Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱՆԱՎԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՍԻՐԻԱ

Ռուսաստանի Հյուսիսային, Բալթիական և Սևծովյան նավատորմերի մեկ տասնյակին մոտ ռազմանավ, միաժամանակ դուրս գալով բազավորման վայրերից, ուղևորվել է դեպի Սիրիական Տարտուս նավահանգիստ, որտեղ գտնվում է ՌԴ ռազմածովային ուժերի ռազմակայանը: Նրանց են միացել նաև Բալթիական նավատորմի «Ярослав Мудрый» պահականավը և օժանդակ այլ նավեր: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության, տեղի են ունենալու զորավարժություններ:

ՀԻՄԱ ԷԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ…

Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ ալ-Համզան «վաղաժամ» է որակել ՄԱԿ-ի և Արբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի պահանջը` Սիրիայում ստեղծելու ժամանակավոր կառավարություն: Ընդդիմության ներկայացուցիչը հայտարարել է, թե ժամանակավոր կառավարություն ձևավորելուց առաջ անհրաժեշտ է ստեղծել դրա համար անհրաժեշտ պայմաններ, սակայն չի մանրամասնել, թե որոնք են դրանք:

ԻՍՐԱՅԵԼԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԽՍՏԱՑՎԻ

Երկրի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում մշակել զորահավաքային համակարգի բարեփոխման ծրագիր, որը հնարավորություն կտա առաջիկա տարիներին զորակոչելու տասնյակ-հազարավոր ուլտրաօրթոդոքս հրեաների, հրեական կրոնական ուսումնարանների սաների և, հնարավոր է, հրեական պատմության մեջ առաջին անգամ` արաբ փոքրամասնության ներկայացուցիչների:
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ օրենքում կատարվող փոփոխությունների նպատակը երկրի պաշտպանության գործը պետության բոլոր քաղաքացիների միջև հավասար կիսելն է:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԶՈՐԱԽԱՂԵՐՆ ԱԶԴՈՒՄ ՀԱՎԵՐԻ ՁՎԱՏՎՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Մեկնաբանելով Ղրղզստանի խորհրդարանի «Հանրապետություն» խմբակցության պատգամավորներից մեկի այն հայտարարությունը, թե Իսիկ Կուլի մարզի Բալիկչի քաղաքի բնակչությունը գանգատվում է Կանտում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի ինքնաթիռների թռիչքների պատճառով հավերի ձվատվության անկումից և այն բանից, որ անասունները փախչում են արոտավայրերից, ՌԴ կենտրոնական զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Յարոսլավ Ռաշչուպկինը հայտարարել է, թե օկրուգի զորքերի հրամանատարությունն այդ մասին երբևէ որևէ գանգատ չի ստացել Կանտի ավիաբազային մերձակա բնակավայրերի բնակչությունից և որևէ կապ չի տեսնում զորախաղերի ու հավերի ձվատվության անկման, ինչպես նաև անասունների՝ արածելուց հրաժարվելու միջև:

ՖԻԶՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍԵՐԺԱՆՏ-ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

ՌԴ զինված ուժերի ֆիզպատրաստության վարչության պետը հայտարարել է զորամասերում ֆիզպատրաստության սերժանտ-հրահանգիչների հաստիքների ստեղծման մասին: Ռուսաստանյան բանակի բրիգադներում այսօր կան ֆիզպատրաստության մասնագետներ, իսկ սերժանտ-հրահանգիչներից յուրաքանչյուրն անձնակազմի հետ պարապմունքներ կանցկացնի ֆիզիկական պատրաստության մեկ ասպարեզում` ձեռնամարտ, արգելքների հաղթահարում, ատլետիկ պատրաստություն և այլն ու դաշտային հավաքների, զորախաղերի ժամանակ, ինչպես նաև առաջին գծում հրամանատարներին կօգնի կազմակերպելու ֆիզպատրաստության պարապմունքները:
Սերժանտ-հրահանգիչները կուսուցանվեն Սանկտ-Պետերբուրգի Ֆիզիկական կուլտուրայի զինվորական ինստիտուտում կազմակերպվելիք որակավորման բարձրացման դասընթացներում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Սահմանադրության ընդունումը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։, որը պետության կայացման գործընթացում շատ կարևոր երևույթ էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։ ՀՀ Սահմանադրությունը իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։

«ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 29-ին տեղի ունեցած ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակներում ՀՀ ԶՈՒ մի խումբ զինծառայողներ պարգեւատրվեցին ՀՀ պետական և գերատեսչական շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով ու թանկարժեք նվերներով: