Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Վերջին չորս տարում Պակիստանն իր միջուկային սպառազինությունը համարյա կրկնապատկել է` 30-60 միավորից հասցնելով 100-110 միավորի: Այդպիսով՝ Պակիստանն առաջ է անցել Հնդկաստանից, որի միջուկային սպառազինության քանակը գնահատվում է 60-100 միավոր (defencetalk.com):

Իրաքի կառավարությունը երկրի ռազմաօդային ուժերը վերստեղծելու նպատակ ունի և հունվարի 26-ից բանակցում է Միացյալ Նահանգների հետ` 18 «F-16» ռեակտիվ կործանիչ գնելու շուրջ: Այս բանակցությունները դեռ չավարտված` Ֆրանսիան Իրաքին առաջարկել է իրենից գնել ֆրանսիական 18 «Միրաժ Ֆ-1» արդիականացված ինքնաթիռներ` վճարելով 1 մլրդ դոլար:
Առաջարկն ունի երկու հրապուրիչ կողմ. առաջինը գործարքի իրականացման սեղմ ժամկետն է. Իրաքն ինքնաթիռները կսկսի ստանալ արդեն այս տարվա վերջից: Երկրորդն այն է, որ իրաքցի օդաչուները ծանոթ են այս ինքնաթիռներին, քանի որ Սադամ Հուսեյնի իշխանության օրոք Իրաքի ՌՕՈՒ-ի զինանոցում էին հիմնականում ռուսական ու ֆրանսիական ինքնաթիռները:

ԱՄՆ-ը կիբերզինվորների նոր սերունդ պատրաստելու նպատակով հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում խոր գիտելիքներ ունեցող բարձրդասարանցիների և ուսանողների մրցույթ, որի արդյունքում ընտրվելու են 10000 տաղանդավոր երիտասարդներ: Այնուհետև ապահովվելու է նրանց հետագա կրթությունը, կապը գործատուների և ծանոթությունը ոլորտի ղեկավարների ու կառավարության անդամների հետ: Երիտասարդ մասնագետներն ապահովելու են ԱՄՆ-ի կիբերցանցի անվտանգությունը, որն արագորեն վերածվում է պետության գերակա ոլորտի (defencetalk.com):

«ՆԱՐՈՏ-ԿԱՐՈՏ» ՏԵՍԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Նարոտ-կարոտ». այս վերնագիրն է կրում «Սասուն» համույթի ռազմահայրենասիրական երգերի նոր տեսասկավառակը, որի շնորհանդեսը փետրվարի 3-ին տեղի ունեցավ պաշտպանության նախարարությունում` նախարար Սեյրան Օհանյանի անմիջական նախաձեռնությամբ:
Համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հեղինակած սկավառակում տեղ են գտել տասներկու հայրենասիրական երգ եւ մարտական պար: Համույթը ուղեւորվել է Արեւմտյան Հայաստան եւ յուրաքանչյուր գավառին բնորոշ երգ-երաժշտությամբ, պար ու տարազով ամբողջացրել տեսահոլովակների նկարահանումը:
Նման նախաձեռնությունների նշանակությունը հայ զինվորի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում կարեւորեց ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը եւ տեղեկացրեց, որ տեսասկավառակի մեծ քանակություն կառաքվի զորամասեր:

Ռուսական «ՌՍ-20Վ» «Վոյեվոդա» հրթիռը, որը ՆԱՏՕ-ի դասակարգմամբ կոչվում է «Սատանա», ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում մարտական հերթապահություն կիրականացնի մինչեւ 2026 թվականը: Փորձագետների կարծիքով, աշխարհում ամենահզոր այդ հրթիռի շահագործման ժամկետի երկարաձգումը ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման ու կրճատման նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններում Ռուսաստանի խոսքն ավելի «ծանրակշիռ» դարձնելու նպատակ է հետապնդում:

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունում աշխատում են 546 տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, այդ թվում` միջազգայնագետներ, քաղաքագետներ եւ սոցիոլոգներ, ինչպես նաեւ աշխարհի 76 լեզուների տիրապետողներ: Այս թիվը պատկերացում է տալիս Ռուսաստանի քաղաքական շահերի աշխարհագրական ընդգրկման մասին. գործնականում դա ամբողջ աշխարհն է:

ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻՆ

Հունվարի 31-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպեցին ԵՊՀ զոհված ազատամարտիկների մայրերին նվիրված մեծարման ցերեկույթ:
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դահլիճում հավաքվել էին համալսարանական ազատամարտիկների հարազատները, մարտական ընկերները, ուսանողներ: «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախագահ Գեւորգ Մելքոնյանը նշեց, որ միջոցառումը նպատակ ունի մեծարելու ԵՊՀ զոհված ազատամարտիկներին և նրանց մայրերին, ամրապնդելու բանակ-հասարակություն, բանակ-երիտասարդություն կապերը, բարձրացնելու երիտասարդության ռազմահայրենասիրական ոգին: