Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԹՈՒՐՔ-ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՐԿՈՒՍՏԵՔ ԶՈՐՔԵՐ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎՈՒՄ

Ի լրումն վերջին օրերին Սիրիայի հետ սահմանի մոտակայքում տանկերի, հրետանու և համազարկային կրակի կայանքների կենտրոնացման, Թուրքիան այս հատվածում վերատեղակայել է նաև «F-16» վեց կործանիչներ՝ իր այդ քայլը պատճառաբանելով վերջին շրջանում Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռների՝ երեք անգամ թուրքական սահմանին մոտենալու հանգամանքով, թեև Անկարան ընդունում է, որ օդային սահմանի խախտում այդուհանդերձ չի գրանցվել:

47 ԶՈՀ` ԼԻԲԻԱՅՈՒՄ ՄԻՋՑԵՂԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Օտարերկրյա լրատվամիջոցները հաղորդում են, որ Լիբիայի հարավ-արևելքում բռնկված հերթական միջցեղային զինված բախումների 5 օրերի ընթացքում արդեն զոհվել է 47 և վիրավորվել ավելի քան 100 մարդ, այդ թվում նաև՝ կանայք ու երեխաներ:
Կողմերը կիրառում են ծանր զինատեսակներ և նույնիսկ զրահատեխնիկա, իսկ կառավարական զորքերը չեն միջամտում բախումներին:

ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՍԿՍԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՌԴ արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում ՌԴ ներկայացուցիչ Գրիգորի Բերդեննիկովը հայտնել է, որ բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել իր դիրքորոշումը հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի նկատմամբ:

ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՊԿ-ԻՆ ԻՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Երկրի արտգործնախարարության տարածած հայտարարությունում ասվում է, որ այդ մասին հունիսի 20-ին համապատասխան նոտա է ուղարկվել ՀԱՊԿ քարտուղարություն, որում հստակ շարադրված են նման որոշման կայացման դրդապատճառները: Դրանք, սակայն, արտգործնախարարության հայտարարությունում չեն մանրամասնվել:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆԶԻՏԸ ԴԵՊԻ ԱՖՂԱՆՍՏԱՆ

Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է Ուլյանովսկով ցամաքային՝ երկաթուղային և ավտոմոբիլային, ինչպես նաև օդային ճանապարհներով տրանզիտ բեռնափոխադրումների իրականացումը դեպի Աֆղանստան և հակառակ ուղղությամբ:

ՀՐՈՒՄ ՉԻ ԱՅՐՎՈՒՄ, ՀԱՐՎԱԾԻՑ ՉԻ ՊԱՅԹՈՒՄ

Ռուսաստանյան «РТ-Химические технологии и композиционные материалы» հոլդինգը հրթիռահրետանային զինամթերքի համար ստեղծել է հրակայուն կոնտեյներներ: Արտաքին միջավայրում Ցելսիուսի 1.500 աստիճան ջերմության դեպքում նրանց ներսում ջերմաստիճանն առաջին 15 րոպեների ընթացքում չի գերազանցում 170 աստիճանը, իսկ հրթիռներն ու արկերը չեն պայթում երկհարկանի տան բարձրությունից ցած ընկնելիս: Այս բնութագրերը նկատելիորեն գերազանցում են ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացրած պահանջները:

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՏՔ՝ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՈՒՄ

Բրիտանական «The Sunday Times» հեղինակավոր պարբերականում հրապարակված «Ռուսական մատ՝ թուրքական ինքնաթիռը կործանած կոճակի վրա» հոդվածում համոզմունք է հայտնվում, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը թուրքական հետախուզական կործանիչը ոչնչացրել են ռուսաստանյան զինվորական մասնագետների օգնությամբ, եթե, իհարկե, ՌԴ զինվորականները չեն ոչնչացրել այն: