Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ»



Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 29-ին տեղի ունեցած ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակներում ՀՀ ԶՈՒ մի խումբ զինծառայողներ պարգեւատրվեցին ՀՀ պետական և գերատեսչական շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով ու թանկարժեք նվերներով:

Մինչ գեներալների կողմից զինծառայողները կստանային իրենց պարգեւները, մարզահամերգային համալիրի սրահում ցուցադրվեցին բանակային կորպուսների կենտրոնական ենթակայության զորամասերի մարտական պատրաստության, ընթացքն ու` զինծառայողների բազմազան ու հետաքրքիր, դժվարին ու գրավիչ առօրյան ամբողջացնող լուսանկարներ: Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին հատուկ նշանակության բրիգադի անկյունը, որտեղ ներկայացված էին զինանոցում առկա զենքերը` միջին և մեծ հեռահարության դիպուկահար հրացաններ, տարատեսակ սառը զենք և այլն, նաև` օգտագործվող հանդերձանքը, կապի և դիտարկման մասնագիտական միջոցները: Տպավորիչ էր նաեւ ԶՈՒ ՄՊ վարչությունում 2009-2011 թթ. հրատարակված եւ զորքեր առաքված ռազմագիտական գրականությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` ՀՀ ԶՈՒ 2012 թ ուսումնական տարվա ձմեռային փուլի արդյունքներով լավագույն զորամիավորումների, զորամասերի եւ ստորաբաժանումների անձնակազմին արժանավայել գնահատելու, երիտասարդ սպաների դերը հայոց պետականության, բանակաշինության գործում արժեւորելու, ազգային արժանապատվության գիտակցումը որպես հայ սպայի ընդհանրական որակ խթանելու, ինչպես նաեւ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, զինվորական օրինակելի կազմակերպվածության, կարգապահության եւ մասնագիտական պատրաստության համար խրախուսելու նպատակով հանվեցին նախկինում տրված կարգապահական տույժերը, մի շարք զինծառայողների հայտնվեց շնորհակալություն, ուրիշները պարգեւատրվեցին մեդալներով եւ պատվոգրերով:

Մոտոհրաձգային գումարտակի ջոկի հրամանատար Տիգրան Հակոբյանը արժանացավ պատվոգրի մարտական պատրաստությունում ունեցած հաջողությունների համար: Նա նշեց, որ պարտադիր զինվորական ծառայությունը իր մեջ բացահայտեց զինվորական գործի ընդունակություններ, իսկ ջերմ հյուրընկալությունը նորանոր նվաճումների հասնելու եռանդով տոգորեց. «Որոշել եմ ծառայությունս շարունակել պայմանագրային հիմունքներով, ուժերս կներդնեմ մեր ժողովրդի անվտանգ ապագայի համար»:

Նույն գնդում են ծառայում եղբայրներ Մհեր եւ Սասուն Խաչատրյանները: Նրանք 5 տարի ուսանել են ՌԴ ինժեներային ռազմական ինստիտուտում, իսկ 2006թ. ծառայության են անցել: Վաշտի հրամանատար կապիտան Մհեր Խաչատրյանը պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգեւատրվեց «Գարեգին Նժդեհ» մեդալով: Ավագ լեյտենանտ Սասուն Խաչատրյանը «Ծովակալ Իսակով» մեդալի է արժանացել որպես լավագույն դասակի հրամանատար: Նա նշեց, որ իրենց համար ուղենշային է Արցախյան պատերազմում զոհված իրենց հոր` Սլավիկ Խաչատրյանի խոսքը. եթե ծառայությունը հանուն խաղաղության է, ապա միշտ հաղթող դուրս կգաս:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանների պաշտպանության ժամանակ հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը կասեցնելու, մարտական հերթապահության ժամանակ ցուցաբերած խիզախության, բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգեւատրվեց ջոկի հրամանատար ենթասպա Հովիկ Հայրապետյանը. «6-րդ տարին է՝ ծառայում եմ բանակում, վստահ կարող եմ ասել, որ հակառակորդի սադրիչ գործողությունները նվազեցնելու համար պետք է նրան շատ ավելի մեծ կորուստներ պատճառել: Մենք չենք կարող անհոգ նստել, երբ մեր դիմացինը հանդուգն գործողություններ է ձեռնարկում, մենք էլ պարտավոր ենք հմտորեն եւ հաջող կատարել մեր առաջադրանքը»:

«Ծառայում եմ հայրենիքիս»,- հպարտորեն ասում էին պարգևատրվածները, և նրանց խոսքը աներկբա էր դարձնում մի բան` մեր հայրենիքի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ,
ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ,
ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/07/2012