Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉ ՄԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ավելի քան 70.000 մարդ է մասնակցել մերձմոսկովյան Ժուկովսկում անցկացվող «Տեխնոլոգիաները մեքենաշինությունում-2012» միջազգային համաժողովին: Համաժողովի կազմակերպիչները հայտարարում են, որ ռուսաստանյան ու արտասահմանյան մասնագետների պնդմամբ, համաժողովը մեծապես նպաստել է ռուսաստանյան ու արտասահմանյան ընկերությունների համագործակցության ամրապնդմանը և նոր տեխնոլոգիաների փոխադարձաբար շահավետ փոխանակումներին:
Սակայն ռուսական պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների հետ զարմանալիորեն ոչ մի պայմանագիր չի կնքվել:

ԱՌԱՆՑ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ԷԼ ԿԶԱՐԳԱՆԱՆՔ

Ռուսաստանի և Բելառուսի միության պետքարտուղար Գրիգորի Ռապոտան հայտարարել է՝ «թեև Ուզբեկստանը կասեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, կազմակերպությունը կշարունակի զարգանալ»:
Ռապոտան, սակայն, դժվարացել է պատասխանել, թե այս իրավիճակն ինչ ազդեցություն կունենա ՀԱՊԿ ներքին զարգացման վրա: Նա միայն հիշեցրել է, որ ժամանակին Ուզբեկստանը նաև ԵՎՐԱԶԷՍ-ի անդամ էր, ապա լքեց նաև այդ կազմակերպությունը և պատմությունն այժմ կրկնվում է:

ՆԻԿՈԼԱՅ ՄԱԿԱՐՈՎԸ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՌԴ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԸ

ՌԴ նախագահի կարգադրությամբ ևս երկու տարով երկարաձգվել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի ծառայության պայմանագիրը:
Նիկոլայ Մակարովը, որ ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 7-ին, արդեն հատել է զինված ուժերում ծառայելու սահմանային տարիքը:
ՌԴ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի նախագահ Իգոր Կորոտչենկոն այս առնչությամբ հայտարարել է, որ խորհուրդը հույս ունի կառուցողական համագործակցություն հաստատել Մակարովի հետ` ի շահ երկրի պաշտպանունակության ամրապնդման: Նա օրինաչափ է համարել և ողջունել Մակարովի ծառայության ժամկետի երկարացման որոշումը, որն ընդունվել է «պետության ռազմական կազմակերպության վերափոխման ուղեգիծը շարունակելու համար»:

ՊՈՒՏԻՆԸ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ՑԱՄԱՔԱՅԻՆ ԵՎ ՕԴԱԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԸ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում կանցկացնի ցամաքային և օդադեսանտային զորքերի մասով սպառազինության պետական ծրագրի կատարման ընթացքին նվիրված խորհրդակցություն:
Դեռ 2010 թվականին որոշում էր ընդունվել մինչև 2020 թվականը ռուսական բանակի վերազինման համար հատկացնել 20 տրիլիոն ՌԴ ռուբլի գումար, որից 2,6 տրիլիոն ռուբլին ցամաքային ու օդադեսանտային զորքերի բաժինն է: Այդ գումարով պետք է 2020 թվականին զորատեսակներում նոր մարտական տեխնիկայի տեսակարար կշիռը հասցվի 70 տոկոսի:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՈՐ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ՍՏԵՂԾՈՒՄ

Մոլորակի կլիմայի գլոբալ ջեմացումն առավել է սրում պայքարը բնական ռեսուրսներով հարուստ Հյուսիսային բևեռի համար, ինչը պահանջում է նյութական լուրջ ներդրումներ:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ՌԴ պաշտպանության նախարարությունում շտապ կարգով մշակվում են Արկտիկայում պարեկելու համար նախատեսված նոր ինքնաթիռին ներկայացվող պահանջները. պատճառն առաջիկա տարիներին շահագործումից մի քանի տասնյակ «Ил-38» և «Ил-38Н» ինքնաթիռների դուրսգրումն է:

ՈՐՆ Է ԺՆԵՎՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԸ

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսում ձեռք բերված համաձայնությունների իմաստը հանգում է Ասադի վարչակարգի վախճանին. Փաստաթղթի եզրափակիչ մասում խոսք է գնում անցումային կառավարության մասին, որին պետք է հանձնվի ողջ իշխանությունը, և այս ուրբաթ կայանալիք «Սիրիայի բարեկամների» հանդիպման ընթացքում մասնակիցները կփորձեն լրացուցիչ ճնշում գործադրել Ասադի վրա:

ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ՔԵՆԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄՈՏ

Միջազգային Կարմիր Խաչի Քենիայի կոմիտեն հայտնել է, որ առնվազն 16 մարդ զոհվել ու մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է Սոմալիի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Գարիսսա քաղաքի երկու եկեղեցիների մոտ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով:
Ականատեսների վկայությամբ, դիմակավորված անձինք նռնակներ են նետել ու կրակ բացել կիրակնօրյա ժամերգության գնացող հավատացյալների վրա: Զոհվածների թվում են նաև երկու ոստիկաններ: