Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ 11 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ԶՈՀՎԵԼ

«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» ձախ արմատական ապստամբական խմբավորման գրոհայիններն ինքնաշեն հրթիռներով կրակ են բացել կառավարական զորքերի ստորաբաժանման վրա, որի արդյունքում, համաձայն բանակի հրամանատարության տարածած հաղորդագրության, զոհվել է 11 և վիրավորվել 2 զինծառայող:
Սա ապստամբների վերջին ամիսներին իրակացրած ամենախոշոր հարձակումն է:

ԹՌԻՉՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՕՊՏԻԿԱՅԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ռազմական նշանակության օպտիկական սարքերի արտադրության ասպարեզում Ռուսաստանը երկու տարում կվերացնի հավանական հակառակորդ պետություններից ունեցած խզումը:
Որպես ասվածի հավաստում, փոխվարչապետը «Twitter»-ի իր միկրոբլոգում զետեղել է Կալաշնիկովի ավտոմատի համար նախատեսված նորագույն փոքրիկ լազերային ցուցիչի ու ջերմատեսիլային սարքի լուսանկարը:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՆՎԱԶԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Անատոլի Կալմիկովը հայտարարել է, որ ընթացիկ տարում երեք անգամ նվազել են զինծառայողների հիվանդացության, այդ թվում նաև թոքաբորբի ու վարակիչ հիվանդությունների դեպքերը, իսկ հիվանդությունների բռնկում ընդհանրապես չի եղել:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԵՏԱՁԳԵԼ ՀՐԹԻՌԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

ԿԺԴՀ-ն հրաժարվել է ընդառաջել Եվրամիության խնդրանքին և հետաձգել այս տարվա ապրիլի առաջին կեսին նախատեսված գործողության հեռավոր շառավիղ ունեցող տիեզերական արբանյակով հրթիռի փորձարկումը, որը նվիրված է Կիմ Իր Սենի ծննդյան 100-րդ տարեդարձին:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի դիրքորոշումը և հայտարարել, որ նրանք սուտ տեղեկություններ են տարածում, որ իբր, ի խախտումն ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևի, Փխենյանը պատրաստվում է գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռ փորձարկել, և այն որակել են որպես «ԿԺԴՀ-ին տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքից զրկելու փորձ:

ԿԱՆԱԴԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱՏՕ-Ի ԵՐԿՈՒ ԾՐԱԳՐԵՐԻ

Կանադայի զինված ուժերը մտադիր են հեռավոր ռադիոլոկացիոն հետախուզության «AWACS» ինքնաթիռների և հետախուզական անօդաչու թռչող սարքերի օգտագործումից հրաժարվելու միջոցով խնայել շուրջ 90 միլիոն ԱՄՆ դոլար, ինչի մասին երկրի պաշտպանության նախարարը դեռ անցած տարեվերջին տեղեկացրել էր Պենտագոնին:
Կանադան, որ արդեն 25 տարի օգտագործում է «AWACS» համակարգը, մինչ այժմ հանդիսանում էր ՆԱՏՕ-ի օդային անվտանգության ապահովման ու ռազմական լրտեսության ծրագրերի երրորդ խոշոր հովանավորը:

ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՈՒ ՀԱԼԵՊՈՒՄ

Հալեպի հայաշատ Սուլթանիե բնակելի թաղամասում պայթուցիկ նյութով լի մեքենայի պայթյունն առնվազն զոհի, այդ թվում մեկ հայուհու ու 30 վիրավորի պատճառ է դարձել: Վերջիններիս թվում, ըստ տեղեկությունների, նույնպես հայեր կան: Սա Սիրիայում զինված հակամարտության սկզբից ի վեր առաջին խոշոր ահաբեկչությունն էր Հալեպում:
Եվս երկու զոհի պատճառ է դարձել Դամասկոսից 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող պաղեստինցի փախստականների ամենամեծ`պաշտոնական տվյալներով կես միլիոն բնակչություն ունեցող Յարմուկ ճամբարում իրականացված պայթյունը:

ԼԻԲԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ…

Լիբիայի արտգործնախարարն անուղղակիորեն ընդունել է Սիրիայում կառավարական զորքերի դեմ կռվող լիբիացի գրոհայինների գոյության փաստը` Թունիսի ու Եգիպտոսի արտգործնախարարների հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարելով՝ եթե Սիրիայում լիբիացի գրոհայիններ կան, ապա նրանք այնտեղ են մեկնել սեփական նախաձեռնությամբ. «Լիբիայի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի զբաղվելու ինչով ցանկանում է, և մեկնել՝ ուր ուզում է: Սակայն լիբիացիների մասնակցությունը Սիրիայում ընթացող մարտական գործողություններին դեռևս չի նշանակում, թե դա կատարվում է Լիբիայի կառավարության որոշմամբ»: