Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Կվան Չժինը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է Չինաստանի հետ կնքել ռազմական սարքավորումների նյութատեխնիկական ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր, իսկ Ճապոնիայի հետ կշարունակի ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրելու բանակցությունները:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Պեկինը ևս փորձում է Հյուսիսային Կորեային ետ պահել միջուկային փորձարկումների շարունակումից, զգուշանալով սահմանամերձ Չանբայշան լեռան շրջանում բնության աղտոտումից և ճառագայթման տարածումից:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՎՐԱՑԻ ԳԵՆԵՐԱԼ Է ՍՊԱՆՎԵԼ

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում, Ռուբլյովյան խճուղում սպանվել է Վրաստանի զինված ուժերի 25-րդ մոտոհրաձգային բրիգադի նախկին հրամանատար, 48-ամյա գեներալ Ռոման Դումբաձեն: Մարդասպանները նրան են մոտեցել մոտոցիկլետով և մի քանի բառ փոխանակելուց հետո կրակել գլխին ու փորին: Գեներալը ստացած վերքերից տեղում մահացել է:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Եվրամիության անդամ 27 պետությունները պաշտպանության կարիքների համար տարեկան ծախսում են 200 միլիոն եվրո: Այդ մասին Չիկագոյում սկսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Նա միաժամանակ մատնացույց է արել եվրոպական պաշտպանության արդյունաբերական-տեխնոլոգիական բազայի, ինչպես նաև Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ռազմավարական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻ ՓՈՐՁԻ ԺԱՄԱՆԱԿ

Եմենի մայրաքաղաք Սանայում, երկրի միավորման 22-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի գլխավոր փորձի ժամանակ զինվորական համազգեստ հագած մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն՝ խլելով առնվազն 96 մարդու կյանք: 300 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Միաժամանակ, երկրի հարավում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով, երբ գնդակոծվել է զինվորական ջիպը, ամերիկյան չորս զինծառայող վիրավորվել է: Նրանց ուղղաթիռով տեղափոխել են երկրի մայրաքաղաք Սանա:

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ՝ ՄԱԼԻՈՒՄ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համաձայն Մալիի զինվորական խունտայի և Արևմտաաֆրիկյան պետությունների համագործակցության միջև ձեռք բերված համաձայնագրի, Մալիի ազգային ասամբլեան ընդունել է մի օրինագիծ, որով նախատեսվում է համաներում կիրառել մարտի 22-ին երկրում զինվորական հեղաշրջում իրականացրած զինվորականների նկատմամբ:

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՎԱՅՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ Է 740 ՓՐԿԱՐԱՐՆԵՐ

Պրիմորիեի մարզում գտնվող հրետանային զինապահեստում տեղի ունեցած պայթյունի ու բռնկված հրդեհի հետևանքների վերացման համար փրկարարների հետ աղետի վայր է ուղարկվել նաեւ 160 միավոր տեխնիկա, այդ թվում երկու հրշեջ գնացք:
Արտակարգ իրավիճակի վայրում իրականացվել է ավիահետախուզություն, ինչից հետո վերականգնվել է գնացքների երթևեկությունը:
Տարհանվել է մերձակա չորս գյուղերի շուրջ 4.000 բնակչությունը, ինչպես նաև զորամասի անձնակազմը:

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ Ми-17 ՈՒՂՂԱԹԻՌ Է ՎԹԱՐՎԵԼ

Աղետը տեղի է ունեցել վարժական թռիչքի ժամանակ, երբ ուղղաթիռի պոչի պտուտակը պոկվել է, ինչից հետո մեքենան վայր է ընկել:
Ուղղաթիռում գտնվող 5 անձանցից 4-ը զոհվել են:
Իսկ մարտի 29-ին յոթ զինծառայողի ողբերգական մահվան պատճառ էր դարձել Superpuma ուղղաթիռի աղետը: