Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Փետրվարի 15-ին լրանում է քրդերի առաջնորդ Ապոյի (Աբդուլահ Օջալանի) բանտարկության 12-րդ տարին։ Սա Թուրքիայի քրդաբնակ շրջաններում բողոքի ու հուզումների հերթական ալիքն է բարձրացրել։ Բողոքի ցույցի դուրս եկած քրդերի ու ոստիկանական ուժերի միջեւ բախում է տեղի ունեցել Հաքքարի նահանգի Յուքսեքովա ավանում։ Ցուցարարներին կասեցնելու համար ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ օգտագործել։ Կատարվել են նաեւ ակտիվիստների ձերբակալումներ։ Սպասվում է, որ փողոցային մարտերը լայն թափ կստանան։

Փետրվարի 14-ին ԼՂՀ-ում մեկնարկել է պաշտպանական կարեւորության հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը։
Աննախադեպ ծավալով ուժերի եւ միջոցների ներգրավմամբ անցկացվող զորախաղերի նպատակն է կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական եւ թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, պարզորոշել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակի, ոստիկանության, արտակարգ իրավիճակների վարչության, ազգային անվտանգության ծառայության, առողջապահության եւ ռազմական կարեւորության մյուս ոլորտների պատրաստությունն ու փոխհամագործակցության աստիճանը։

Նորվեգիայում գործող «Օսլոյի խաղաղության եւ մարդու իրավունքների» կենտրոնի տնօրեն, այդ երկրի նախկին վարչապետ եւ արտգործնախարար Կժել Մագնե Բոնդեւիկը հայտարարել է, որ արաբական երկրներում սկսված հեղափոխությունները շարունակություն կունենան Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում։
Բոնդեւիկը հավելել է, որ հեղափոխության վտանգի տակ են Եմենը, Ադրբեջանը, Հոլանդիան եւ Սաուդյան Արաբիան։

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հաղորդագրությունն է տարածել այն մասին, որ Ադրբեջանում ահաբեկչության վտանգ կա՝ իր քաղաքացիներին կոչ անելով զերծ մնալ արեւմտյան հանրության հետ ասոցացվող վայրեր այցելելուց։
ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դեսպանատան աշխատանքները բնականոն հունով են զարգանում, սակայն ահաբեկչության վտանգն Ադրբեջանում դեռեւս պահպանվում է։

Գերմանիայի պաշտպանության նախարարը առաջարկություններ է ներկայացրել երկրի, համաձայն դրանց զինծառայողներն ավելի շատ ժամանակ կունենան ընտանիքների հետ շփվելու։ Ռազմակայաններին կից կբացվեն սենյակներ երեխաների հետ զբաղվելու համար, ինչպես նաեւ զինծառայողները երեխայի խնամքի համար երկշաբաթյա արձակման իրավունք կստանան:
Մյուս նորամուծությունը ենթադրում է Գերմանիայում բնակության իրավունք ստացած անձանց ծառայության թույլատրել:

Պենտագոնը որոշել է վերսկսել նոր սերնդի հեռահար ռմբակոծիչի ստեղծման ծրագրի ֆինանսավորումը: Առայժմ հայտնի չէ` կշարունակվի դեռ 2004թ. սկսված և 2009թ. դադարեցված ծրագիրը, թե՞ ինքնաթիռի բոլորովին նոր նախատիպի մշակում կսկսվի: Նախապես զինվորականները հայտարարել են, որ Կոնգրեսի հատկացրած ֆինանսական միջոցների կրճատման պատճառով գերատեսչությունը նվազեցնելու է ապագայի ռմբակոծչին ներկայացվող պահանջները: Իսկ դրանք իրոք շատ էին:

Իրաքի կառավարությունը որոշել է հետաձգել ամերիկյան F-16 կործանիչների գնման գործընթացը 13,3 միլիարդ դոլար բյուջետային դեֆիցիտի պատճառով: Ռազմական գործարքի համար 2011թ. նախատեսվում էր ծախսել շուրջ 900 միլիոն դոլար` նպատակ ունենալով կոալիցիոն զորքերի դուրսբերումից հետո ապահովել երկրի օդային անվտանգությունը: Ամբողջական ծրագրի նախահաշվարկը կազմել է մոտ 4 միլիարդ դոլար: Խնայված միջոցները կուղղվեն բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը: