Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԼԻԲԻԱՆ ԵԳԻՊՏՈՍԻՑ ԽՆԴՐՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՔԱԴԱՖԻԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Եգիպտոսի արտգործնախարարությունը հայտնել է, որ երկրի իշխանությունները քննարկում են Տրիպոլիի խնդրանքը: Իսկ Եգիպտոսի գլխավոր դատախազն արգելել է երկրից հեռանալ բոլոր այն անձանց, ում անունները նշված են Լիբիայի իշխանությունների փոխանցած ցուցակում, սակայն չի նշել, թե քանի հոգու մասին է խոսքը:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԹԵՀՐԱՆԻՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՏԱԼԻՍ

Համաձայն ռուսական լրատվամիջոցների պնդումների, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին խնդրել է Իրանի ղեկավարությանը տեղեկացնել, որ եթե Թեհրանը միջազգային վեց միջնորդների հետ ապրիլ ամսվա ընթացքոմ չսկսի իր միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները, ապա մինչև տարեվերջ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կդիմեն խնդրի լուծման ուժային տարբերակի: Ամերիկյան կողմի պնդմամբ, սա պատերազմից խուսափելու Իրանի վերջին հնարավորությունն է:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է 22 «ԻՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼ»

Նրանք մեղադրվում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցելու և Բաքվում Միացյալ Նահանգների, Իսրայելի ու արևմտյան մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումներ նախապատրաստելու համար: Համաձայն մեղադրական նյութերի, այս անձանց Իրանի հատուկ ծառայությունները հավաքագրել են դեռ 1999 թվականին, որոնք հատուկ ուսուցում են անցել Իրանում և այնտեղից պարբերաբար ստացել անհրաժեշտ հրահանգներ: Ձերբակալվելիս նրանց մոտ հայտնաբերվել է զենք, փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ՝ լրտեսական սարքավորումներ:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՑԱՆՑ

ՌԴ պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության պետ գեներալ-լեյտենանտ Վիկտոր Գորեմիկինը հայտարարել է, որ ողջ Ռւսաստանում կստեղծվի նման ցանց, և հավաքագրման կետեր կգործեն ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտների մայրաքաղաքներում, որոնք միաժամանակ կծառայեն որպես զինվորական օկրուգների կադրերի վարչությունների տարածքային ստորաբաժանում:

ԻԺԵՎՍԿԻ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆ ԸՆԴԵՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

Գործարանը, որ ռուսաստանյան սովորական սպառազինության խոշորագույն արտադրողներից մեկն է, պաշտպանության նախարարության դեմ ավելի քան 7,5 միլիոն ՌԴ ռուբլու հայց է ներկայացրել Ուդմուրտիայի արբիտրաժային դատարան:
Համաձայն գործարանի ներկայացրած փաստաթղթերի, որպես պատասխանող կողմ, պաշտպանության նախարարությունից բացի, հանդես է գալու նաև Կենտրոնական զինվորական օկրուգի միավորված ռազմավարական հրամանատարությունը: Դատական հայցում գործարանի ներկայացրած պահանջները դեռևս չեն հրապարակվել:

2012-ԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՍՏԱՆԱ 57 «Рысь» ԶՐԱՀԱՊԱՏ ՄԵՔԵՆԱ

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Վորոնեժի նահանգապետ Ալեքսեյ Գորդեևի ուղեկցությամբ այցելել է Վորոնեժում գտնվող ռուս-իտալական համատեղ ձեռնարկություն, որտեղ կազմակերպվել է իտալական «Iveco» զրահապատ մարտավարական մեքենաների արտադրությունը: Դրանք առաջին հերթին տրամադրվելու են Հարավային զինվորական օկրուգին:
«Рысь»-երի առնչությամբ ՌԴ պաշտպանության նախարարը բազմիցս նշել է, որ խոսքը վերաբերվում է ոչ թե այս մեքենաների գնմանը, այլ Ռուսաստանում նրանց արտադրության կազմակերպմանը:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉՎՃԱՐՄԱՆԸ ՄԻՋԱՄՏԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ

ՌԴ գլխավոր զինվորական դատախազությունը պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովից պահանջել է ձեռնարկել անհետաձգելի միջոցներ` վերջ տալու զինծառայողների աշխատավարձերի վճարումների ուշացումներին:
Քննելով վճարումների ուշացման և աշխատավարձերի ճշգրիտ չափը զինծառայողներին չհայտնելու վերաբերյալ բազմաթիվ բողոքները, գլխավոր զինվորական դատախազությունը եկել է այն եզրակացության, որ ստեղծված վիճակը պայմանավորված է զինծառայողների դրամական բավարարման նոր ֆինանսական համակարգի ձևավորման ընթացքում թույլ տրված սխալներով:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն էր պաշտպանության նախարարից պահանջել անձամբ զբաղվել այս խնդրով: