում։   Լինելով գրող՝ շատ էի ցանկանում գրել այդ ամենի մասին, բարձրաձայնել, սակայն մեզ բացատրեցին, որ պետք է խստորեն պահպանենք գաղտնիության ռեժիմը և շատ բաների մասին պարզապես չենք կարող խոսել հրապարակավ:

Այն, ինչ տեսա, իսկապես երևակայության սահմաններից դուրս էր։ Հենակետում ամրաշինական, ինժեներական աշխատանքներն իրենց մասշտաբներով աներևակայելի էին։  Իսկ ինչպիսի՜ խորագիտությամբ էին մեր ուղեկցորդները բացատրում մեզ ամեն ինչ և ի՜նչ տանտիրոջ հայացքով էին նայում այդ ամենին։ Իսկ մենք ի՜նչ հետաքրքրությամբ էինք դիտում ու լսում… Կարծեմ՝ ամեն մեկս մի քանի աչք պարտք էինք վերցրել ու այդպես էինք ուսումնասիրում մեր տեսածը։ Հնարավորություն ունեցանք ծանոթանալու զորանոցներին, նաև՝ խոհանոցային բաժնին, և ես, որպես խոհարարական հարցերում այսպես ասած՝ գիտակ մարդ, մանրամասն ծանոթացա օրապահիկներին, դրանց որակին ու բազմազանությանը։ Շատ տպավորված եմ։

Այնուհետև սարերի միջով ուղևորվեցինք դեպի երկրորդ հենակետը և այդտեղ հասկացանք, թե ինչպես է կառուցվում այդ իրապես հզոր կառույցը։ Մեզ՝ պատերազմի աղետ ու ավեր տեսած մարդկանց համար, սա իսկական սրտի բալասան էր։ Այս պահին, երբ խոսում եմ, գիտեմ, որ նման լայնամասշտաբ ամրաշինական աշխատանքներ շարունակում են իրականացվել մեր հանրապետության բոլոր կենսական նշանակության սահմանագոտիներում, և շնորհակալության զգացումով եմ լցված: Այսքանը՝  հակիրճ ու հպանցիկ այդ օրվա տպավորություններիս մասին:

-Պատերազմից հետո, թերևս, մեր հանրապետությունում չգտնվի այնպիսի մարդ, որ չի վերլուծել դրա հետ կապված իրողությունները, ինչ-որ չափով չի վերարժևորել սեփական կյանքն ու չի փոփոխվել ներքուստ։ Սա առավել ևս վերաբերում է ստեղծագործող մարդկանց, որոնք մեր կյանքի «ընկալիչներն» ու «վերլուծաբաններն» են։ Ի՞նչ փոփոխություն բերեց այս պատերազմը Ձեր ստեղծագործական կյանքում։

-Եթե մեկն ինձ ուզենա պատժել, ձեռքիցս կվերցնի գրիչը. սա շնչելու պես մի բան է ինձ համար… Պատերազմից հետո տարի ու կես ոչինչ չեմ գրել։ Խմբագրում էի «Գրական թերթը», թարգմանություններ էի անում, բայց հենց ուզում էի գրել, ձեռքերս սկսում էին դողալ։ Եվ միայն տարի ու կես անց գրեցի մի պատմվածք՝ «Արթնացում», որը պատմում է պատերազմական օրերից մի օր իմ ապրած ամենամեծ շոկի մասին: Գրողների միությունում զինվորական պաշտպանիչ ցանցեր էինք գործում այդ օրերին՝ մի փոքրիկ գործ, որ ստանձնել էինք և որով մի կողմից փորձում էինք մեր հնարավորությունների սահմաններում օգտակար լինել ռազմաճակատին, մյուս կողմից՝ սա դիմանալու և դիմակայելու ճիգ էր… Մի օր, երբ գնացել էի ցանցերի համար կտորի հերթական չափաբաժինը գնելու, Սարյան փողոցով էի անցնում, անակնկալի եկա՝ սրճարանները բաց, ազատ սեղան չկա, հանկարծ հայացքս ընկավ սեղաններից մեկի մոտ նստած զույգին՝ թանկարժեք հագուկապով, սեղանին՝ նրբաճաշակ գինով բաժակներ… Քարացա. ասես ինչ-որ հեռավոր ու պատերազմ բնավ չտեսած մի երկրից լիներ այդ պատկերը։ Այդ օրը հասկացա, որ մենք պարտվել ենք, քանի որ նրանց դեմքին գրված էր. «Սա մեր պատերազմը չէ»… Այդ պատմվածքից հետո, ինչպես ասում են, «շնչառությունս» ինչ-որ չափով բացվեց։ Հիմա աշխատում եմ վեպի վրա։ Մտահղացումը դեռ մի քանի տարի առաջ կար։ Հոգեբանական գործ է, որի հերոսների պատմությունները մեր օրերին ու  ապրածին են հյուսված, իսկ նրանց այսօրը հասկանալու «բանալին» հաճախ թաքնված է նրանց մանկության ապրումներում, վախերում ու բարդույթներում:

Պատերազմից հետո իմ մեջ ուժ գտա նաև 2021թ. «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի հետ կազմակերպելու «Պատմություններ պատերազմի մասին» խորագրով պիեսների շարքի գրական ընթերցումները: Իրական հերոսների կերպարների, դեպքերի, փաստերի հիման վրա մենք՝ դրամատուրգներս՝ Սամվել Խալաթյանը, Անահիտ Արփենը, Դավիթ Խաչիյանը, Արմենուհի Սիսյանը, Սամվել Կոսյանը, Հրաչ Բեգլարյանը… պատմում էինք պատերազմի մասին: Իսկ երբ ընթերցումներից մեկին անդամահատված ոտքերով պատերազմի մեր հերոսներից մեկը՝ շուշեցի երիտասարդը մտավ դահլիճ, աներևակայելի «հուզական հոսանքներ» անցան դահլիճով մեկ… Հաջորդ տարի փառատոնի համար հատուկ գրվեց պիեսների նոր շարքը՝ «Պատմություններ սիրո մասին» վերնագրով: Պատերազմից հետո այդ արհավիրքը դիմագրավելու, մարդ մնալու, մեր հետագա ուղին, ընթացքը հասկանալու համար ՍԵՐ էր պետք՝ Սեր բոլոր առումներով և իմաստներով: Անցկացրինք նաև այս շարքի ընթերցումները։

Հիմա աշխատում եմ վեպի վերջնական տարբերակի վրա: Վեպը պահանջում է միայն իրենով զբաղվել, շատ «խանդոտ է»: Այս ընթացքում պիես չեմ գրել, բայց վեպի տպագրվելուց հետո կվերադառնամ իմ դրամատուրգիային:

-Ձեր վեպի մասին խոսելիս նշեցիք, որ ծննդավայրը շատ կարևոր է հատկապես ստեղծագործող մարդու համար: Դուք ծնվել և մեծացել եք Ախալքալաքում: Ծննդավայրը ի՞նչ դրոշմ է թողել Ձեր ստեղծագործական կյանքի, ասելիքի, մոտեցումների վրա:

-Վեպի պատմություններից մեկում իմ ծննդավայրի անդրադարձը կա՝ ինքնատիպ ապրելակերպով, կենցաղով, մարդկային պարզ, բայց բազմաշերտ հարաբերություններով… Իսկ ընդհանրապես, իմ գրականության մեջ իր հաստատուն տեղն ունի իմ քաղաքը՝ իմ ապրած մանկությամբ ու պատանեկությամբ, այն փողոցն ու թաղը, որտեղ անցել են կյանքիս լավագույն տարիները: Մինչև օրս էլ բազմաթիվ նուրբ լարերով կապված եմ իմ ծննդավայր-քաղաքին: Պատմվածքներիս շարքը, որ կոչվում է «Մերոնք» կրկին ծննդավայրիս մասին է՝ քաղաքի սիրո, ատելության, ընկերության, վրեժխնդրության և բարեկամության մասին պատումներով:

-Դուք, բացի Գրողների միության «Գրական թերթի» գլխավոր խմբագիր լինելուց, նաև մեր հանրապետությունում եզակի «Դրամատուրգիա» հեղինակային հանդեսի հիմնադիր-խմբագիրն եք: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդում եք ժամանակակից հայ դրամատուրգիա:

-Եկող տարի լրանում է «Դրամատուրգիա» հանդեսի 25-ամյակը: Երբ 2000 թվականին հանդեսի անդրանիկ համարի շնորհանդեսն էինք անում, և ներկա էին մեր գրական ու թատերական աշխարհի շատ երախտավորներ, որոնցից շատերն այսօր, ցավալիորեն մեզ հետ չեն, շատերն ինձ հարցնում էին. «Իսկ երկրորդ համարը լույս տեսնելո՞ւ է»: Այս հարցն այն ժամանակ բնական էր հնչում, քանի որ, թվում էր՝ Հայաստանում դրամատուրգիա, որպես այդպիսին, չկա: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դրամատուրգիա կա, այն էլ այնպիսի դրամատուրգիա, որ շատ ասելիք ունի, և փաստացի, եկող տարի մենք կնշենք մեր «Դրամատուրգիա» հանդեսի 25-ամյակը, որի էջերում, իսկ 2018-ից հետո՝ նաև tatron-drama.am կայքում տպագրվել ու տեղադրվել են հայ ժամանակակից դրամատուրգների 500-ից ավելի պիեսներ:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասընթաց ունեմ՝ «Ժամանակակից հայ դրամատուրգիա», և առաջին իսկ օրը, երբ մտնում եմ լսարան և ասում եմ. «Մենք լավ դրամատուրգիա ունենք»,  ուսանողներիս աչքերում որոշակի թերահավատություն եմ տեսնում՝ «Կա՞ նման բան»։  Ու երբ դասընթացի ավարտին հարց եմ ուղղում նրանց. «Եվ ի՞նչ. հիմա՞ ինչ կասեք ժամանակակից հայ դրամատուրգիայի մասին», պատասխանում են. «Մեզ համար բացահայտեցինք, որ ունենք հայ ժամանակակից բարձրարժեք դրամատուրգիա»:

-Սա իրոք մեծ խնդիր է, քանի որ այն, ինչին մարդիկ ծանոթ չեն, թվում է՝ գոյություն չունի: Շատ կլսես՝ չկա հայ ժամանակակից արժեքավոր գրականություն, չկա երաժշտություն և այլն… Այս բացի պատճառը գուցե նաև որոշ չափով մենք՝ լրագրողներս ենք: Չէ՞ որ լուսաբանելը, մարդկանց տեղեկացնելը, որ այսինչ բանը կա, նաև ուշադրությունը այդ ուղղությամբ սևեռելը ևս կրթական աշխատանքի մի մասն է։ Իսկ դրա հակառակ բևեռում «տեղեկատվական ամենակերությունն»  ու  ցածրարժեք «արվեստին» ձգտելն է, ինչպես, օրինակ, էժանագին օճառային օպերաներն ու  սերիալներն են՝ իրենց ամբողջ հակադաստիարակչական պարունակությամբ:

-Այո՛, կա նման խնդիր: Տարիների ընթացքում, ցավոք, մեր մշակույթը լուսաբանող լրագրությունը կորցրինք: Ժամանակին մեր թերթերից, հանդեսներից յուրաքանչյուրն ուներ մշակութային բաժին և իր մշակութաբան-լուսաբանողը: Յուրաքանչյուր լրատվական հաղորդման ավարտին պարտադիր ամենաթարմ լուրերն էին մատուցվում հայ մշակութային կյանքից: Իսկ հիմա այստեղ հսկայական և խորացող ճգնաժամ կա: Սա նաև ռազմավարական խնդիր է. «Դատարկ տեղը ազատ չի մնում» ասացվածքն այս դեպքում շատ տեղին է։ Եվ շատ խնդիրներ ևս, օրինակ՝ զորքերում դեռևս հանդիպող որոշ կանոնադրային խնդիրներ, վստահաբար որոշակիորեն հետևանք են  նաև մշակութային թերուսության։

-Անցում կատարենք կանանց զինծառայությանը։ Թերևս լսել եք, որ արդեն հայ կանայք ևս հնարավորություն ունեն ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում, լիարժեք զինծառայություն իրականացնելու: Ի՞նչ կարծիք ունեք կանանց զինծառայության մասին:

-Նախ՝ խոնարհվում եմ նրանց առաջ, բոլոր այն կանանց, ովքեր զինվորականի ուղին են բռնել: Հիանում եմ նրանցով։ Մեզանում դա դեռևս կամ արտառոց է, կամ հերոսական քայլ է դիտվում: Սակայն գիտենք, որ Իսրայելում դա սովորական բան է, յուրաքանչյուրի՝ տղամարդ թե կին, պարտքն է Հայրենիքին ծառայելը: Նաև սա է պատճառը, որ այդ երկիրը դիմանում է տարբեր ժամանակակից մարտահրավերների:

Երկրի պաշտպանությունը բոլորիս գործն է: Ի վերջո, երբ գալիս է պահը, գենդերային խնդիրը վերանում է: Չմոռանանք, թե ինչ հերոսական աշխատանք էին կատարում հայ կանայք 1990-ական թթ. թեկուզ թիկունքում, ինչպես էին օգնում մեր հաղթանակին: Եվ քանի քանիսն էլ ռազմաճակատ գնացին: Ես այդ տարիներից հիշում եմ «Գարուն» ամսագրում իմ հեղինակած մի քանի հոդվածները հենց կին զինվորականների մասին, որոնց մեջ ոչ միայն խոհարարներ կամ  կապավորներ կային, այլև, օրինակ՝ հրաշալի դիպուկահարներ: Միայն մի բան կարող եմ ասել. սա շատ ճիշտ մոտեցում է, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ դժվարին ուղին ընտրած կանայք արժանապատվորեն ծառայեն: Նորից ասեմ, որ սա շատ անհրաժեշտ իրողություն է: Իսկ այն կանայք, ովքեր ընտրել են այս ուղին, միայն բոլորիս հարգանքին և խոնարհումին են արժանի:

-Ինչպիսի՞ն կուզենաք տեսնել մեր բանակը, մեր զինված ուժերը մոտ ապագայում:

-21-րդ դարին հարիր զենք-զինամթերքով և մարտական պատրաստվածության աստիճանով։ Եթե մեր առաջնագիծը, մեր հենակետերը տեսած չլինեի, այլ բաներ էլ կխնդրեի, կցանկանայի, բայց, քանի որ տեսել եմ, թե ի՜նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ, մնում է ընդամենը, որ մեր բանակը նաև իր կարգապահությամբ, ներքին կենսավարությամբ համապատասխանի լավագույն չափանիշներին:

-Ի՞նչ կուզեիք փոխանցել մեր զինծառայողներին՝ շարքային զինվորին, պայմանագրային զինծառայողներին ու սպաներին:

-Մեր բոլոր զինծառայողները՝ զինվորները, պայմանագրայինները, սպաները,  որտեղ էլ որ կանգնած լինեն՝ իրենց տան, բնակավայրի վերևում, թե իրենց  տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, պաշտպանում են նաև ինձ, իմ ընտանիքը, իմ թոռներին, իմ հարազատներին: Ի՞նչ կարող է այդ դեպքում ցանկանալ կինը, բացի նրանից, որ  իրենց մարտական պատրաստությամբ, արիությամբ, որի վրա ոչ մի կասկած չունեմ, սահմանին կանգնած անփորձանք ու ամուր լինեն: Մենք՝ բոլորս իրենց ենք նայում ու իրենց հույսով ենք մեր օրն սկսում ու ավարտում, և իրենց հետ են բոլորիս ջերմ մտածումները:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #14 (1527) 12.04.2024 - 19.04.2024, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


25/04/2024