Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՔԱԴԱՖԻԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ ՀԻՆԳ ԳՆԴԱՊԵՏԻ

Մինչ Լիբիայի ազգային անցումային խորհուրդը հայտարարում էր Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամի ձերբակալության լուրը, գնդապետի կողմնակիցները «երդմանը դավաճանելով խռովարարների ու ՆԱՏՕ-ի կողմն անցնելու մեղադրանքով» տարբեր քաղաքներում մահապատժի են ենթարկել լիբիական բանակի հինգ գնդապետի: Դիտորդները նշում են, որ լիբիական դիմադրության անդամներն այժմ փոխել են իրենց մարտավարությունը և «թիրախային հարվածներով» ոչնչացնում են նոր բանակի բարձրաստիճան զինվորականներին և նման վախճան խոստանում ազգային անցումային կառավարության հետ համագործակցող բոլոր սպաներին:

ՔԱԴԱՖԻԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՈՐԴՈՒՆ ՉԵՆ ՀԱՆՁՆՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ

Նիգերիայի հետ սահմանն անցնելու փորձի ժամանակ Սեյֆ ալ Իսլամին ձերբակալված զինված խմբավորումը հայտարարել է, որ նա Զինտան քաղաքում հսկողության տակ կմնա այնքան ժամանակ, մինչև Լիբիայում կազմավորվի նոր դատական համակարգ:
Ի պատասխան Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյի հայտնած մտահոգության, Լիբիայի ազգային անցումային խորհրդի վարչապետ Աբդելռահիմ ալ-Կիբն իր հերթին հայտարարել է, որ Քադաֆիի որդին չի հանձնվի միազգային քրեական դատարանին, և երաշխավորել է, որ նրա նկատմամբ կընթանա արդար դատավարություն, որը լիովին կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, ինչից Լիբիայի քաղաքացիները զրկված են եղել քսան տարի շարունակ:

ՋՐԱՏԱՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՕԲԱՄԱՅԻ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՊԼԱՆԸ

Ավստրալիայի տեղական թերթերից մեկի թղթակիցը ջրատարում գտել է նախորդ շաբաթ Ավստրալիա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կատարած այցի ընթացքում տեղաշարժի պլանը: 120 էջանոց փաստաթուղթը պարունակում է տեղաշարժի բոլոր երթուղիների և այդ ընթացքում նախագահի անվտանգության ապահովման բոլոր մանրամասները, ինչպես նաև ԱՄՆ և Ավստրալիայի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հեռախոսահամարները:
Փաստի առնչությամբ Ավստրալիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել:

ԵԹՈՎՊԻԱՅԻ ԲԱՆԱԿԸ ՄՏԵԼ Է ՍՈՄԱԼԻԻ ՏԱՐԱԾՔ

Ադիս Աբեբան, հետևելով Քենիայի օրինակին, զինվորական ստորաբաժանումներ է մտցրել քաղաքացիական պատերազմի պատճառով փաստականորեն չորս ինքնավար հատվածների բաժանված Սոմալիի տարածք` դիմակայելու այս երկրում տեր ու տնօրինություն անող «Ալ Շաբաբ» իսլամական ծայրահեղական կազմակերպության գրոհայինների հարձակումներին: 20 մարտական մեքենայի ուղեկցությամբ Սոմալի մտած ստորաբաժանումներն այժմ գտնվում են երկու քաղաքներում, որոնցից մեկում արդեն զինվորական բազա են հիմնել և սկսել պաշտպանական ամրությունների կառուցումը:

ԿԱՀԻՐԵՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Սիրիայի հասարակության պատվիրակության անդամները, որոնք Կահիրե էին ժամանել Սիրիայի ներքին գործերին Արաբական պետությունների լիգայի միջամտության դեմ բողոքելու, մայրաքաղաքի կենտրոնում` լիգայի շտաբ-բնակարանի մոտ դաժան ծեծի են ենթարկվել տեղի ընդամադիրների կողմից և տեղափոխվել հիվանդանոց, իսկ ոստիկանությունը չի միջամտել զանգվածային անկարգությանը:

ՓԱՐԻԶԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐԿՆԵԼ ԼԻԲԻԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ

Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի հաստատմանն են ներկայացրել մի օրինագիծ, որն արգելում է թռիչքների իրականացումը Սիրիայի օդային տարածքում: Այն կարող է քվերակության ներկայացվել արդեն եկող շաբաթ և ոչ միայն ԱՄՆ-ն ու Ճապոնիան, այլև մի շարք արաբական պետություններ ցանկանում են հանդես գալ որպես օրինագծի համահեղինակներ:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ 4.000 ԼԵՅՏԵՆԱՆՏ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՀԱՍՏԻՔ

Նրանք բոլորը ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների 2011 թվականի շրջանավարտներ են: Եվս 1.500 նորընծա լեյտենանտ էլ հետագա ծառայության է ուղարկվել ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարություններ, ինչպես նաև Անվտանգության դաշնային ծառայություն: Իսկ այն կուրսանտները, որոնք չորս տարի շարունակ սովորել էին այս պահին պաշտպանության նախարարությանը ոչ անհրաժեշտ զինվորական մասնագիտություններ և հետո չեն ցանկացել շարունակել զինվորական ծառայությունը, իրենց իսկ ցանկությամբ իսկույն զորացրվել են: