Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե իբր հայկական զինված ուժերը փետրվարի 20-ին խախտել են հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմին պատճառելով կորուստներ, շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերն են փետրվարի 20-ին բազմաթիվ անգամներ խախտել հրադադարի ռեժիմը:

Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ինչպես նաև բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ:

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ՆՈՐԱՑՎՈՒՄ Է

«Սուխոյ» ընկերությունը Ռուսաստանի ռազմաօդային ուժերին է փոխանցել ՍՈւ-27ՍՄ չորս նոր կործանիչ: Ինքնաթիռները հավաքման կայանից թռիչք են կատարել մինչև Կրասնոդարի շրջանում գտնվող ավիաբազա: Երկու տարի առաջ կնքված պայմանագրի համաձայն` գործարանը օդուժին կմատակարարի այս մոդելի տասներկու ինքնաթիռ: Համալրումը կատարվում է Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության աստիճանական թարմացման ծրագրի շրջանակներում

Defense news-ը տեղեկացնում է, որ Թայվանի իշխանություններն անհանգստացած են Չինաստանի աճող ռազմական հզորությամբ: Թայվանը վերսկսել է ԱՄՆ հետ բանակցությունները F-16 կործանիչների վաճառքի վերաբերյալ: Նշենք, որ ամերիկյան կողմը ռազմական տեխնիկայի` միլիարդավոր դոլարների հասնող մատակարարումներ է կատարում Թայվան, սակայն որոշ զինատեսակների դեպքում գործարքները բազմիցս մերժվել են: Այժմ անվտանգության լրացուցիչ ապահովման նպատակով տեղի իշխանությունները փորձում են թարմացնել հին ծրագրերը և ռազմական տեխնիկայի ավելի մեծ ու ժամանակակից խմբաքանակ պատվիրել, ինչը, նրանց կարծիքով, կօգնի պաշտպանվել չինական հնարավոր հարձակումից:

ՋՐԱՐԿՎԵԼ Է ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՌԱԶՄԱՆԱՎԸ

Իսպանական Navantia նավաշինական ընկերությունը ջրարկել է “Կանբեռռա” ուղղաթիռակիր դեսանտային նավը` նախատեսված Ավստրալիայի զինված ուժերի համար: Ծրագրի համաձայն` նավի հետագա հավաքումը կանցկացվի Ավստրալիայի տարածքում, բոլոր անհրաժեշտ աշխատանքներն ու փորձարկումներն ավարտելուց հետո այն սպառազինության կվերցվի 2014թ.: Ռազմանավը կդառնա Ավստրալիայի ռազմածովային ուժերի ամենախոշոր միավորը: 2015թ. նախատեսվում է շարք մտցնել արդեն կառուցվող նույն դասի «Ադելաիդա» ուղղաթիռակիրը:

Փետրվարի 20-ին ադրբեջանական բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանվել են յոթ զինծառայողներ: Մահացածները 1991-92թթ. ծնված երիտասարդներ էին, զորակոչվել էին 2010թ.: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանություն» հոդվածով: Զորամասում քննչական գործողություններ են կատարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության և զինվորական դատախազության ներկայացուցիչները:

«ԿԱՄԱՎՈՐԸ»

Փետրվարի 22-ին, ժամը 14:00-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում կցուցադրվի Աննա Թովմասյանի «Կամավորը» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է երեք ընկերների` Դմիտրի Մոտրիչի, Իլյա Կուլիկի և Մյասնիկ Գասպարյանի մասին, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին:
«Փաստ է, որ Արցախյան պատերազմում երկու կողմերից էլ կռվել են այլազգիներ: Այլ հարց է, թե ինչ կերպ և ինչ աղավաղումներով է այդ փաստը միջազգային հանրությանը ներկայացնում Ադրբեջանը` հայկական կողմից կռվողներին որակելով որպես «վարձու մարդասպաններ»,- ասում է սցենարի հեղինակ Աննա Թովմասյանը: