Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՄԱՐՏԵՐ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ

Սիրիայի մայրաքաղաքի մի շարք շրջաններում, այդ թվում և քաղաքի պատմական կենտրոնի մերձակայքում ծանր մարտեր են մղվում: Ըստ ընդդիմադիրների պնդումների, կառավարական ուժերը կենտրոնի մերձակայքում գտնվող Կասիյուն լեռան վրա են տեղակայել ականանետներ ու հրթիռային կայանքներ, որոնոնցից կրակ են տեղում ապստամբների դիրքերի վրա: Մի շարք աղբյուրներ հաղորդում են նաև հարվածային ուղղաթիռների կիրառման մասին:
Սիրիայում տիրող իրավճակը երեկ հեռախոսով քննարկել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները:

ԱՍԱԴԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

Այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած արյունալի պայթյուններից հետո, որոնց զոհ են գնացել երկրի պաշտպանության նախարարը, նրա տեղակալը, պաշտպանության նախկին նախարարը, որն այժմ գլխավորում է հակաճգնաժամային շտաբը, ընդհանուր հետախուզության քննչական ապարատի ղեկավարը և Նախագահի` անվտանգության հարցերով խորհրդականը, իսկ ներքգործնախարարը ծանր վիրավորվել է, Վաշինգտոնը չի կարողանում պարզել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գտնվելու վայրը և պնդում է, որ պայթյուններից անմիջապես հետո նա անհետացել է: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել են միանգամից «Լիվա ալ-Իսլամ» արմատական խմբավորումը և դասալիքներից կազմված «Սիրիական ազատ բանակը»:

ԿԻՄ ՉԵՆ ԻՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՄԱՐՇԱԼԻ ԿՈՉՈՒՄ

Առողջական վիճակի պատճառով ԿԺԴՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Լի Են Խոյին զբաղեցրած բոլոր պաշտոններից ազատելուց հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին շնորհվել է ԿԺԴՀ մարշալի, իսկ գնդապետ Խեն Են Չխոյին` փոխմարշալի կոչում:

ՆԱՏՕ-Ն ՈՒԺԵՂԱՑՐԵԼ Է ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՆԱՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հյուսիսատլանտյան դաշինքի հետախուզական ծառայություններն ուժեղացրել են Ատլանտյան օվկիանոս ու Միջերկրական ծով արշավի դուրս եկած ՌԴ ռազմածովային նավատորմի նավերի նկատմամբ հսկողությունը: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մի բարձրաստիճան աղբյուր: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի «Орион» հետախուզական ինքնաթիռները մի քանի անգամ մեծացրել են թռիչքների հաճախականությունը այն գոտիներում, որտեղ գտնվում են ռուսաստանյան ռազմանավերը, որոնց անձնակազմը ևս պարզ զգում է ռադիէլեկտրոնային հետախուզության ակտիվացումը:

ԱՎԵԼԻ ՔԱՆ 7 ՄԻԼԻԱՐԴԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ

2012 թվականին Հնդկաստանին կվաճառվի 7,34 միլիարդ ԱՄՆ դոլարի ռուսաստանյան արտադրության սպառազինություն: Ռուս-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության նման ծավալները պայմանավորված են մի քանի խոշոր ծրագրերի իրականացումով, որոնցից գնային առումով ամենամեծը «Վիկրամադիտիյա» ավիակրի արդիականացումն է, որն արժեցել է 2,34 միլիարդ ԱՄՆ դոլար: Բացի այդ, նախատեսվում է այս տարվա ընթացքում Հնդկաստանին վաճառել 971 նախագծի «Ներպա» ատոմային սուզանավը, որն արժե 920 միլիոն դոլար, «Ми-17В-5» քառասուն ուղղաթիռ, «Су-30МКИ» քսանմեկ կործանիչ և «МиГ-29К/КУБ» ինը տախտակամածային կործանիչ:

ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՀՐԱՆՈԹ ԵՆ ԿԻՐԱՌԵԼ

Ռուսաստանյան սահմանապահները Ճապոնական ծովում ձերբակալել են Չինաստանի դրոշի ներքո նավարկող մի ձկնորսանավ առգրավելով 22,5 տոննա անօրինական որս:
Սահմանապահ «Ձերժինսկի» նավը երեքժամյա հետապնդումից հետո, ի վերջո, հրետանային կայանքից կրակ է բացել ձկնորսանավի վրա: Ընդհարման հետևանքով մեկ մարդ ձկնորսնավից ընկել է ծովը, որի որոնումներն առայժմ արդյունք չեն տվել:
Ձկնորսանավի անձնակազմի բոլոր անդամները եղել են Չինաստանի քաղաքացիներ:

ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում` Քիլիս գավառում գտնվող սիրիացի փախստականների ճամբարում սկսված անկարգությունների հետևանքով վիրավորվել են չորս փախստական և չորս թուրք ոստիկան, որոնց թվում նաև՝ ճամբարի պետը:
Փախստականների շրջանում ծայր առած հուզումների պատճառը եղել է խմելու ջրի պակասը: 500 սիրիացիներ քարկոծել են միջադեպի վայր ժամանած թուրք ոստիկաններին, այրել աղբի տարողությունները, փշրել մոտակա շինությունների պատուհանների ապակիները և շուռ տվել փախստականների բնակության համար նախատեսված մի քանի տնակ: