Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

Թուրքական «Sarsilmaz» ընկերությունը պատրաստվում է ատրճանակներ արտահանել Ադրբեջան: Ներկայումս նա Ադրբեջան է արտահանում որսորդական հրացաններ:

Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում մայիսի 21-ին քննարկումներ են անցկացվել «Արտասահմանում սովորող ադրբեջանցիները և ադրբեջանականությունը» թեմայի շուրջ: Քննարկման նպատակն էր «ապահովել երիտասարդների ակտիվ մասնակցությունը նրանց ապագային վերաբերող հարցերի լուծման գործին»: Քննարկմանը մասնակցել են արտասահմանում սովորող ադրբեջանցիների հասարակական կազմակերպության անդամներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ:

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի խոսքով, 2012թ. վերջից Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինամթերքով լիովին կապահովի իր ԶՈՒ-ը: Ներկայում նախարարությանը ենթակա գործարաններում արտադրվում են 5.45մմ-30մմ տրամաչափի փամփուշտներ, այդ թվում` ականանետների ու նռնականետների զինամթերք: Այս տարվանից նախարարությունը սկսելու է աշխատել 85մմ-155մմ տրամաչափի զինամթերքի արտադրելու նախագծի վրա:

Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները շուտով կքննարկեն Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման պայմանագրի երկարաձգման հարցը: Վարձակալման ժամկետը լրանում է 2012թ. հունվարին: Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Բաքուն մտադիր է մի շարք պայմաններ առաջադրել ռուսական կողմին` վարձակալության ժամկետը երկարաձգելու դիմաց:

Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության պետի տեղակալ Վյաչեսլավ Կոնդրաշովը օրերս հայտարարեց, որ ի հեճուկս ԱՄՆ տեսակետի, ռուսական գլխավոր շտաբը համարում է, որ Իրանն ու Հյուսիսային Կորեան «հեռու են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծելուց»:
Գեներալը նշել է, որ Մոսկվայում ուշադրություն են դարձրել ՄԱԿ-ի գաղտնի զեկույցի մասին որոշ ԶԼՄ-ների հրապարակումներին, որտեղ ասվում է, որ նշված երկրները հրթիռային տեխնոլոգիաներ են փոխանակել: «Այդ տեղեկությունը համարում ենք բացարձակապես անընդունելի»,¬– ասել է Վ.Կոնդրաշովը:

Իրանում սկսվել է 105 և 125մմ-անոց գերձայնային կինետիկական հակատանկային «Սաքեբ» («Թափանցող, խոցող») արկերի զանգվածային արտադրությունը: Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիի խոսքով, արկի արագությունը 5 անգամ մեծ է ձայնի արագությունից: Արկն ունակ է խոցելու տանկերի բազմաշերտ զրահը, կես մետր թափանցելու նրա մեջ ու պայթելու: Այս ունակությունը արկը ձեռք է բերում կինետիկ էներգիայի հաշվին, որով օժտված է հակատանկային հրթիռի քթամասում տեղադրված ծանր միջուկը:

Իրանը ծրագրում է ստեղծել «երկիր-երկիր», «երկիր-օդ», «երկիր-ծով» տեսակի հեռահար զենիթահրթիռային համալիր: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Մայիսի սկզբին Իրանի ԶՈՒ համալրվել են հակատանկային և հակաուղղաթիռային նոր զինատեսակներով: Հակատանկային զենքն ունակ է գտնելու տանկի զրահի խոցելի տեղերը և դրանց վերևից հարվածելու: Իսկ հակաուղղաթիռային զենքն օժտված է լազերային նշանոցով, ինչը մեծացնում է թիրախի խոցման ճշգրտությունը: Այս զինատեսակների զանգվածային արտադրությունը արդեն սկսվել է: