Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԲԻՇՔԵԿԸ 201-ՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԴԻՄԱՑ ՓՈՂ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Ղրղզստանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Տալայբեկ Օմուրալիևը հայտարարել է ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի տեղակայման դիմաց վարձավճարի մեծացման մտադրության մասին:
201-րդ ռազմաբազան տեղակայված է երկրի չորս վայրերում, սակայն «Կանտ» ավիաբազան հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում և, որպես ՀԱՊԿ անդամ պետություն, Ղրղզստանն ինքն է հոգում վերջինիս կոմունալ ծախսերը՝ տարեկան վճարելով ավելի քան 300 միլիոն սոմ` շուրջ 400 միլիոն ՌԴ ռուբլի:

ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ ՈՒ ՀՕՊ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐՎԵՆ

ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնը, որ մի քանի օր առաջ հայտարարել էր, թե մինչ Սիրիայում իրավիճակի կայունացումը Ռուսաստանը դադարեցնում է Դամասկոսին սպառազինության մատակարարումն ու նոր գործարքների կնքումը, երեկ հստակեցրել է, որ ուղղաթիռների ու հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման մասին բոլոր պայմանագրերն ամբողջությամբ կատարվելու են:

ԿՐՈՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԴԱՌՆԱ

Սիրիական ազգային խորհրդի գլխավոր քարտուղարության անդամ Նաջիբ Գոբդանը հայտարարել է, որ սիրիական ընդիմությունը համակարծիք է Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիան կրոնական պետության չվերածելու մտքի հետ և կշարունակի մնալ աշխարհիկ ու ժողովրդավարական, ինչպես նաև ազգային, կրոնական, էթնիկ, մշակութային ու գաղափարական բազմակարծության ջատագով երկիր՝ հավելելով, որ այդ կարծիքին են նաև ընդիմությունում քաղաքական իսլամի հոսանքների ներկայացուցիչները:

ԴԵՄ ԵՆ ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Սիրիայի ընդիմությունը դեմ է հակամարտության կարգավորման Իրանի մասնակցությանը, քանի որ «այդ երկիրը բացառապես ապակայունացնող դեր է խաղում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում»:
Հայտարարելով այդ մասին, ընդիմադիր Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչ Բասմա Կոդմանին պնդել է, որ Իրանն աջակցում է իշխող վարչակազմին և փաստականորեն մասնակից է սիրիական ժողովրդի դեմ կատարվող նրա հանցագործություններին:

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍԻՐԻԱ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՓՈՐՁԸ

Սիրիական կառավարական ուժերը երեկ պետական սահմանի հինգ հատվածներում հետ են մղել Լիբանանից Սիրիա անցնելու նպատակով զինված ահաբեկչական խմբերի իրականացրած մի քանի հարձակումներ: Մարտերի ընթացքում վիրավորվել է մեկ սահմանապահ: Անհամեմատ մեծ են գրոհայինների կորուստները: Այդ միջադեպերից հետո լիբանանա-սիրիական սահմանի պահպանությանն են միացել նաև սիրիական բանակային ստորաբաժանումներ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՍԻՐԻԱՑԻՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավենեթհեմ Պիլլեյը հայտարարել է, որ պատրաստ է Միջազգային քրեական դատարանին հանձնել Սիրիայում զանգվածային սպանություններին մեղսակից անձանց անվանացանկը, որը նրան է տրամադրել Սիրիայի դեպքերը հետաքննող միջազգային հանձնաժողովը: Դրա անհրաժեշտության մասին նա հայտարարել է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Սիրիայի իրավիճակի քննարկման ժամանակ:

ՈՐՈՇԵԼ ԷՐ ՊԱՅԹԵՑՆԵԼ ՊԵՆՏԱԳՈՆՆ ՈՒ ԿՈՆԳՐԵՍԸ

Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի 26-ամյա բնակիչ Ռեզվան Ֆերդաուսին կառավարական շենքերի պայթեցման փորձի և ահաբեկչությանն օժանդակելու համար սպառնում է 17 տարվա ազատազրկում: Մինչդեռ, նախքան խոստովանական ցուցմունքներ տալը, նրան ներկայացված վեց մեղադրանքներով նախատեսվում էր 85 տարվա բանտարկություն: