Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՋՐԵՐ

Արաբական լրատվամիջոցների պնդմամբ, սիրիական Տարտուս նավահանգստի մոտակայքում է գտնվում ՌԴ ռազմածովային նավատորմի երեք ռազմանավ, որոնք, սակայն, խարիսխ չեն նետել և զբաղված են հետախուզական ինֆորմացիայի հավաքմամբ: Իսկ Իրանի մամուլը կարծում է, որ Սիրիայի տարածքային ջրեր ռազմանավեր ուղարկելով Մոսկվան Հյուսիսատլանտյան դաշինքին պարզ հասկացնում է, որ թույլ չի տա մարդասիրական օգնության անվան ներքո Սիրիայում կրկնել լիբիական սցենարը:

ԳՐԱԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱՊԱՇՏՊԱՆԵԼ ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԹԵԶԸ

2011 թվականի փետրվարին, թեկնածուական ատենախոսություն պաշտպանելիս, գրագողության փաստով մերկացվելու պատճառով հրաժարական տված Գերմանիայի պաշտպանության նախարար Կարլ Թեոդոր ցու Գուտտենբերգը, որ համարվում էր գերմանական քաղաքականության ամենաերիտասարդ ու հեռանկարային գործիչներից մեկը, ըստ որոշ աղբյուրների, վերստին փորձում է պաշտպանել իր գիտական աշխատանքը, ինչը հնարավորություն կտա ձերբազատվելու գրագողի խարանից և վերադառնալու մեծ քաղաքականություն: Նախկին նախարարն ինքը այս լուրերը դեռ չի մեկնաբանել:

ՌԴ ՊՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է ՈՉ ՊՐՈՖԻԼԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻՑ

ՌԴ պետական դումայի ընդունած որոշումը պաշտպանության նախարարությանը թույլ է տալիս իր տնօրինած և զինվորական ավանների տարածքում գտնվող ոչ պրոֆիլային և երկրի պաշտպանունակության ապահովման հետ անմիջականորեն չառնչվող անշարժ գույքը անհատույց փոխանցել տեղական իշխանությունների հաշվեկշռին: Բացառություն են կազմում միայն փակ քաղաքներում գտնվող հողատարածքները:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՐԺԱՆՏԸ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՑԵԶԻՈՒՄ Է ԳՈՂԱՑԵԼ

Պսկովում դատարանը ապացուցված է համարել ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման նախկին պայմանագրային զինծառայող, սերժանտ Զապոինի մեղքը հունիս ամսին գողացել էր ռադիոակտիվ նյութերով լեցուն երկու կոնտոյներներ, որոնց մեջ, ընդհանուր առմամբ, եղել է հինգ գրամ ցեզիումի ռադիոնուկլիդ, և ձերբակալվել էր այն վաճառելու փորձի ժամանակ: Այս նյութի մեկ գրամը սև շուկայում արժե 3.000 ԱՄՆ դոլար:
Սերժանտը դատապարտվել է մեկուկես տարվա պայմանական ազատազրկման:

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՆԱԽԿԻՆ ՍՊԱՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Ռուսաստանյան 58-րդ բանակի շտաբում զինծառայողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է հարցը քննարկել անհատական կարգով: Նա հիշեցրել է, որ կյանքում ամեն ինչ պատահում է, և հաճախ պատժվում են մարդիկ, որոնք մեծ ծառայություններ են մատուցել Հայրենիքին և զինված ուժերին եւ ինչ-որ պահի գայթակղվել են, ապա հավելել է, որ նրանց համաներումը կարող է իրականացվել որոշակի պայմանների առկայության դեպքում` միմյանցից հստակ տարբերակելով բռնի ուժի գործադրմամբ կատարված հանցագործությունները ֆինանսատնտեսական թերացումներից:

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐ

Մայրաքաղաք Տրիպոլիի հեղափոխական խորհրդի ղեկավար Աբդուլլա Նաքերը հայտարարել է, որ երկրի հարավում հայտնաբերված անավարտ շինությունը կարող էր միջուկային ռեակտոր լինել: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում, և անհասկանալի է, թե ենթադրյալ ռեակտորը ինչպիսի` հետազոտակա՞ն, թե՞ էներգետիկ ուղղվածություն էր ունենալու:

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԼԻԲԻԱՅԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Քադաֆիի մերձավոր զինակիցներից Աբդուլլա Աս-Սենուսսիին ազգային անցումային խորհրդի ջոկատները հայտնաբերել են անապատում գտնվող Բիրաք քաղաքում գտնվող իր քրոջ տանը և ձերբակալության ժամանակ որևէ դիմադրություն չի ցուցաբերել: Նրա տեղը հայտնել են մերձակա գյուղերի բնակիչները:
Լիբիայի ժամանակավոր անցումային խորհրդի վարչապետը սակայն ո՜չ հաստատել և ո՜չ էլ հերքել է այս լուրը, ասելով, թե անձամբ պետք է հավաստիանա` ձերբակալվածն իսկապես Սենուսսի՞ն է: Օգոստոսին Լիբիայի ազգային անցումային կառավարությունը հայտարարել էր, որ Լիբիայի հետախուզության պետը զոհվել է Տրիպոլիի գրոհի ժամանակ: