Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սպառազինության արտադրությամբ և արդիականացմամբ զբաղվող Elbit Sistems իսրայելական ընկերությունը դատի է տվել Վրաստանի կառավարությանը և 100 միլիոն դոլար է պահանջում դեռ 2007թ. կնքված պայմանագրերի դիմաց: Հայցը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի արդարադատության բարձրագույն դատարան: Վրաստանը նախկինում ընկերությունից «Հերմես-450» անօդաչու ինքնաթիռ-հետախույզներ է գնել: 2008թ. Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Նյու- Յորք Թայմս» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելից գնված 40 անօդաչու ապարատները տրամադրվել են ոստիկանության և բանակի տարբեր ստորաբաժանումներին:

ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

Ամերիկյան Օշկօշ (Oshkosh) ընկերությունը ամերիկյան բանակի ավտոզրահատանկային տեխնիկայի և սպառազինության հրամանատարության հետ կնքած պայմանագրի շրջանակներում մինչև 2012թ. հոկտեմբեր պատվիրատուին կմատակարարի HET A1 270 բեռնատար: Գործարքի արժեքը կկազմի 119 միլիոն դոլար: Բեռնատարները կարող են մինչև 72 կմ/ժ արագություն բացել, մեկ լիցքավորմամբ անցնել 482 կմ: 500-ուժանոց դիզելային շարժիչով մեքենան կարող է մինչև 64 տոննա քաշով բեռներ տեղափոխել: Այս բեռնատարներն առավելապես օգտագործվում են զրահապատ տեխնիկա, օրինակ` «Աբրամս» տանկեր տեղափոխելու համար:

ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՆԿԸ

Սեպտեմբերին Նիժնի Տագիլում սպառազինության ցուցահանդեսի ժամանակ «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը գործողության մեջ կներկայացնի ռուսական նոր «Տ-90ԱՄ» տանկը: Նախնական փորձարկումների ընթացքում զինվորականները տանկի տեխնիկական տվյալների հետ կապված որոշակի թերացումներ են հայտնաբերել, որոնք այժմ վերացվել են: Մասնավորապես, հզորացվել է շարժիչը, փոխվել է փողը, տեղադրվել է բոլորովին նոր, պաշտպանված գնդացրային համակարգ: Մեքենան լրամշակվել է` հաշվի առնելով պաշտպանության նախարարության պատասխանատուների բոլոր դիտողությունները:

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԻ ԱՃ

2010թ. Իսրայելի ռազմական արտահանման ծավալը հատել է 7,4 միլիարդ դոլարի սահմանը: Վերջնական ճշտված տվյալները կհրապարակվեն լրացուցիչ ծառայությունների մատուցման պայմանագրերի տվյալները հաշվարկելուց հետո: Ամեն տարի Իսրայելի ռազմական արդյունաբերության համակարգի արտադրանքի շուրջ 80 տոկոսը արտահանվում է, ընդ որում՝ արտահանման ծավալը տարեցտարի աճում է, համեմատության համար նշենք, որ 2005թ. այն կազմել է 3,5 միլիարդ դոլար: Սակայն երկրի ռազմական արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ արտահանման ծավալը առաջիկա տարիներին կկրճատվի:

ԻՍՐԱՅԵԼԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԻՑ

Հանրահայտ Վիքիլիքս կայքի հրապարակած նյութերի համաձայն՝ դեռ 5 տարի առաջ Իսրայելը հրաժարվել է Իրանի ատոմային օբյեկտները ոչնչացնելու նպատակով ռազմական օպերացիա անցկացնելու գաղափարից: Լրատվամիջոցներին, մասնավորապես «Հաարեց» թերթին արդեն փոխանցված դիվանագիտական գրագրության մի մասը ԱՄՆ կոնգրեսական Գարի Ակերմանի և Իսրայելի ատոմային էներգետիկայի հանձնաժողովի պետի տեղակալ Արիել Լեվիտի հանդիպման արդյունքներն է արձանագրում: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ Լեվիտը հայտնել է, որ Իսրայելի ղեկավարությունը Իրանի դեմ ռազմական օպերացիան առավելապես անհնարին է համարում:

Ադրբեջանի Սալյանի շրջանից մինչև Հաջիքաբուլ ընկած տարածքում երկրակեղևը ճեղքվել է: Որոշ տեղերում ճեղքի լայնությունը հասնում է 2 մետրի: Ադրբեջանի ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի սեյսմոլոգիայի և երկրադինամիկայի բաժնի վարիչ Ֆահրեդդին Գադիրովի խոսքով, այդ մասին ահազանգել են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նշված տարածքի արևելյան մասը 5-10 սանտիմետրով իջել է ծովի կողմը: Որոշ տեղերում նկատելի են ցեխային հրաբուխներ: Բացի դրանից, Հաջիքաբուլում տեղի են ունեցել 3.5, 3.6 և 3.2 միավոր մագնիտուդով երկրաշարժեր:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 8-ին ընդունել է ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրենկ Բոլանդին: Հանդիպման ընթացքում Ֆրենկ Բոլանդը պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման արդյունքների վերաբերյալ նախնական դիտարկումները: Քննարկվել են նաև ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայմանն առնչվող հարցեր: