Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՊԿ-ԻՆ ԻՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ



Երկրի արտգործնախարարության տարածած հայտարարությունում ասվում է, որ այդ մասին հունիսի 20-ին համապատասխան նոտա է ուղարկվել ՀԱՊԿ քարտուղարություն, որում հստակ շարադրված են նման որոշման կայացման դրդապատճառները: Դրանք, սակայն, արտգործնախարարության հայտարարությունում չեն մանրամասնվել:

Տաշքենդի այս քայլի հնարավորության մասին առաջին անգամ խոսեցին 2011 թվականի հոկտեմբերին, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներին առաջարկեց կողմնորոշվել կազմակերպությանը Ուզբեկստանի հետագա անդամակցության հարցում, քանի որ վերջինս «չի վավերացրել ռազմաքաղաքական միության կնքած և ոչ մի էական փաստաթուղթ»:

Փորձագետները Տաշքենդի որոշումն անակնկալ չեն համարում, սակայն համակարծիք են, որ այդ քայլը բավական ռիսկեր է պարունակում:
Ռազմավարական գնահատականների ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Կոնովալովի բնորոշմամբ, «Ուզբեկստանը ՀԱՊԿ-ում միշտ եղել է պրոբլեմային երկիր, չի համաձայնվել իր ներքին քաղաքականությանն արտասահմանից տրվող գնահատականներին, չի ցանկացել կատարել կազմակերպությանն անդամակցությանն առնչվող ծախսեր, մասնակցել համատեղ զորավարժություններին, իր ստորաբաժանումներն ընդգրկել ՀԱՊԿ միացյալ ուժերի կազմում»: Կոնովալովի համոզմամբ ՀԱՊԿ մյուս անդամ-պետությունները չեն հետևի Տաշքենդի օրինակին:

Քաղաքական փորձաքննությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Եվգենի Մինչենկոն հիշեցրել է, որ նախագահ Իսլամ Քարիմովը «մշտապես դեգերում է Ռուսաստանի ու Միացյալ Նահանագների միջև, իսկ նրա լարված հարաբերությունները հարևանների և մասնավորապես Ղազախստանի հետ վաղուց են հայտնի»:

Գրեթե բոլոր փորձագետները համակարծիք են, որ Ուզբեկստանի այս քայլը լուրջ ազդեցություն չի ունենա ՀԱՊԿ-ի հետագա ծրագրերի ու գործողությունների վրա, քանի որ Տաշքենդը վաղուց արդեն զուտ ձևականորեն էր կազմակերպության անդամ և որևէ գործուն դեր չուներ ՀԱՊԿ իրականացրած ձեռնարկումներում: Միաժամանակ բոլորը համոզված են, որ վաղ թե ուշ Ուզբեկստանը կվերադառնա ՀԱՊԿ, ինչպես մի անգամ արդեն եղել է:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


02/07/2012