Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՅՆՆԵՐՆ ՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԸ



«The Washington Times» թերթի հավաստմամբ, Ռուսաստանը շուտով կստորագրի Տաջիկստանում ռուսական ռազմակայանների գտնվելու ժամկետը ևս 49 տարով երկարաձգելու պայմանագիրը: Մինչդեռ Տաջիկստանի իշխանությունները հույս ունեն, որ ՌԴ նոր նախագահ Վլադիմիր Պուտինը կմեղմացնի Մոսկվայի դիրքորոշումն ու ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարացման դիմաց էներգակիրների մատակարարմամբ կաջակցի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովի վարչակարգին:

Անցած ամիս Դուշանբեում ռուսական համալսարանի մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, Մոսկվայի ու Դուշանբեի հարաբերություններն անվանելով «դաշնակցային», Ռահմոնովը նշել էր, որ այլ պետություններ ևս մրցակցում են Տաջիկստանում ռազմավարական ներկայության իրավունք ձեռք բերելու համար, և որ «իր աշխատասեղանին այդ պետությունների առաջարկների փաթեթներն են, որոնցում ռազմակայաններ տեղակայելու դիմաց վերջիններս ոսկե սարեր են խոստանում, սակայն մենք դրանք նույնիսկ չենք քննարկում»: Տաջիկստանի նախագահը, սակայն, չէր հստակեցրել, թե որոնք են «ոսկե սարեր» խոստացող պետությունները:

Ներկայում, Մոսկվայի ու Դուշանբեի միջև նկատվում է հարաբերությունների զգալի սառեցում, քանի որ Աֆղանստանից հեռանալ պատրաստվող Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն փորձում են 2014 թվականից հետո իրենց ռազմակայանները տեղակայել Կենտրոնական Ասիայի այլ հատվածներում, ինչին ամեն կերպ ընդիմանում է Ռուսաստանը: Պաշտոնական Վաշինգտոնը առայժմ պնդում է, թե այդ հարցի վերաբերյալ բանակցություններ չի վարում Կենտրոնական Ասիայի պետությունների հետ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


15/05/2012