Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

Ադրբեջանը հարավաֆրիկյան ընկերության հետ կարտադրի 20, 23 և 30մմ տրամաչափերի հատուկ հրանոթներ` զրահափոխադրիչների համար: Եթե գոյություն ունեցող հրանոթների փողերը բարձրանում են մինչև 45 աստիճանը, ապա նորերը` մինչև 90: Այդպիսով, դրանք կարող են խոցել նաև օդային թիրախներ:

Ադրբեջանի տեխնիկական համալսարանում բացվել է ֆակուլտետ, որը կադրեր է պատրաստելու պաշտպանական արդյունաբերության նախարարության (ՊԱՆ) համար: ՊԱՆ գիտատեխնիկական հետազոտությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռաֆիկ Հուսեյնովի խոսքով, ֆակուլտետում կուսուցանվի 5 մասնագիտություն, յուրաքանչյուրի գծով կբացվի 15 տեղ:

Սևաստոպոլում սկսվել է ՌԴ Սևծովյան նավատորմի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունը, որի ընթացքում նախատեսվում է մշակել փոխգործակցության կարգը խաղաղապահ օպերացիայի ժամանակ միասնական գործողություններ իրականացնելիս: Զորավարժությանը մասնակցում են մարտական 9 նավ, 8 մոտորանավ և օժանդակ նավ, 8 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, ավելի քան 50 միավոր տեխնիկա և 260 ծովային հետևակ: Մայիսի 26-ին կլինի նաև ցամաքային փուլը, որը ենթադրում է խաղաղապահ դեսանտի իջեցում նախանշված վայրում:

«ԱԼԻԳԱՏՈՐՆԵՐ»` ԶՈՐՔԵՐԻՆ

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հեռավորարևելյան հրամանատարության ենթակայության Չեռնիգովկայի ավիաբազան ԿԱ-52 Ալիգատոր 4 ուղղաթիռ է ստացել: Այժմ «Պրոգրես» գործարանում փորձարկումներ են անցնում ևս մի քանի միավոր «Ալիգատորներ»` նախատեսված նույն ավիաբազայի համար: Հավանաբար մինչև 2012թ. տարեվերջ ավիավազայի ուղղաթիռային ողջ կազմը կփոխարինվի ԿԱ-52-ներով:

ԱՄՆ-Ի ԱՏՈՄԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ

ԱՄՆ ատոմային անվտանգության ազգային ծառայությունը ներկայացրել է երկրի ատոմային ներուժի արդիականացման և ատոմային զենքի չտարածման կանոնների պահպանման ռազմավարական ծրագիրը: Ծառայությունը մտադիր է երկարացնել ռազմավարական և մարտավարական ատոմային սպառազինության որոշ տեսակների կիրառման ժամկետը և ռազմածովային ուժերի համար նախատեսված ատոմային կայանների նոր տեսակներ ստեղծել: Մասնավորապես, կարդիականացվեն W78 մարտագլխիկներն ու B61 ռումբերը, կերկարեցվի W76 մարտագլխիկի ծառայության ժամկետը, կմշակվեն ատոմային զենքի «ծերացման» գնահատման մեթոդիկա և մեխանիզմներ:

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է զգալիորեն ավելացնել անօդաչու թռչող ապարատների գնման ծավալները և առաջիկա 3-4 տարիների ընթացքում զորքեր մատակարարել տարբեր տեսակի առնվազն 1500 ապարատ: Ներկայումս Հնդկաստանն ունի իսրայելական արտադրության անօդաչուներ, իսկ երկրի ռազմական հետազոտությունների և նախագծումների կազմակերպությունը միջին բարձրություններում թռիչքի երկար տևողությամբ Rustom-H ապարատի ստեղծման աշխատանքներ է իրականացնում:

ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍ. «ՄԻ´ ԽԱԲՎԵՔ»

Ելույթ ունենալով երկրի համալսարաններից մեկի ուսանողների առջև` ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որը, ի դեպ, հունիսին թողնելու է այդ պաշտոնը, կոչ է արել պահպանելու զինված ուժերի մարտական հզորության բարձր աստիճանը և պաշտպանական բյուջեի կրճատման դեմ է արտահայտվել: Գեյթսը նշել է, որ ցանկացած պատերազմի ավարտին ԱՄՆ իշխանությունները փորձ են արել կրճատելու զինված ուժերը և նվազեցնելու դրանց մարտական հզորությունը` ենթադրելով, որ այլևս կարիք չի լինի կռվել համարժեք ուժ ունեցող օտարերկրյա թշնամու դեմ: