Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է գարնանային զորակոչն ամբողջությամբ կատարելու մասին: Նորակոչիկներն այժմ զբաղված են համազորային պատրաստության պարապմունքներով:
Ապրիլի 1-ից հուլիսի 15-ը տևած գարնանային զորակոչի ընթացքում բանակը համալրվել է 155.000 նորակոչիկով, ինչը 20.000-ով գերազանցում է 2011 թվականի աշնանային զորակոչի ցուցանիշը:

2008-Ի ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՉԵՆ ԿՐԿՆՎԻ

ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հայտարարել է, որ շնորհիվ Աբխազիայում և Հյուսիսային Օսիայում տեղակայված ռուսաստանյան զորքերի, 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները, երբ Վրաստանի իշխանությունները միջազգային զինված բախում հրարեցին, այլևս չեն կրկնվի:

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՈՐՈՆՎԱԾ ՆԱՑԻՍՏԸ

Բուդապեշտում հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հունգարիայի Կասսա քաղաքի գետտոյի ոստիկանության պետ, 97-ամյա Լադիսլաուս Չիժիկ-Չատարին, որ հեռակա դատապարտվել էր մահվան՝ առնվազն 15.700 հրեայի ոչնչացմանը մեղսակցություն ունենալու մեղադրանքով:

«ՖԱՐՆԲՈՐՈ-2012». 72 ՄԻԼԻԱՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԳՈՐԾԱՐՔ

Կիրակի ավարտված բիրտանական միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսում կնքվել է 72 միլիարդ ԱՄՆ դոլարի գործարք: 578 ինքնաթիռների և ուղղաթիռների պատվերները 53 տոկոսով գերազանցել են նախորդ ցուցահանդեսի ցուցանիշը, սակայն չեն կարողացել հաղթահարել 2008 թվականի ավիասալոնի ռեկորդը, երբ կնքված գործարքների ընդհանուր արժեքը կազմեց 88 միլիարդ ԱՄՆ դոլար:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Թերմս գյուղի հրետակոծման ընթացքում սպանվել է «Սիրիական ազատ բանակի» առաջնորդներից Սալեհ Սուբաաին: Այդ մասին հայտարարել են Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդները, որոնք երկու օր գտնվում էին Թերմսում: Գյուղի գրոհը սկսվել էր հուլիսի 12-ի լուսադեմին: Հրետանային նախապատրաստությանը հետևել էր ցամաքային գործողությունը: Զինվորները խուզարկել էին բոլոր տները, որոնելով տղամարդկանց ու պահանջելով նրանց փաստաթղթերը, ապա մի մասին սպանել, մի մասին էլ գյուղից տարել էին: Ընդ որում դեռ պարզ չէ` Թերմսը գրոհել են կառավակա՞ն զորքերը, թե՞ աշխարհազորայինները:
Արևմտյան մամուլի պնդմամբ, հուլիսի 12-ին Թերմսում շուրջ 200 մարդ է զոհվել:

ԲԱՆԱԿԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄԵՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Հուսեյն Տանտավին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից մի քանի ժամ անց հայտարարել է, որ բանակը թույլ չի տա երկրում մեկ քաղաքական խմբի մենիշխանություն՝ նշելով, որ «Եգիպտոսը պատկանում է երկրի բոլոր քաղաքացիներին և ոչ թե մեկ քաղաքական խմբի»:
Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Եգիպտոսում բանակի դերի նվազեցման և իշխանությունը քաղաքացիական կառույցներին հանձնելու գործընթացը:

ՌԱԴԿՈ ՄԼԱԴԻՉԸ ՎԵՐՍՏԻՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

Բոսնիական սերբերի նախկին հրամանատար Ռադկո Մլադիչը հիվանդանոցում հետազոտվելուց հետո վերստին հայտնվել է Հաագայի դատարանի մեղադրյալի աթոռին:
Դատարանը հայտարարել է, թե բուժզննումը վկայել է, որ Մլադիչի առողջական վիճակը թույլ է տալիս շարունակել դատավարությունը:
Մլադիչը ժխտում է 1990-ականներին Բոսնիայի պատերազմի ընթացքում ցեղասպանության, զինվորական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու վերաբերյալ իրեն ներկայացված մեղադրանքները: