Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«ՆԱՏՕ-Ի ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ՄՈՌԱՑՎԱԾ ԶՈՀԵՐԸ»

Մեկնաբանելով իրավապաշտպան «Միջազգային համաներում» կազմակերպության «ՆԱՏՕ-ի հարվածների մոռացված զոհերը» զեկույցը, ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ համաձայն է զեկույցի եզրակացությունների հետ, և որ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը պետք է հստակ պարզաբանի, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել զինված գործողության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների պահպանման համար:

ՌԴ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐ ՉԵՆ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ

ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն չափանցված է համարել երկրի ուղղիչ-քրեական հաստատություններում վահաբականների ընդհատակյա կազմակերպությունների գոյության ու նրանց կողմից գրոհայինների զանգվածային հավաքագրման մասին լուրերը և հայտնել, որ թեև նման դեպքեր եղել են, սակայն համակարգված բնույթ չեն կրել:
Նման մեկ կազմակերպություն իսկապես հայտնաբերվել էր Ուլյանովսկի մարզի ուղղիչ աշխատանքային գաղութներից մեկում, ինչից հետո հատուկ ծառայություններն ազատազրկման վայրերում լուրջ քննություն էին սկսել:

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵԶՐԻ՞Ն

ՌԴ պաշտպանության նախարարության տեղորոշման ու օվկիանոսագրության գլխավոր վարչության նախկին պետ, ծովակալ Անատոլի Կոմարիցինը հայտարարել է, որ ռազմական քարտեզագրությունը վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանում գործանականում որևէ զարգացում չի ապրել ու աստիճանաբար կորցնում է բարձրակարգ մասնագետներին, որոնց միջին տարիքը վաղուց արդեն անցել է 60-ը:

ԲՈԼՈՐԻՑ ՇԱՏ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ԳՆՈՒՄ ԵՆ ԱՍԻԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համաձայն Համաշխարհային պրոբլեմների ուսումնասիրման ստոկհոլմյան ինստիտուտի վերջին հետազոտությունների, սպառազինությունների գնման ծավալներով Ասիան գերազանցում է աշխարհի մնացած բոլոր տարածաշրջաններին: Ասիական պետությունները գնում են աշխարհում վաճառվող զենքի ու սպառազինության ընդհանուր առմամբ 44 տոկոսն այն դեպքում, երբ Եվրոպային բաժին է հասնում 17, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներին` 11, իսկ աֆրիկյան պետություններին`գնումների ընդամենը 9 տոկոսը: Վերջին տարիների սպառազինության ներմուծման բացարձակ առաջատարը Հնդկաստանն է, որին հետևում են Հարավային Կորեան, Պակիստանը, Չինաստանն ու Սինգապուրը:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՐԵՎԱՆԻՆ

Հարավային Կորեան ԿԺԴՀ իշխանություններին մեղադրել է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ և գործողության հեռավոր շառավիղ ունեցող հրթիռների ստեղծման աշխատանքները շարունակելու մեջ` հայտարարելով, որ ապրիլին նախատեսված փորձարկումը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի մի մասն է և իրենից «լուրջ սադրանք» է ներկայացնում:

ՍԻՐԻԱՅԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐ ՉԿԱՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայի ափերի մոտ ռուսական ռազմանավերի մասին լուրերը և հայտնել, որ միայն Տարտուս նավահանգստում արդեն 10 օր գտնվում է քաղաքացիական անձնակազմ ունեցող «Իման» տանկերը, որը վառելիքով է ապահովում Ադենի ծովածոցում հակածովահենային գործողությունում ներգրավված Սևծովյան ու Հյուսիսային նավատորմի ռազմանավերին:

ԱՐՅՈՒՆԱԼԻ ՄԱՐՏԵՐ ՍԻՐԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Դամասկոսի կենտրոնական շրջաններից առավել ուժեղ պահպանվող ալ-Մեզեում, որտեղ տեղակայված է Սիրիայի անվտանգության ծառայության մի քանի օբյեկտ, ինչպես նաև զինվորական օդանավակայան, մարտի լույս 19-ի գիշերը դաժան մարտեր են սկսվել Բաշար Ասադին հավատարիմ կառավարական զորքերի և «Սիրիական ազատ բանակի» ստորաբաժանումների միջև: