Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՐՈՒՄ ՉԻ ԱՅՐՎՈՒՄ, ՀԱՐՎԱԾԻՑ ՉԻ ՊԱՅԹՈՒՄ

Ռուսաստանյան «РТ-Химические технологии и композиционные материалы» հոլդինգը հրթիռահրետանային զինամթերքի համար ստեղծել է հրակայուն կոնտեյներներ: Արտաքին միջավայրում Ցելսիուսի 1.500 աստիճան ջերմության դեպքում նրանց ներսում ջերմաստիճանն առաջին 15 րոպեների ընթացքում չի գերազանցում 170 աստիճանը, իսկ հրթիռներն ու արկերը չեն պայթում երկհարկանի տան բարձրությունից ցած ընկնելիս: Այս բնութագրերը նկատելիորեն գերազանցում են ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացրած պահանջները:

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՏՔ՝ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՈՒՄ

Բրիտանական «The Sunday Times» հեղինակավոր պարբերականում հրապարակված «Ռուսական մատ՝ թուրքական ինքնաթիռը կործանած կոճակի վրա» հոդվածում համոզմունք է հայտնվում, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը թուրքական հետախուզական կործանիչը ոչնչացրել են ռուսաստանյան զինվորական մասնագետների օգնությամբ, եթե, իհարկե, ՌԴ զինվորականները չեն ոչնչացրել այն:

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԱՆԱՆԻ ՆՈՐ ՊԼԱՆԻՆ

Ընդիմադիր Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի ընդիմադիր խմբավորումները չեն ընդունի ազգային միասնության կառավարություն կազմավորելու վերաբերյալ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկը, եթե այն իր մեջ չներառի Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալու նախապայման:

ՆԱՏՕ-Ն ՉԻ ՁԳՏՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿՐԿՆԵԼ «ԼԻԲԻԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «չի կարծում, թե Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետություներից որևէ մեկն ախորժակ ունի կրկնելու «Լիբիական սցենարը» և վերստին հավաստիացրել է, որ Ժնևի կոնֆերանսում Ռուսաստանը հանդես է գալու Սիրիայի ներքին գործերին չմիջամտելու օգտին:

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶՈՐՔԵՐ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼ ՍԻՐԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ

Թուրքիան լրացուցիչ ուժեր, այդ թվում նաև զրահատանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ինչպես նաև զենիթահրթիռային համալիրներ է մոտեցնում Սիրիայի սահմանին: Անկարայի պնդմամբ, դա իրականացվում է Դամասկոսի կողմից հնարավոր սադրանքներին հակահարված տալու համար:

ՖԻՆՆԱԽՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ

ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկել է երեք տարվա ընթացքում նորակոչիկների թիվը կրճատել 10-ը, իսկ զինծառայողներին հավասարեցված անձանց թիվը` 20 տոկոսով: Հայտնելով այդ մասին, ֆինանսների նախարարի տեղակալ Տատյանա Նեստերենկոն հիշեցրել է, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս առաջարկել էր զինծառայողներին հավասարեցված անձանց թիվը երեք տարվա ընթացքում կրճատել 15 տոկոսով:

ԿԱՐԱՋԻՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալի դատավորները վերացրել են Բոսնիա-Հերցեգովինայում Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչի նկատմամբ ցեղասպանության կազմակերպման մեղադրանքը:
Այդպիսի պահանջով հանդես էին եկել Կարաջիչի փաստաբանները, որոնք, մատնացույց անելով նման մեղադրանքի անհիմն լինելը, պահանջել էին չփաստարկված համարել 1992 թվականին Բոսնիա-Հերցեգովինայում ցեղասպանություն իրականացնելու Կարաջիչին վերաբերյալ ներկայացվող մեղադրանքները: