Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մեր մասին

ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթը լույս է տեսել 1993թ. ապրիլի 1-ին: Այս օրը հայկական ուժերի շեշտակի գրոհով ազատագրվում է Քարվաճառը, և հայոց բանակի թերթը ծնվում է հաղթանակի հետ: «Զինվոր» անվանումով թերթը հիմնադրվել է ավելի վաղ` 1992 թվականի օգոստոսի 28-ին: ՀՀ պաշտպանության նախարարը հաստատել է թերթի կանոնադրությունը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիան նույն թվականի սեպտեմբերի թիվ 39/1 որոշմամբ գրանցել է թերթը: Մինչև 1994թ. հուլիս լույս է տեսնում շաբաթաթերթի ընդամենը 31 համար: Պաշտոնաթերթի լույսընծայումը կարգավորվում է 1994թ. օգոստոսից:

Ի սկզբանե խմբագրությունում գործում էին հետևյալ բաժինները` ռազմաքաղաքական տեղեկատվության և վերլուծության, զինծառայողների գաղափարական դաստիարակության և իրավական հարցերի, նամակների և սեփական թղթակիցների, գեղարվեստական ձևավորման: Առաջին երկու բաժինները հետագայում միավորվեցին և դարձան մեկ` ռազմաքաղաքական տեղեկատվության և զինծառայողների գաղափարական դաստիարակության բաժին:

Հիմնադրումից ի վեր «Հայ զինվորն» ունեցել է չորս գլխավոր խմբագիր: Թերթի առաջին 9 համարը լույս է տեսել Գագիկ Մանասյանի ղեկավարությամբ: Այդ ընթացքում թերթի անվանումը «Զինվոր» էր:

Այնուհետև, 1993թ. վերջերից մինչև 1999 թ. օգոստոսը, «Հայ զինվոր» վերանվանված թերթը ղեկավարել է Վրեժ Իսրայելյանը: 1999թ. օգոստոսից մինչև 2010թ. հունիսը «Հայ զինվորի» գլխավոր խմբագիրը եղել է Մհեր Հրաչյանը: 2010թ. հունիսից մինչև օգոստոսը թերթի գլխավոր խմբագիրն է եղել գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Այժմ թերթի գլխավոր խմբագիրն է գնդապետ Էդվարդ Ոսկանյանը։

Հետևելով թերթի հրապարակումներին` սկսած առաջին համարից, կարելի է ամբողջական պատկերացում կազմել հայոց բանակի ստեղծման հանգամանքների, կայացման ընթացքի և հաղթահարված դժվարությունների մասին: Սկզբնական շրջանում շեշտը դրված է եղել զորանոցաշինության, զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները լուսաբանելու վրա: Թերթի լույսընծայումից հետո բավականին երկար ժամանակ մինչև զինադադարի հաստատումը, որևէ անդրադարձ չի եղել զորքերի մարտական պատրաստությանը: Թերևս, դա բնական է. մարտական պատրաստության հիմքը դրվեց զինադադարից հետո:

Թերթի հիմնական խորագրերն են «Մատյան հիշատակաց», «Ազգային բանակ», «Հայք», «Հայ զինվորի հյուրասրահ», «Պատիվ ունեմ», «Զորակոչ», «Հայ հերոսներ» եւ այլն: