Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«ՖԱՐՆԲՈՐՈ-2012». 72 ՄԻԼԻԱՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԳՈՐԾԱՐՔ

Կիրակի ավարտված բիրտանական միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսում կնքվել է 72 միլիարդ ԱՄՆ դոլարի գործարք: 578 ինքնաթիռների և ուղղաթիռների պատվերները 53 տոկոսով գերազանցել են նախորդ ցուցահանդեսի ցուցանիշը, սակայն չեն կարողացել հաղթահարել 2008 թվականի ավիասալոնի ռեկորդը, երբ կնքված գործարքների ընդհանուր արժեքը կազմեց 88 միլիարդ ԱՄՆ դոլար:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Թերմս գյուղի հրետակոծման ընթացքում սպանվել է «Սիրիական ազատ բանակի» առաջնորդներից Սալեհ Սուբաաին: Այդ մասին հայտարարել են Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդները, որոնք երկու օր գտնվում էին Թերմսում: Գյուղի գրոհը սկսվել էր հուլիսի 12-ի լուսադեմին: Հրետանային նախապատրաստությանը հետևել էր ցամաքային գործողությունը: Զինվորները խուզարկել էին բոլոր տները, որոնելով տղամարդկանց ու պահանջելով նրանց փաստաթղթերը, ապա մի մասին սպանել, մի մասին էլ գյուղից տարել էին: Ընդ որում դեռ պարզ չէ` Թերմսը գրոհել են կառավակա՞ն զորքերը, թե՞ աշխարհազորայինները:
Արևմտյան մամուլի պնդմամբ, հուլիսի 12-ին Թերմսում շուրջ 200 մարդ է զոհվել:

ԲԱՆԱԿԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄԵՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Հուսեյն Տանտավին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից մի քանի ժամ անց հայտարարել է, որ բանակը թույլ չի տա երկրում մեկ քաղաքական խմբի մենիշխանություն՝ նշելով, որ «Եգիպտոսը պատկանում է երկրի բոլոր քաղաքացիներին և ոչ թե մեկ քաղաքական խմբի»:
Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Եգիպտոսում բանակի դերի նվազեցման և իշխանությունը քաղաքացիական կառույցներին հանձնելու գործընթացը:

ՌԱԴԿՈ ՄԼԱԴԻՉԸ ՎԵՐՍՏԻՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

Բոսնիական սերբերի նախկին հրամանատար Ռադկո Մլադիչը հիվանդանոցում հետազոտվելուց հետո վերստին հայտնվել է Հաագայի դատարանի մեղադրյալի աթոռին:
Դատարանը հայտարարել է, թե բուժզննումը վկայել է, որ Մլադիչի առողջական վիճակը թույլ է տալիս շարունակել դատավարությունը:
Մլադիչը ժխտում է 1990-ականներին Բոսնիայի պատերազմի ընթացքում ցեղասպանության, զինվորական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու վերաբերյալ իրեն ներկայացված մեղադրանքները:

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ

Թել-Ավիվը մտադիր է Եգիպտոսի սահմանին` Էյլաթ քաղաքի մերձակայքում տեղակայել հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը, որը նախկինում օգտագործվում էր միայն Պաղեստինի տարածքից արձակվող ինքնաշեն «Կասսամ» հրթիռների ոչնչացման համար:

ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱԽԱՂԵՐԻ ԱՇՈՒՆ

Ռուսաստան-Ուկրաինա օդադեսանտային և աերոմոբիլային զորքերի կազմով առաջին համատեղ զորախաղերը տեղի կունենան այս տարվա սեպտեմբերին՝ Լվովում: Նույն ամսին բելառուսական կողմի հետ համանման զորավարժություններ կանցկացվեն Տուլայում տեղակայված 106-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայում:

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻՅԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

ՌԴ ռազմաօդային ուժերի հեռագնա ավիացիայի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անատոլի Ժիխարյովն իր ամերիկացի գործընկերոջ հետ Միացյալ Նահանգների «Բարկսդեյլ» ավիաբազայում ամերիկյան կողմի հրավերով քննարկում է 2013 և հետագա թվականներին ՌԴ հեռագնա զինվորական ավիացիայի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածների հրամանատարության համագործակցության հեռանկարները: