Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիսի 12-ին ԱՄՆ է մեկնել ՌԴ օդադեսանտային զորքերի պատվիրակությունը` մասնակցելու Միացյալ Նահանգների հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ պատմության մեջ առաջին անգամ անցկացվելիք հակաահաբեկչական զորախաղերին, որոնք տեղի կունենան Ֆլորիդայի նահանգի Ֆորտ Կարսոն ռազմակայանում:

ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄԸ

ՌԴ կառավարությունը համապատասխան դաշնային ծառայություններին ու շահագրգիռ գերատեսչություններին հանձնարարել է եռամսյա ժամանակահատվածում մշակել պաշտպանական պետական պատվերի սկզբնական գնագոյացման վերաբերյալ հանձնարարականներ:
Համաձայն կառավարության որոշման, արտադրողի օգուտը չպետք է գերազանցի ծախսերի 20 և ենթակապալառուին վճարված ու համալրող մասերի ձեռք բերման համար ծախսված գումարի 1 տոկոսը: Միայն այն դեպքում, երբ մատակարարը կհիմնավորի, որ հավելյալ օգուտն ուղղվելու է արտադրության վերազինմանն ու զարգացմանը, օգուտի առավելագույն շեմը կարող է հասնել 25 տոկոսի:

ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է… ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

Մայիսի 29-ին 12 միլիոն գրիվնայով` շուրջ 1,5 միլիոն դոլարով աճուրդի կհանվի Ղրիմի Ինքնավար Հանրապետության արևելքում գտնվող և այլևս չշահագործվող Բաղերովյան զինվորական օդանավակայանը: Անմիջապես հետպատերազմյան տարիներին կառուցված օդանավակայանի թռիչքուղին, որն ունի 3.800 մետր երկարություն և 80 մետր լայնություն, ամենախոշորներից էր Խորհրդային Միությունում և նախատեսված էր ծանր ռմբակոծիչների ու հրթիռակիր ինքնաթիռների թռիչքի համար, իսկ 1980-ականներին իրականացված վերակառուցման արդյունքում այն հարմարեցվեց բազմակի օգտագործման “Буран” տիեզերանավերի վայրէջքի համար:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՀՊ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ

Ռուսաստանյան ռազմարդյունաբերության առաջատարներից “Алмаз-Антей”-ի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մենշչիկովը հայտնել է, որ, ի տարբերություն Միացյալ Նահանգների, Ռուսաստանը շարունակում է ինքնաթիռների վրա տեղակայվող հակաօդային ու հակահրթիռային լազերային սպառազինության մշակումը: Հայտնի է, որ ԱՄՆ-ում այս աշխատանքներն իրականացվել են շուրջ 16 տարի, և 2010 թվականի փետրվարին նման զենքի միջոցով ոչնչացվել է հեղուկ վառելիքով աշխատող բալիստիկ հրթիռ: Այնինչ, ըստ եղած տեղեկությունների, այդ աշխատանքները 2011 թվականին դադարեցվել են:

ԱՄՆ-Ը ՆՈՐ ՀԱԿԱՀՐԹԻՌ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ

Չիկագոյում մայիսի երրորդ տասնօրյակում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ ռազմածովային ուժերը հաջողությամբ են իրականացրել հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի մաս կազմող նոր` ծովային բազավորման երկրորդ սերնդի «Standard Missile-3 (SM-3) Block 1B» հակահրթիռի արդիականացված տարբերակը, որը բավականին մտահոգում է Մոսկվային: Հավայան կղզիների մերձակայքում արձակված նոր հակահրթիռը հաջողությամբ խոցել է գործողության փոքր շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռը:

«БМД-4М»-Ը` ԴԵՍԱՆՏԱՅԻՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ

ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի հերոս Վլադիմիր Շամանովը հայտնել է, որ 2016 թվականին կսկսվի այս դեսանտային մարտական մեքենայի «լրիվ թվայնացված» տարբերակի արտադրությունը: Այն կունենա հեռանկարային հետևակի մարտական մեքենաների համար ներկայում մշակվող կառավարման ավտոմատ համակարգ, իսկ զրահապատ պաշտպանության ուժեղացումից հետո կբավարարի դեսանտայինների բոլոր պահանջները:

ԼԻՏՎԱՑԻ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ… ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐ

Երկրի խորհրդարանի ընդունած որոշման համաձայն` 1990 թվականի մարտի 11-ից հետո, երբ Լիտվան հռչակեց իր անկախությունը, ուժի միջոցով խորհրդային բանակ զորակոչված, դասալքության համար ազատազրկված, «բռնություններից վախենալով» զինվորական ծառայության վերադարձած և կամ զինծառայությունից թաքնված անձինք համարվեցին 1939-1990 թվականների օկուպացիայից տուժածներ, ուստի որպես փոխհատուցում միանվագ կստանան 4.000 լիտ` մոտ 45.000 ՌԴ ռուբլուն համարժեք գումար: Խոսքը վերաբերում է 1.562 հոգու:
Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոր օրենքը թույլ կտա «վերականգնել պատմական ու սոցիալական արդարությունը»: