Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՄԵԿ ՕՐՈՒՄ ՇՈՒՐՋ 200 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Դամասկոսում ծանր մարտերը շարունակվել են ողջ գիշեր և երկու կողմերն էլ մեծաթիվ զոհեր ունեն, սակայն զոհերի հիմնական մասը խաղաղ բնակիչներ են: Զինված ընդիմությունը պնդում է, որ կառավարական ուժերը մայրաքաղաքում օգտագործում են տանկեր և հրետանի, և որ դեպի Դամասկոս են շարժվում նորանոր տանկային շարասյուներ:

ՌՈՒՄԲ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿ

ՌԴ Տյումենի մարզում իրավապահները փակել են 16 ինտերնետ-կայքեր, որոնցում հրապարակվում էին տնային պայմաններում ռումբերի, պայթուցիկ նյութերի, մասնավորապես տրոտիլի, վառոդի, հեկսագենի, բիկֆորդյան քուղի, ինքնաբռնկվող ու դյուրավառ խառնուրդների, ինչպես նաև թույնի ու թմրանյութերի պատրաստման տարբեր հանրամատչելի եղանակներ:

ՀՆԴԿԱՑԻՆԵՐԸ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ՔՇԵԼ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Կոլումբիայի հարավ-արևմուտքում գտնվող Կաուկա գավառում Նասա ցեղի հնդկացիները կառավարական զորքերի 100 զինծառայողի ստիպել են լքել իրենց ռազմակայանը: Դժգոհ լինելով բանակի և ապստամբական FARC խմբավորման միջև տևական ընդհարումներից՝ նրանք զինծառայողներին մինչև կեսգիշեր գավառից հեռանալու վերջնագիր են ներկայացրել: Զինվորական հրամանատարությունը հայտարարել է, որ հնդկացիների հետ հետագա բախումներից խուսափելու նպատակով որոշում է ընդունել ստորաբաժանումների ժամանակավոր վերատեղաբաշխման մասին:

ԱՄՆ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՓԱԿԵԼ ՀՈՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑԸ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանից պատասխան կպահանջի նավթի առևտրի գլխավոր զարկերակի` Հորմուզի նեղուցը փակելու յուրաքանչյուր փորձի համար, և թե Իրանը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրակցությունը Թեհրանին ու նրա հովանավորներին են համարելու նավագնացության յուրաքանչյուր խաթարման անմիջական պատասխանատու:
Պանետտան նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները հսկայական միջոցներ է ծախսել Պարսից ծոցում Իրանի ոտնձգություններից նավագնացության պաշտպանության համար և պատրաստ է դեպքերի ցանկացած զարգացման:

2018-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՏԻԵԶԵՐԱՆԱՎ

Նրանով հնարավոր կլինի իրականացնել երկարաժամկետ թռիչքներ, ինչպես նաև թռչել Լուսին: 2018-ին կսկսվեն նոր տիեզերանավի փորձարկումները: Հայտնելով այդ մասին, «Роскосмос»-ի ղեկավար Վլադիմիր Պոպովկինը նաև հայտարարել է, որ իրենք մտածում են դեպի Լուսին և ավելի հեռավոր ուղեծիրներ թռիչքների իրականացման մասին:
Նոր տիեզերանավը նախատեսված է վեց տիեզերագնացի համար և Ռեակտիվ-պարաշյուտային համակարգի շնորհիվ ընդունակ է տասը անգամ ավելի ճշգրիտ վայրէջք կատարել, քան «Союз» տիեզերանավը:

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՈՒՂՂԱԹԻՌ Է ՋԱԽՋԱԽՎԵԼ

Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ուղղաթիռը երեկ աղետի է ենթարկվել երկրի արևմուտքում: Վիրավորվել է երկու զինծառայող: Զորախմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում աղետի ճշգրիտ վայրն ու վիրավորված զինծառայողների ազգությունը չեն նշվում:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՒ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԾԵԾԿՌՏՈՒՔ ՍՏԱՎՐՈՊՈԼՈՒՄ

Կենցաղային հողի վրա ծագած ծեծկռտուքին, որի ընթացքում երկու մարդ է վիրավորվել, մասնակցել են Հարավային զինվորական օկրուգի 58-րդ բանակի 20 զինծառայողներ և նույնքան գյուղացիներ:
Այժմ զինծառայողներին արգելվել է լքել զորամասի տարածքը և երթևեկել սեփական ավտոմեքենաներով, իսկ գյուղ են մտցվել ոստիկանական լրացուցիչ ստորաբաժանումներ: