Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿԾԱՌԱՅԵ՞Ն ՌՈԲՈՏՆԵՐԸ ՌԴ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ

Մերձմոսկվայում երեկ սկսված ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարական հավաքի ժամանակ, որը ղեկավարում է զորատեսակի նոր գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը, ի թիվս այլ հարցերի կքննարկվեն նաև ցամաքային զորքերում ֆիզիկական նոր սկզբունքներով գործող զինատեսակների, ինչպես նաև ռոբոտների կիրարկման հնարավորությունները: Համազորային բրիգադների, զորատեսակների ու հատուկ զորքերի միավորումների շուրջ 150 հրամանատարների մասնակցությամբ ընթացող հավաքի ընթացքում կանցկացվեն նաև «Մինչ 2030 թվականը մարտական գործողությունների վարման փոփոխությունների լույսի ներքո մարտավարական օղակի համազորային միավորումների կառուցվածքի զարգացման հեռանկարները» և «Ցամաքային զորքերի մարտական պատրաստականության զարգացումը» թեմաներով ռազմագիտական կոնֆերանսներ:

ԻՐԱՆԸ ՆՈՐ ՀՐԹԻՌ ԿԱՐՁԱԿԻ

Իրանի ավիացիոն-տիեզերական տեխնոլոգիաների զարգացման կազմակերպության տնօրենը հայտարարել է, որ „Фаджр“ արբանյակի արձակումը տեղի կունենա մայիսի 23-ին:
Իսրայելյական մամուլն այս առնչությամբ վերստին հիշել է այն պնդումները, թե հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի փորձարկումն իրականում իրանական միջուկային ծրագրի մի մասն էր:

ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ

Ի պատասխան մի քանի օր առաջ ադրբեջանցի սահմանապահների սահմանամերձ Դավիթ Գարեջի վանքի տարածքի մի հատվածի նկատմամբ հաստատած վերահսկողության, ինչը վտանգեց վրաց-ադրբեջանական սահմանագծման հանձնաժողովի հետագա աշխատանքը, Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն պահանջել է շարունակել վանքի հետագա ճակատագրի շուրջ բանակցությունները, թեև խոստովանել է, որ այդ հատվածը խորհրդային տարիներին գտնվում էր Ադրբեջանի կազմում: Ընդ որում, ադրբեջանական նոր սահմանապահ պահակակետն ընդամենը Վրաստանի մայրաքաղաքից 60 կիլոմետր է հեռու և արգելակում է զբոսաշրջիկների մուտքը վանքի տարածք:

ԹԲԻԼԻՍԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ Թբիլիսին իր դաշնակիցների հետ պատրաստ է քննարկել ուժի չկիրառման վերաբերյալ ռուսաստանյան կողմի առաջարկները: Նա նշել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը պարտավոր են ստորագրել նման համաձայնագիր, և այժմ համապատասխան քայլեր պետք է կատարի ռուսական կողմը, որոնք Վրաստանը կքննարկի իր դաշնակիցների հետ:

ԻՐԱՆԸ ՀԵՏ Է ՄՂԵԼ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՀԱՐՁԱԿՈՒՄ

Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերը Կարմիր ծովը Ադենի ծոցին կապող Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցում կիրակի օրը հետ են մղել իրանական բեռնանավի վրա Սոմալիի 40 ծովահենների երկու հարձակում:
Իսկ ապրիլի 4-ին իրանական ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները Մալդիվյան կղզիների ու Աֆրիկյան մայրցամաքի միջև ընկած տարածքում հաջողությամբ իրականացրել էին բրազիլական դրոշի ներքո նավարկող և շաքարավազ տեղափոխող „Eglantine” բեռնանավը ծովահեններից ազատելու գործողությունը:

ՆԻԳԵՐԻԱՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԶՈՐՔԵՐ ԿՈՒՂԱՐԿԻ ԳՎԻՆԵԱ-ԲԻՍԱՈՒ

Երկրի պաշտպանության նախարար Հալիլու Մուհամադը հաստատել է, որ Նիգերիան մինչև մայիսի 18-ը 500-ից 600 զինվորական կուղարկի Գվինեա-Բիսաու, որտեղ ապրիլի 12-ին երկրի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ զինվորական հեղաշրջում էին իրականացրել և ձերբակալել պետության նախագահին, վարչապետին ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետին:

ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՅՆՆԵՐՆ ՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԸ

«The Washington Times» թերթի հավաստմամբ, Ռուսաստանը շուտով կստորագրի Տաջիկստանում ռուսական ռազմակայանների գտնվելու ժամկետը ևս 49 տարով երկարաձգելու պայմանագիրը: Մինչդեռ Տաջիկստանի իշխանությունները հույս ունեն, որ ՌԴ նոր նախագահ Վլադիմիր Պուտինը կմեղմացնի Մոսկվայի դիրքորոշումն ու ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարացման դիմաց էներգակիրների մատակարարմամբ կաջակցի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովի վարչակարգին: