Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՌԱՆՑ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ԷԼ ԿԶԱՐԳԱՆԱՆՔ

Ռուսաստանի և Բելառուսի միության պետքարտուղար Գրիգորի Ռապոտան հայտարարել է՝ «թեև Ուզբեկստանը կասեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, կազմակերպությունը կշարունակի զարգանալ»:
Ռապոտան, սակայն, դժվարացել է պատասխանել, թե այս իրավիճակն ինչ ազդեցություն կունենա ՀԱՊԿ ներքին զարգացման վրա: Նա միայն հիշեցրել է, որ ժամանակին Ուզբեկստանը նաև ԵՎՐԱԶԷՍ-ի անդամ էր, ապա լքեց նաև այդ կազմակերպությունը և պատմությունն այժմ կրկնվում է:

ՆԻԿՈԼԱՅ ՄԱԿԱՐՈՎԸ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՌԴ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԸ

ՌԴ նախագահի կարգադրությամբ ևս երկու տարով երկարաձգվել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի ծառայության պայմանագիրը:
Նիկոլայ Մակարովը, որ ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 7-ին, արդեն հատել է զինված ուժերում ծառայելու սահմանային տարիքը:
ՌԴ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի նախագահ Իգոր Կորոտչենկոն այս առնչությամբ հայտարարել է, որ խորհուրդը հույս ունի կառուցողական համագործակցություն հաստատել Մակարովի հետ` ի շահ երկրի պաշտպանունակության ամրապնդման: Նա օրինաչափ է համարել և ողջունել Մակարովի ծառայության ժամկետի երկարացման որոշումը, որն ընդունվել է «պետության ռազմական կազմակերպության վերափոխման ուղեգիծը շարունակելու համար»:

ՊՈՒՏԻՆԸ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ՑԱՄԱՔԱՅԻՆ ԵՎ ՕԴԱԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԸ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում կանցկացնի ցամաքային և օդադեսանտային զորքերի մասով սպառազինության պետական ծրագրի կատարման ընթացքին նվիրված խորհրդակցություն:
Դեռ 2010 թվականին որոշում էր ընդունվել մինչև 2020 թվականը ռուսական բանակի վերազինման համար հատկացնել 20 տրիլիոն ՌԴ ռուբլի գումար, որից 2,6 տրիլիոն ռուբլին ցամաքային ու օդադեսանտային զորքերի բաժինն է: Այդ գումարով պետք է 2020 թվականին զորատեսակներում նոր մարտական տեխնիկայի տեսակարար կշիռը հասցվի 70 տոկոսի:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՈՐ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ՍՏԵՂԾՈՒՄ

Մոլորակի կլիմայի գլոբալ ջեմացումն առավել է սրում պայքարը բնական ռեսուրսներով հարուստ Հյուսիսային բևեռի համար, ինչը պահանջում է նյութական լուրջ ներդրումներ:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ՌԴ պաշտպանության նախարարությունում շտապ կարգով մշակվում են Արկտիկայում պարեկելու համար նախատեսված նոր ինքնաթիռին ներկայացվող պահանջները. պատճառն առաջիկա տարիներին շահագործումից մի քանի տասնյակ «Ил-38» և «Ил-38Н» ինքնաթիռների դուրսգրումն է:

ՈՐՆ Է ԺՆԵՎՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԸ

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսում ձեռք բերված համաձայնությունների իմաստը հանգում է Ասադի վարչակարգի վախճանին. Փաստաթղթի եզրափակիչ մասում խոսք է գնում անցումային կառավարության մասին, որին պետք է հանձնվի ողջ իշխանությունը, և այս ուրբաթ կայանալիք «Սիրիայի բարեկամների» հանդիպման ընթացքում մասնակիցները կփորձեն լրացուցիչ ճնշում գործադրել Ասադի վրա:

ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ՔԵՆԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄՈՏ

Միջազգային Կարմիր Խաչի Քենիայի կոմիտեն հայտնել է, որ առնվազն 16 մարդ զոհվել ու մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է Սոմալիի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Գարիսսա քաղաքի երկու եկեղեցիների մոտ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով:
Ականատեսների վկայությամբ, դիմակավորված անձինք նռնակներ են նետել ու կրակ բացել կիրակնօրյա ժամերգության գնացող հավատացյալների վրա: Զոհվածների թվում են նաև երկու ոստիկաններ:

ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԴՈՒՄԱ ՔԱՂԱՔԸ

Սիրիական կառավարական զորքերի ստորաբաժանումները վերականգնել են վերահսկողությունը Դամասկոսից ընդամենը 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դումա քաղաքի, ինչպես նաև մայրաքաղաքի արևելյան արվարձանների նկատմամբ, որոնք վերջին երկու շաբաթների ընթացքում գտնվում էին գորհայինների ձեռքում: