Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ԿՈՆԳՈՅՈՒՄ ՔԱՂԱՔ ԵՆ ԳՐԱՎԵԼ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ապստամբական «М23» խմբավորման գրոհայինները գործնականում առանց դիմադրության գրավել են Ուգանդային սահմանակից և ռազմավարական կարևոր դիրք ունեցող Ռուտշուրու քաղաքը: Մինչ ապստամբների հարձակումը կառավարական զորքերն ու հատուկ նշանակության ջոկատները լքել են քաղաքը, իսկ սկսված հարձակման հետևանքով հարյուրավոր տեղացիներ վերջին օրերին ապաստան են գտել Ուգանդայում:

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՎԵՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ԶՈՀՎԵԼ

Աֆղանստանում տեղակայված միջազգային խաղաղապահ զորախումբը զինծառայողների հերթական խոշոր կորուստն է կրել երկրի հարավում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով: Ողբերգության մանրամասների և զոհվածների ազգային պատկանելության մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Իսկ նախօրեին իրականացված մի շարք ճանապարհային պայթյունների հետևանքով զոհվել էր 24 աֆղանցի, այդ թվում՝ ոստիկաններ:

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՎՐԱ

Պակիստանի հարավարևելքում գտնող Վազիրաբադ քաղաքի մերձակայքում տեղակայված զինվորական ճամբարի վրա իսլամ գրոհայինների իրականացրած հարձակման արդյունքում զոհվել է յոթ ու վիրավորվել ևս հինգ զինծառայող:

ԿՓՈՐՁԱՐԿՎԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Նիկոլայ Կորչունովը հայտարարել է, որ Ուլյանովսկով դեպի Աֆղանստան և հակառակ ուղղությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի ոչ ռազմական նշանակության բեռների տրանզիտ տեղափոխումը կսկսվի օգոստոսին: Մինչ այդ կփորձարկվի բեռների անարգել տեղափոխումն ապահովող փաստաթղթաշրջանառության համակարգը:
Օտարերկրյա զինծառայողները տրանզիտ բեռնափոխադրումներին չեն մասնակցելու:

«С-400»-ՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՆՎԻ

«Рособоронэкспорт»-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ թեև իրացման շուկան այժմ ուսումնասիրվում է, սակայն մինչև Ռուսաստանի զինված ուժերի պահանջարկի լրիվ բավարարումը Ռուսաստանը չի արտահանի С-400 «Триумф» զենիթահրթիռային համալիրներ:

ԱՍԱԴԸ ՉԻ ԸՆԿՐԿԵԼՈՒ

Դամասկոս ժամանած ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հետ հերթական բանակցություններից անմիջապես առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ «չի պատրաստվում ընկրկել իր ազգին նետված մարտահրավերի առջև», ինչպես նաև Միացյալ Նահանգներին մեղադրել է երկրում իրավիճակն ապակայունացնել փորձող «ավազակախմբերին» աջակցելու համար:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՍԻՐԻԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Վյաչեսլավ Ձիրկալնը հայտարարել է, որ զենքի մատակարարումները չեն վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայում ներքին իրադրությունը չի կայունացել: Նա միաժամանակ հստակեցրել է, որ մինչ այժմ Դամասկոսին սպառազինություն մատակարարվել է հին պայմանագրերի համաձայն:
Ձիրկալնը նաև հայտնել է Սիրիային 550 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 36 հատ Як-130 ինքնաթիռների վաճառքի մասին պայմանագրի սառեցման մասին: