Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

Բուլղարիայի պաշտպանության նախարարության հրապարակած վերազինման ծրագրի համաձայն՝ առաջիկա 10 տարիների ընթացքում նախատեսվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա գնել, այդ թվում՝ կործանիչներ, տեղորոշիչ համակարգեր ռազմածովային ուժերի համար, կապի միջոցներ և այլն: Այդ նպատակների համար կծախսվի 1,5 միլիարդ դոլար: Ծրագրում ներառված են 13 կարևոր նախագծեր, որոնցից առաջնահերթը բազմանպատակային կործանիչի ձեռքբերումն է: Գումարի գրեթե կեսը կհատկացվի հենց կործանիչների գնման համար:

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Չինաստանն ակտիվացրել է մարտական նոր ինքնաթիռների նախագծման և փորձարկման աշխատանքները: Այս տարվա հունվարին հայտնի դարձավ հինգերորդ սերնդի չինական կործանիչի` J-20-ի թռիչքային փորձարկումների մասին, իսկ օրերս համացանցում հայտնվեցին նաև J-15-ի` տախտակամածային ինքնաթիռի լուսանկարներ: J-15-ը տեղակայվելու է «Շի Լան» ավիակրի վրա, որի ընթացիկ փորձարկումները կսկսվեն մինչև այս տարվա վերջ:

ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Ռուսաստանի Դաշնության ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում ներդրվում է նոր սերնդի մարտական ղեկավարման ավտոմատացված համակարգ: Այն ապահովում է ռազմավարական սպառազինության կիրառման ծրագրերի օպերատիվ փոփոխություն և հրթիռների ապաուղղորդում: Ընդ որում, մարտական ղեկավարման հրամաններն անմիջականորեն հասցվում են մինչև հրթիռների արձակման կայաններ` շրջանցելով միջանկյալ օղակները, այդ թվում ատոմային ներգործության և ռադիոէլեկտրոնային ճնշման պայմաններում:

Կանադայի պաշտպանության նախարարությունը մտադիր է տարբեր տիպի 1500 ռազմական բեռնատար, մերձամարտի համար նախատեսված 108 մեքենա, պարեկային 500 զրահամեքենա և ինժեներական արգելափակման 13 մեքենա գնել: Այդ նպատակով կծախսվի 5 միլիարդ կանադական դոլար (5,26 միլիարդ ԱՄՆ դոլար): Բոլոր մեքենաները կգնվեն մրցույթի հիման վրա, որին կմասնակցեն BAE Systems, Daimler, Oshkosh, Renault, Textron և այլ ընկերություններ: Պայմանագիրը կնքելուց հետո առաջին մատակարարումները կսկսվեն 2015թ.:

Մարտի 24-ին Իրաքի պաշտպանության նախարարը պաշտոնապես ընդունել էր Machine-building Design Bureau (KMDB) ուկրաինական ընկերության 26 զրահապատ մարտական մեքենաները: Ապրիլի 20-ին արդեն «KMDB»-ն 8×8 BTR-4 զրահապատ մարտական մեքենաների առաջին խմբաքանակն ուղարկել է Իրաք: Ակնկալվում է, որ մնացած մեքենաները Իրաք կժամանեն մայիս ամսին:

Ապրիլի 10-ին Սիրիան տանկեր է տեղափոխել դեպի Բանիաս քաղաք: Այդ քայլը ուղղված էր ճնշելու նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմից դժգոհ ցուցարարներին: Անվտանգության ուժերի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով չորս մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են:

Նորվեգայի կառավարության լեյբորիստական ուժերը ձգտում են ֆինանսներ ձեռք բերել խորհրդարանից Kongsberg’s Joint Strike Missile (JSM) հրթիռների հետագա կատարելագործման համար: «JSM»-երը բարձր ճշգրտությամբ հրթիռներ են, որոնք նախատեսված են F-35 Lightning II Joint Strike Fighter (JSF) մարտական օդանավերի համար: