Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԴԵԴՈՎՇՉԻՆԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՌԴ արևելյան զինվորական օկրուգի Մերձամուրյան երկրամասում տեղակայված զորամասերում 1.600 նորակոչիկ հաջողությամբ ավարտել է երիտասարդ մարտիկի դասընթացը, որը կազմակերպվել էր նոր` փորձնական եղանակով՝ նպատակ ունենալով բացառելու անձնակազմի շրջանում ոչ կանոնադրային հարաբերությունները:

ԻՏԱԼԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆԶԻՏԻՑ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրով Իտալիային թույլատրվում է Աֆղանստան մարտական տեխնիկա ու անձնակազմ տեղափոխելու համար օգտագործել Ռուսաստանի օդային տարածքը: Դրանով ՌԴ նախագահը վավերացրեց 2011 թվականի փետրվարի 16-ին Իտալիայի հետ կնքած պայմանագիրը օդային ճանապարհով սպառազինության տարանցիկ փոխադրման վերաբերյալ:

ՌԴ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ՏՈՒԺԻ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրոպայից եկող նոր ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդանշանները չեն ազդի ՌԴ պետական պաշտպանական պատվերի ֆինանսավորման վրա: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գումար կհատկացվի միայն այնժամ, եթե տվյալ ձեռնարկությունը պատրաստ կլինի կատարելու նման ծավալի պատվեր:
Մեդվեդևը միաժամանակ հիշեցրել է, որ պաշտպանական արդյունաբերության համալիրի ձեռնարկությունները պետք է մտածեն սպառազինության թողարկվող մոդելների արդիականացման մասին:

ԿՍՏԵՂԾՎԻ ՌՈՒՍ-ԻՏԱԼԱԿԱՆ ՊԱՐԵԿՈՂ ԻՆՔՆԱԹԻՌ

«Ֆարնբորո-2012» միջազգային ավիասալոնում երեկ նման պայմանագիր են ստորագրել «Рособоронэкспорт»-ը և իտալական մեքենաշինական «Finmeccanica» հոլդինգին պատկանող «Selex», «Galileo», «Selex Elsag» ընկերությունները: Այն կմշակվի ռուսաստանյան արտադրության ինքնաթիռների հիմքի վրա և կսարքավորվի իտալական արտադրության կապի, ուղղորդման ու ճանաչման իտալական համակարգերով ու «Finmeccanica»-ի կազմում գտնվող «WASS» ընկերության արտադրած թեթև տորպեդներով:

ՄՈՍԿՎԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԳՆԵԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱԹՍ-ՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՄԲԱՔԱՆԱԿ

Ըստ «Ֆարնբորո-2012» միջազգային ավիասալոնում ռուսական պատվիրակության մի բարձրաստիճան ներկայացուցչի, ՌԴ պաշտպանության նախարարությունում քննարկվում է արտասահմանյան արտադրության անօդաչու թռչող սարքերի լրացուցիչ խմբաքանակի գնման հարցը, որի շուրջ խորհրդակցություններ են ընթանում իսրայելական ֆիրմաների հետ:
Ժամանակին Ռուսաստանը «Israel Aerospace Industries» ընկերությունից գնել էր երկուական «Bird Eye-400», «Searcher Mk.2», ինչպես նաև «I-View Mk150» ութ անօդաչու թռչող սարք՝ այս ամենի համար վճարելով շուրջ 53 միլիոն ԱՄՆ դոլար:

ՌԴ-ՈՒՄ ԿՄՇԱԿՎԻ ԱՎԻԱՇՈՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՌԴ պաշտպանության նախարարությունն ու ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունն առաջիկայում կկնքեն բազային համաձայնագիր ավիաշոուներին ՌԴ ռազմաօդային ուժերի մասնակցության մասին, ինչն այլևս թույլ կտա խուսափել «Ֆարնբորո-2012» ավիասալոնում կազմակերպված շոուին ռուսաստանյան հռչակավոր «Русские витязи» խմբի մասնակցության տապալումից:

ԹՈՒՐՔՄԵՆԻԱՆ ՉԻ ԸՆԴԼԱՅՆԻ ՀՕՊ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՀ ՀԵՏ

17-տարյա ընդմիջումից հետո Թուրքմենստանը առաջին անգամ դիտորդի կարգավիճակով մասնակցել է Ղազախստանի Չոլպոն-Աթա քաղաքում կայացած ԱՊՀ հակաօդային պաշտպանության համակարգող կոմիտեի նիստին:
Երկրի հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ Բաշիմ Իշանկուլիևը հայտնել է, որ իր երկիրը շահագրգռված է մասնակցելու նման հանդիպումներին ու փաստաթղթերի մշակման աշխատանքներին, սակայն առաջիկայում մտադիր չէ հակաօդային պաշտպանության ասպարեզում ընդլայնել համագործակցությունն ԱՊՀ ՀՕՊ համակարգող կոմիտեի հետ: