Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ԱՐԲԱՆՅԱԿԸ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՎԵԼ ՏԻԵԶԵՐՔ

Հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող տիեզերական SBIRS համակարգի ամերիկյան GEO-1 առաջին արբանյակը, որն արձակվել էր այս տարվա մայիսի 7-ին, դուրս է եկել սահմանված ուղեծիր: Ներկայումս այն գտնվում է 35,4 հազար կմ բարձրության վրա: Առաջին տվյալները արբանյակը կսկսի փոխանցել հունիսի սկզբին:
GEO-1-ը նախատեսված է ոչ միայն բալիստիկ հրթիռների արձակումը հայտնաբերելու, այլև ինֆրակարմիր տիրույթում երկրի մակերևույթը դիտարկելու համար:

Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը բացասական կարծիք է արտահայտել «Т-90» տանկի մասին: Նրա խոսքով, այն չի բավարարում զինվորականների այսօրվա պահանջները և ավելի թանկ է, քան արտասահմանյան արտադրության համանման զրահապատ մեքենաները:

Այս տարվա երկրորդ կեսին Չինաստանը տիեզերք է արձակելու ազգային գլոբալ ուղեծրային կայանի առաջին բաղադրիչը` «Tiangong-1» մոդուլը, որը «Shenzhou-8» տիեզերանավի հետ միասին ցատկահարթակ կդառնա ուղեծրային կայանի ստեղծման համար: Կայանը ծրագրվում է ստեղծել 2020թ.: Դրանից հետո Չինաստանը մտադիր է ձեռնամուխ լինել Լուսնի, ապա նաև Մարսի յուրացմանը:

Ռուսաստանի Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովի և նույն ակադեմիայի վերլուծաբան Կոնստանտին Սիվկովի կարծիքով, համաշխարհային ցանկացած ֆինանսատնտեսական ճգնաժամ հանգեցնում է սոցիալ-քաղաքական ճգնաժամի և, ի վերջո, համաշխարհային պատերազմի: Բացառություն չէ 2009-2010թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամը:

Վրաստանի խորհրդարանի մայիսի 20-ին ընդունած օրենքի համաձայն` Վրաստանի հավատարմագրված բուհերի այն ուսանողները, որոնք 2007-2008թթ. գոնե մեկ անգամ ռեզերվային ծառայություն են անցել, կհամարվեն զինվորական ծառայություն անցած: Նրանք կստանան զինվորական «շարքային» կոչում և կհաշվառվեն պահեստազորում:

Ադրբեջանը հետաքրքրվում է թուրքական «Yuksel Savunma A.S» ընկերության արտադրած հեռակառավարվող դիտարկման համակարգերով: Դրանք օժտված են ջերմային և էլեկտրաօպտիկական խցիկներով, սենսորներով և լազերային հեռաչափով:

Թուրքական «Havelsan» ընկերությունը Ադրբեջանին որպես օգնություն կտրամադրի իր իսկ արտադրած հրետանային սիմուլյատորը` ուսումնական սարք և համակարգչային ծրագիր, որի միջոցով նմանակվում է հրետանու կրակի վարումը: Ընկերությունը նույնպիսի սիմուլյատոր կտրամադրի նաև Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Սիմուլյատորն արդեն իսկ գործածվում է Թուրքիայում և Պակիստանում: