Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՈՐՆ Է ԺՆԵՎՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԸ

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսում ձեռք բերված համաձայնությունների իմաստը հանգում է Ասադի վարչակարգի վախճանին. Փաստաթղթի եզրափակիչ մասում խոսք է գնում անցումային կառավարության մասին, որին պետք է հանձնվի ողջ իշխանությունը, և այս ուրբաթ կայանալիք «Սիրիայի բարեկամների» հանդիպման ընթացքում մասնակիցները կփորձեն լրացուցիչ ճնշում գործադրել Ասադի վրա:

ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ՔԵՆԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄՈՏ

Միջազգային Կարմիր Խաչի Քենիայի կոմիտեն հայտնել է, որ առնվազն 16 մարդ զոհվել ու մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է Սոմալիի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Գարիսսա քաղաքի երկու եկեղեցիների մոտ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով:
Ականատեսների վկայությամբ, դիմակավորված անձինք նռնակներ են նետել ու կրակ բացել կիրակնօրյա ժամերգության գնացող հավատացյալների վրա: Զոհվածների թվում են նաև երկու ոստիկաններ:

ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԴՈՒՄԱ ՔԱՂԱՔԸ

Սիրիական կառավարական զորքերի ստորաբաժանումները վերականգնել են վերահսկողությունը Դամասկոսից ընդամենը 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դումա քաղաքի, ինչպես նաև մայրաքաղաքի արևելյան արվարձանների նկատմամբ, որոնք վերջին երկու շաբաթների ընթացքում գտնվում էին գորհայինների ձեռքում:

ԹՈՒՐՔ-ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՐԿՈՒՍՏԵՔ ԶՈՐՔԵՐ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎՈՒՄ

Ի լրումն վերջին օրերին Սիրիայի հետ սահմանի մոտակայքում տանկերի, հրետանու և համազարկային կրակի կայանքների կենտրոնացման, Թուրքիան այս հատվածում վերատեղակայել է նաև «F-16» վեց կործանիչներ՝ իր այդ քայլը պատճառաբանելով վերջին շրջանում Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռների՝ երեք անգամ թուրքական սահմանին մոտենալու հանգամանքով, թեև Անկարան ընդունում է, որ օդային սահմանի խախտում այդուհանդերձ չի գրանցվել:

47 ԶՈՀ` ԼԻԲԻԱՅՈՒՄ ՄԻՋՑԵՂԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Օտարերկրյա լրատվամիջոցները հաղորդում են, որ Լիբիայի հարավ-արևելքում բռնկված հերթական միջցեղային զինված բախումների 5 օրերի ընթացքում արդեն զոհվել է 47 և վիրավորվել ավելի քան 100 մարդ, այդ թվում նաև՝ կանայք ու երեխաներ:
Կողմերը կիրառում են ծանր զինատեսակներ և նույնիսկ զրահատեխնիկա, իսկ կառավարական զորքերը չեն միջամտում բախումներին:

ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՍԿՍԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՌԴ արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում ՌԴ ներկայացուցիչ Գրիգորի Բերդեննիկովը հայտնել է, որ բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել իր դիրքորոշումը հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի նկատմամբ:

ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՊԿ-ԻՆ ԻՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Երկրի արտգործնախարարության տարածած հայտարարությունում ասվում է, որ այդ մասին հունիսի 20-ին համապատասխան նոտա է ուղարկվել ՀԱՊԿ քարտուղարություն, որում հստակ շարադրված են նման որոշման կայացման դրդապատճառները: Դրանք, սակայն, արտգործնախարարության հայտարարությունում չեն մանրամասնվել: