Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

Իրանի ԶՈՒ մայիսի 24-ին կհամալրվեն բալիստիկ հրթիռներով. այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:

ԶՈՒՐ ԾԱԽՍԵՐ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 320 միլիոն ֆունտ ստեռլինգ (520 միլիոն դոլար) է ծախսել տարբեր տեսակի զրահամեքենաների ստեղծման ծրագրերի վրա, որոնք հետագայում փակվել են: Դրա հետևանքով երկրի զինված ուժերը առնվազն մինչև 2024-2025թթ. զրահամեքենաների պակաս են ունենալու: Տարբեր տարիներին պաշտպանական բյուջեի միջոցների խնայողության նպատակով առաջին հերթին կրճատվել են զրահատեխնիկայի համար նախատեսված գումարները: Դրա շնորհիվ միայն 2005-2010թթ. խնայվել է մոտ 5,6 միլիարդ ֆունտ ստեռլինգ:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Եժելը երկրի քաղաքացիներին կոչ է արել համատեղ ուժերով կառուցել 58250 նախագծի կորվետ և այդ նպատակի համար նվիրաբերել է իր մեկ ամսվա աշխատավարձը:

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՌՄԲԱԿՈԾԻՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՄՆ պաշտպանության նախարարության գնումների և տեխնոլոգիաների վարչության ղեկավար Էշթոն Քարթերը հանդիպել է Northrop Grumman ընկերության և ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել է նոր սերնդի NGB ռմբակոծիչի ստեղծման հեռանկարները: Նախատեսվում է, որ նոր ինքնաթիռների ստեղծման և գնման ծրագրի վրա կծախսվի մոտ 40-50 միլիարդ դոլար: ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը մտադիր է NGB մեկ ինքնաթիռի համար վճարել 550 միլիոն դոլարից ոչ ավել:

ՌԴ հյուսիսային նավատորմի ռազմավարական նշանակության «Եկատերինբուրգ» ատոմային հրթիռային սուզանավը մայիսի 20-ին հաջողությամբ իրականացրել է «Սինեվա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում:

ՎԱՐԿԵՐ` ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿ

Ֆինանսական և վարկային հաստատությունների մոնիտորինգով զբաղվող գերմանական Facing Finance ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է, որ Deutsche Bank-ը վարկեր է տրամադրել կասետային ռումբեր արտադրող իսպանական Instalaza S.A. ընկերությանը, թեև Գերմանիան կասետային սպառազինության արգելքի վերաբերյալ կոնվենցիա է ստորագրել:

ԱՆԽԱԽՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը կգործի Իսրայելի հետ ստանդարտ համագործակցության սահմաններից դուրս, որպեսզի ապահովի և օժանդակի հրեական պետության ռազմական որակական առավելությունը: Հայտարարությունն արվել է հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի (կազմակերպությունը պաշտպանում է Իսրայելի շահերը) հետ հանդիպման ժամանակ: