Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ



ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում այսօր առկա են բոլոր պայմանները ապագա սպաների մասնագիտական համակողմանի զարգացման, անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ձևավորման համար։ Զինվորականի մասնագիտությունն ընտրած երիտասարդները նաև ունեն բազմաթիվ հնարավորություններ և առավելություններ, օրինակ՝ Երևանում բնակարան ստանալու, ուսման տարիներին բարձր կրթաթոշակի շնորհիվ ֆինանսական անկախություն ունենալու։ Կուրսանտները կարող են իրենց իսկ ընտրությամբ զբաղվել տարբեր մարզաձևերով՝ ձեռնամարտից մինչև սուսերամարտ, լեռնագնացություն և այլն։ Բայց այս ամենի մասին ավելի լավ է իրենք՝ մեր ապագա սպաները պատմեն։

 

Ռազմական ակադեմիայի տարածքում շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում. կուրսանտների ճկունությունն ու ֆիզիկական ուժը կոփելու համար նախատեսված նոր մարզավան, վազքուղի է կառուցվում։ Մի հատվածում արդեն պատրաստ է հինգհարկանի շենքի բարձրությամբ աշտարակը՝ կուրսանտների լեռնագնացության հմտությունները զարգացնելու համար։ Պարապմունքի ժամին կուրսանտները մարզիչի հսկողությամբ և օժանդակությամբ մեկը մյուսի ետևից հաղթահարում են «բարձունքը»՝ ճարպկորեն կառչելով պատին ամրացված ելուստներից։ Առաջադրանքը հեշտությամբ ու հմտորեն կատարեց նաև ռազմական ակադեմիայի առաջին կուրսի կուրսանտ Օհան Թադևոսյանը, որ աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ։

-Տասներորդ դասարանն ավարտելուց հետո վճռել էի, որ կյանքս կապելու եմ ռազմական գործի հետ,- ասում է երիտասարդը։ -Սկզբում սովորել եմ ռազմամարզական վարժարանում, հիմա էլ ուսումս շարունակում եմ ռազմական ակադեմիայում։ Ցանկանում էի Հայրենիքիս համար պիտանի մարդ լինել ու ահա այստեղ եմ՝ ապագա մյուս սպաների հետ։ Իհարկե, դժվարություններ կան, բայց դրանք հաղթահարելով ենք մենք թրծվում որպես զինվորական։ Մի լավ խոսք կա. «Շատ քրտինք ուսման վայրում, քիչ արյուն՝ մարտադաշտում»։ Ցանկացած գործում ամենադժվարը քո մարմնի, մտքի ու ոգու սահմանափակումները հաղթահարելու ուժ գտնելն է, որ զգաս՝ իրականում շատ բանի ես ընդունակ։ Ես իմ ծառայության ընթացքում արդեն բազմաթիվ խոչընդոտներ եմ հաղթահարել ու պատրաստ եմ նոր բարձունքներ նվաճելու։ Առավել ևս, որ ակադեմիայում ուսումնառության պայմաններն իդեալական են։ Բացի բուն զինվորական գիտելիքներ ստանալուց, ուսումնասիրում ենք նաև մեր մտահորիզոնն ընդարձակող այլ առարկաներ, օտար լեզուներ՝ ֆրանսերեն, անգլերեն, հունարեն, իտալերեն, ադրբեջաներեն և այլն։ Մեզ դասավանդում են տարբեր բուհերի արհեստավարժ դասախոսներ։ Ուսման անբաժանելի մասն են կազմում նաև այցելությունները մեր երկրի տարբեր պատմամշակութային վայրեր, գրադարաններ, թատրոն, բալետ եւ այլն։

Նաև հնարավորություն ունենք զբաղվելու բռնցքամարտով, լողով, այլ մարզաձևերով։ Ինքս բոլորով զբաղվում եմ։ Սկզբում, անկեղծ ասած, մտածում էի՝ ինչի՞ս է պետք գալու սուսերամարտը, բայց մեր մարզիչը պարզաբանեց՝ սուսերամարտը ճարպկություն է զարգացնում, անգամ մտքի ճկունություն. կարողանում ես արագ հաշվարկել քայլերդ, որոշումներ կայացնել։

Մեր տասնութամյա տղաներին, որոնք դեռ չեն ծառայել կամ արդեն ծառայել են ու հիմա ցանկություն ունեն սպա դառնալու, կասեմ՝ դիմե՛ք ռազմական ակադեմիա։ Սա նաև հայ տղամարդու պատվի խնդիր է։

***

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԿուրսանտ Արսեն Մուրադյանին հանդիպում ենք մարզասրահում. առջևում համաբանակային մրցումներն են, և երիտասարդը մարզվում է, որ ռազմական ակադեմիայի պատիվը բարձր պահի։ Արսենը չորրորդ կուրսեցի է. հրետանավոր է դառնալու։ Ինչպես պարզվեց, մասնագիտական լավ առաջադիմությունից բացի, նաև լավ մարզիկ է.

-Փորձում եմ թե՛ մասնագիտական գիտելիքներով, թե՛ սպորտում միշտ առաջատար լինել։ Մինչև ռազմական ակադեմիա ընդունվելը զբաղվել եմ ըմբշամարտով։ Ակադեմիայում ուսման տարիներին մասնակցել եմ ձեռնամարտի, կրոսավազքի համաբանակային մրցումների, բարձր արդյունքներ եմ գրանցել՝ զբաղեցրել եմ 1-ին, 2-րդ տեղերը։

Մարզասրահում վարժասարքերի լայն ընտրանի կա։ Մի վարժասարքից մյուսին անցնելով՝ Արսենը շարունակում է.

-Սպորտը իմ տարերքներից մեկն է։ Առաջիկայում կրոսավազքի և քառամարտի մրցումներն են, որոնց պատրաստվում եմ լրջորեն ու ջանք չխնայելով։ Ցանկալի արդյունքի հասնելու համար մարզումները պետք է անընդհատ լինեն։ Թե՛ դիմացկունություն է պետք մշակել, թե՛ ուժ ու ճարպկություն։ Պարապմունքները հեշտ չեն, սակայն, եթե կա նպատակ և ամուր կամք, ամեն ինչի կարող ես հասնել։

Արսենը զինվորական գործը դեռ փոքրուց է սիրել։ Միշտ ձգտել է նմանվել իր հրետանավոր ազգականին։

-«Հրետանին պատերազմի աստվածն է» հայտնի խոսքը ինձ միշտ ոգեշնչել է, հասկացել եմ, որ հենց հրետանին է իմ զորատեսակը։ Ընդունվեցի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, որից հետո էլ թիվ մեկ նպատակս դարձավ սպա դառնալը։ Հիմա արդեն ռազմական ակադեմիան եմ ավարտում և շատ մոտ եմ երազանքիս իրականացմանը՝ ծառայության կանցնեմ զորքերում։

Ռազմական ակադեմիայում սովորելը նաև նյութական և ֆինանսական բարեկեցություն է ապահովում, ապագա սպաներին հնարավորություն է տալիս պլանավորել իրենց ընտանեկան կյանքը: Ուսման ընթացքում կուրսանտներին տրվում է բարձր կրթաթոշակ։ Իսկ ռազմական բուհն ավարտելուց հետո տրամադրվում է երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում։ 20 տարի ծառայելուց հետո ձեռք ես բերում բնակարանի սեփականաշնորհման վկայականը։

Արսենը վստահ է՝ զինվորականից ավելի պատվաբեր մասնագիտություն չկա, եթե այն նախ և առաջ որպես պատասխանատվություն ես դիտարկում:

-Պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրիս ընտանիքը պաշտպանության կարիք ունի։ Բանակը մեզ այդ առումով լայն հնարավորություններ է տալիս։ Հայրենիքը միայն խոսքերով չեն սիրում, մենք առաքելություն ունենք կատարելու: Սերը դեպի Հայրենիքդ պետք է ցույց տաս կատարածդ գործերով։ Ընդունվելով ռազմական ակադեմիա ու Հայրենիքին հավատարմորեն ծառայելու երդում տալով՝ մենք՝ զինվորական մասնագիտությունն ընտրած երիտասարդներս, մեր բաժին գործի մի մասն արդեն արել ենք:

***

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ Ռուբեն Աբրահամյանը սովորում է չորրորդ կուրսում։ Նա նույնպես հրետանավոր է դառնալու։

-Հայրս զինվորական է եղել, պատերազմների մասնակից է՝ առաջին Արցախյանից մինչև 44-օրյա պատերազմ,- ասում է Ռուբենը: -Տանկիստ է։ Երբ երեխա էի, հորս շատ քիչ էի տեսնում. ավելի շատ ծառայավայրում էր լինում, քան տանը։ Այնպես որ, զինվորականի առօրյան, կենսակերպն ինձ անծանոթ չէ։

Որպես ժամկետային՝ հրետանային զորամասում եմ ծառայել։ Այդտեղ էլ վճռեցի հրետանավոր դառնալ, քանի որ հրետանին ոչ թե սովորական զորատեսակ է, այլ մի ամբողջ գիտություն՝ հաշվարկներ, թռիչքի հետագծի որոշում, օդերևութաբանություն, ձգաբանություն, մթնոլորտային ճնշման, քամու ուղղության, արագության հաշվարկում և այլն, կարելի է ասել՝ բացի բժշկությունից, կենսաբանությունից, բոլոր գիտությունների տվյալներն անհրաժեշտ են հրետանավորին։

Մենք այստեղ՝ ռազմական ակադեմիայում, նախ և առաջ կարգուկանոնի ենք վարժվում։ Նաև համոզվում ենք, որ ուսման ընթացքում արդարության սկզբունքով են գնահատվում գործադրած ջանքերդ։ Բացի այդ, որքան լավ ես սովորում, այնքան ավելի բարձր կրթաթոշակ ես ստանում։ Առաջին կուրսում ուսանող կուրսանտն, օրինակ, առաջին կիսամյակում ստանում է 15000 դրամ։ Երկրորդ կիսամյակում՝ կախված առաջադիմությունից, կարող է ստանալ այդ գումարի եռապատիկը, քառապատիկը կամ հնգապատիկը։ Երկրորդ կուրսում մեկնարկային կրթաթոշակը 20000-ն է, երրորդում՝ 25-ը, իսկ չորրորդում՝ 30000-ը։ Հինգ տարվա ուսում ենթադրող մասնագիտությունների, օրինակ՝ կապավորների դեպքում, 35000-ն է եռապատկվում կամ հնգապատկվում։ Կուրսանտը ակամա գիտակցում է՝ լավ առաջադիմություն՝ ավելի լավ պայմաններ և գնահատանք։

Զինվորական մասնագիտությունը հայ տղամարդու համար միշտ էլ արդիական է,- վստահ է Ռուբենը։- Սա այն գործն է, առանց որի որևէ պետության խաղաղ ու ապահով գոյությունն անհնար է պատկերացնել.

Այս պայմաններում մենք մեր տունը պետք է ամուր պահենք-պահպանենք։ Մեր պապերն այստեղ են ծնվել, հազարամյակների միջով մեզ են հասցրել մեր Հայրենիքը։ Արժանի լինենք մեզ ժառանգած երկրին։ Յուրաքանչյուրս պարտավոր է Հայրենիքին տալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է անվտանգությունն ու խաղաղ ապագան ապահովելու համար՝ իր ուժը, նվիրումը, սերը։

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (1529) 1.05.2024 - 8.05.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/05/2024