Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

F-22 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել Lockheed Martin ընկերության հետ F-22 Raptor կործանիչների արդիականացման աշխատանքներ կատարելու նպատակով: Գործարքի արժեքը կազմել է 7,4 միլիարդ դոլար:
Ամենայն հավանականությամբ խոսքը Increment 3,2 ծրագրի մասին է, որի իրագործումը զինվորականները նախանշել են 2012թ.: Հայտարարված պլանների համաձայն` այդ ծրագրի կիրառումից հետո հնարավոր կլինի կործանիչի սպառազինության մեջ մտնող SDB 8 ռումբերից յուրաքանչյուրը ինքնուրույն ուղղորդել, նաև կիրառել «երկինք-երկինք» դասի նոր հզոր հրթիռներ:

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱԿԱՍՈՒԶԱՆԱՎԱՅԻՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ՍՏԵՂԾԵԼ` ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Չինաստանում ստեղծել են հակասուզանավային նոր ինքնաթիռ, որն ստացել է Gaoxin-6 անվանումը: Սա Չինաստանում ստեղծված առաջին նմանատիպ խոշոր տեխնիկան է:
Ենթադրվում է, որ G-6-ը նախագծելիս կիրառվել են ամերիկյան EP-3E ARIES II ռադիոէլեկտրոնային ինքնաթիռի որոշ տեխնոլոգիաներ: 2001թ. Հայնան կղզու օդային տարածքում ամերիկյան ռադիոէլեկտրոնային հետախուզության ինքնաթիռը բախվել է չինական կործանիչին: Չինացի օդաչուն զոհվել է, իսկ EP-3E-ն վթարային վայրէջք է կատարել: Միջադեպը դիվանագիտական խոշոր սկանդալի պատճառ է դարձել:

ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԱՄՆ-ը այլևս տեղեկատվություն չի տրամադրի Ռուսաստանին Եվրոպայում սովորական սպառազինության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Որոշումն ընդունվել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը վերակնքելու շուրջ անհաջող բանակցություններից հետո:

ՌՈՒՍ ԲԱՅՔԵՐՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

Այդ մասին հայտարարել է ռուսաստանյան բայքերների «Գիշերային գայլեր» հայտնի ակումբի նախագահը, ում խոսքերով Սերբիայում և Մակեդոնիայում մոտոցիկլիստների ակումբներ բացելուց և տեղի բնակչությանը ծանոթանալուց հետո սերբական թեման հոգեհարազատ է դարձել իրենց, և իրենք լիովին հասկանում են Կոսովոյում ամենատարբեր նվաստացումների ենթարկվող սերբերի՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու ձգտումը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԿՐԿՆԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԳԱԲԱԼԱՅԻ ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՄԱՆ ԳԻՆԸ

Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդումների, Ադրբեջանի իշխանությունները ռադիոտեղորոշման կայանի վարձակալման դիմաց նախկին 7-ի փոխարեն այժմ Ռուսաստանից պահանջում են տարեկան վճարել 15 միլիոն դոլար: Դրան կտրականապես դեմ է Մոսկվան, որը ձգտում է եկող տարվա դեկտեմբերին լրացող վարձակալման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. և հիմնովին արդիականացնել Գաբալայի ռադիոտեղորոշման կայանը:

ԼՐՏԵՍԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐՎԵԼ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Պաշտոնանկությունը հետևել է «Новое время» և «Правда» թերթերի հրապարակումներին, որոնցում Լյուբոմիր Գալկոյին մեղադրել են զինվորականների կողմից լրագրողներին հետևելու և հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու մեջ:
Երկրի վարչապետ Իվետա Ռադիկովան հայտարարել է, որ կատարվածը երկրի պաշտպանական գերատեսչության համար խոշոր ձախողում է, որի պատասխանատուն պաշտպանության նախարարն է, ով նման հանձնարարություն տալու իրավունք չուներ: Այժմ հետախուզական ծառայությունում ընթանում են լայնածավալ ստուգումներ, չի բացառվում բարձրաստիճան այլ զինվորականների պաշտոնանկությունը ևս:

ԶԻՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԲԱՐԻԿԱԴԱՎՈՐՎԵԼ ԷՐ ԱՄՆ ՌՕՈՒ ԲԱԶԱՅՈՒՄ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի Շրայվեր ռազմաբազայում տեղի ունեցած միջադեպը բարեհաջող հանգուցալուծվել է, զինված զինծառայողը հանձնվել է իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ ռազմաբազայի անվտանգության ապահովման ստորաբաժանման հաշվեցուցակային զենքով զինված զինծառայողը բարիկադավորվել էր բազայի շինություններից մեկում: Անձնակազմը տարհանվել է, սակայն բազայի բնականոն աշխատանքը շարունակվել է: Նշենք, որ այդտեղից հետևում են ավելի քան 60 ռազմական արբանյակների թռիչքին: Ղեկավարման կետը գտնվում է առանձին տեղակայված վայրում, և որևէ վտանգ արբանյակների հետ կապված չկա: