Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

Ռուսաստանը ծրագրում է մինչև 2020թ. Սև ծովում իր ռազմանավերն ավելացնել 20-ով: Այսօր ՌԴ սևծովյան նավատորմը բաղկացած է 636-րդ նախագծի «Վարշավուհի» դասակարգման 3 սուզանավից և 2 հրետանային նավից: Ակնկալվում է, որ նավատորմը կհամալրվի ապահովման, ևս 3-4 հրետանային, ականազերծիչ նավերով և 3 կորվետներով:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ՆԱՏՕ-ՈՒԿՐԱԻՆԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան այս տարի կանցկացնեն 64 համատեղ միջոցառում: «Ուկրաինա-ՆԱՏՕ համագործակցության տարեկան ծրագրի» համաձայն` Ուկրաինայի իշխանություններն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները քննարկում են Սև ծովում Ռուսաստանի նավատորմի` Ղրիմում տեղակայվելու հեռանկարը, հակահրթիռային պաշտպանության, Մերձդնեստրի խնդրի կարգավորման, Ուկրաինայի էներգետիկ և տնտեսական անվտանգության և Ուկրաինայի հետախուզական ծառայությունների բարեփոխման հարցերը:

ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ

2 տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է դիմորդներ ընդունել երկրի 20 ռազմական բուհեր: Քննությունները կանցկացվեն հունիս ամսվա ընթացքում: Ընդհանուր առմամբ ծրագրվում է ընդունել 900 կուրսանտ:
Այսօր ՌԴ ՊՆ համակարգում գործում է 15 ռազմական ակադեմիա, 3 ռազմական ինստիտուտ, 15 ռազմական համալսարան և 17 ռազմական ուսումնարան, որոնցում կադրեր են պատրաստվում զինվորական 300 մասնագիտությունների գծով:

ՕՄՍԿՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԱՆՕԴԱՉՈՒ ՆՈՐ ԹՌՉՈՂ ՍԱՐՔ

Օմսկի պետական տեխնիկական համալսարանի գիտնականները ստեղծել են «ՊՊ-45» անօդաչու թռչող սարքը: Այն արդեն փորձարկվել է 300մ բարձրության վրա` 10մ/վ արագությամբ քամու պայմաններում և թռիչքի ընթացքում երկիր է ուղարկել տեսագրություններ:
«ՊՊ-45»-ի թռիչքի առավելագույն տևողությունը 2 ժամ է, առավելագույն արագությունը` 70կմ/ժ, օգտակար բեռը` 1.2կգ, ընդհանուր զանգվածը` 3.2կգ: Սարքն ունի երկու էլեկտրաշարժիչ: Իրանը կևլարից է (նյութ, որից զրահաբաճկոն են պատրաստում):

ՎՐԱՑ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՍԵՎ ԾՈՎՈՒՄ

Բաթումի ջրային տարածքում հունիսի 21-ին տեղի է ունեցել վրաց-ամերիկյան զորավարժություն: Ամերիկյան կողմից մասնակցել է ԱՄՆ ՌԾՈՒ «Մոնթերեյ» նավը (երկարությունը 173մ, անձնակազմը` 43 սպա և 323 նավաստի), վրացական կողմից` «P-101» նավը, որը նախատեսված է ափի պահպանության համար:

«Մոնթերեյն» արդեն մի քանի տարի է, ինչ Սև ծովում է` սևծովյան ավազանի երկրների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար:

ՄԻ´ ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ

Հայաստանի ԶՈՒ ավիացիայի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանի խոսքով, եթե Ադրբեջանն իր ռազմական ավիացիան զարգացնում է հարձակման համար, ապա Հայաստանը`՝ պաշտպանության։ Ադրբեջանը շեշտը դրել է սպառազինության քանակի վրա և մեծ միջոցներ է ծախսում ռազմական նոր տեխնիկա ձեռք բերելու համար: Սակայն դա արվում է ավելի շուտ քարոզչական խնդիրներ լուծելու, քան` ռազմական առավելության հասնելու նպատակով:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԾ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԵ ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆԸ ԴԻՄԱՆՈՒՄ Է 5 ՄԵՏՐԻՑ ԱՐՁԱԿՎԱԾ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԻՆՔՆԱՁԻԳԻ ԳՆԴԱԿԻՆ

Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում սկսել են արտադրել պոլիէթիլենից զրահաբաճկոններ: Դրանք, ինչպես մետաղյա զրահաբաճկոնները, դիմանում են 5 մետր հեռավորությունից արձակված` Կալաշնիկովի ինքնաձիգի և Տոկարևի ատրճանակից գնդակներին:
Մասնագետների կարծիքով, մոտ ապագայում պոլիէթիլենե զրահաբաճկոնները լիովին կփոխարինեն մետաղականներին: ԱՄՆ բանակում արդեն իսկ կեվլարե սաղավարտները փոխարինվում են պոլիէթիլենե սաղավարտներով: