Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿՈՉՆՉԱՑՎԻ ԱՏՈՄԱՅԻՆ ՍՈՒԶԱՆԱՎԵՐԻ 70 ՌԵԱԿՏՈՐ

Շահագործման ոչ պիտանի ատոմային սուզանավերի միջուկային ռեակտորների երկարաժամկետ պահպանման համար Պրիմորիեում գործող բազային Ճապոնական կառավարությունը նվիրել է երկու միլիարդ ՌԴ ռուբլու արժողությամբ սարքավորումներ, որոնք թույլ կտան մինչև 2020 թվականն առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ոչնչացնել 70 միջուկային ռեակտոր:

ՑԱՎՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ընդունած հռչակագրում ասվում է, որ կազմակերպությունը ցավում է հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի ծավալմանը հակազդելու նպատակով հակաքայերի դիմելու մասին Ռուսաստանից պարբերաբար հնչող հայտարարությունների համար, սակայն պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ և համատեղ որոնել խնդրի լուծման ուղիները, որոնք ՆԱՏՕ-ին պատկերանում են հակահրթիռային պաշտպանության եվրոպական ու ռուսաստանյան համակարգերի պատրաստության վիճակի մասին տեղեկատվության պարբերական փոխանակման տեսքով:

ՆԱՏՕ-Ն ՄԻՇՏ ԿՄՆԱ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱՅԻ ԵՐԿՆՔՈՒՄ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշում է ընդունվել Մերձբալթիկայի երկնքում օդային պարեկման առաքելությունն անժամկետ դարձնելու մասին: Մերձբալթյան պետությունների զինված ուժերի սպառազինությունում չկան օդային պարեկման համար պիտանի ինքնաթիռներ, և 2004 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հետո կազմակերպության անդամ պետությունները հերթով իրականացնում են Եվրոպայի այս հատվածի օդային սահմանների պարեկությունը:

ՆԱՏՕ-Ն ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԶՈՐՔ ՉՄՏՑՆԵԼ ՍԻՐԻԱ

Չիկագոյում սկսված Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովում կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի Սիրիայում ծավալվող իրադարձություններին, ինչպես արեց Լիբիայի պարագայում, Սակայն Սիրիայի իշխանություններին քննադատել է իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագրով ստանձնած պարտավորությունների չկատարման համար:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Կվան Չժինը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է Չինաստանի հետ կնքել ռազմական սարքավորումների նյութատեխնիկական ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր, իսկ Ճապոնիայի հետ կշարունակի ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրելու բանակցությունները:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Պեկինը ևս փորձում է Հյուսիսային Կորեային ետ պահել միջուկային փորձարկումների շարունակումից, զգուշանալով սահմանամերձ Չանբայշան լեռան շրջանում բնության աղտոտումից և ճառագայթման տարածումից:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՎՐԱՑԻ ԳԵՆԵՐԱԼ Է ՍՊԱՆՎԵԼ

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում, Ռուբլյովյան խճուղում սպանվել է Վրաստանի զինված ուժերի 25-րդ մոտոհրաձգային բրիգադի նախկին հրամանատար, 48-ամյա գեներալ Ռոման Դումբաձեն: Մարդասպանները նրան են մոտեցել մոտոցիկլետով և մի քանի բառ փոխանակելուց հետո կրակել գլխին ու փորին: Գեներալը ստացած վերքերից տեղում մահացել է:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Եվրամիության անդամ 27 պետությունները պաշտպանության կարիքների համար տարեկան ծախսում են 200 միլիոն եվրո: Այդ մասին Չիկագոյում սկսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Նա միաժամանակ մատնացույց է արել եվրոպական պաշտպանության արդյունաբերական-տեխնոլոգիական բազայի, ինչպես նաև Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ռազմավարական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: