Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Միջնադարի հայ ճարտարապետ Նաքամատը, որի ծննդյան եւ մահվան թվերն անհայտ են, նշանավոր բանաստեղծ եւ նկարիչ Մկրտիչ Նաղաշի համագործակցությամբ 1439-43 թվականներին նորոգում է Ամիդի (Դիարբեքիրի) Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որն ունեցել է 18 նիստ եւ նույնքան լուսամուտ։ Ահա այդ հսկա եկեղեցու վրա Նաքամատը կառուցել է նույնպես հսկա մի գմբեթ, որն իր հոյակապությամբ զարմանք ու հիացմունք է պատճառել տեսնողներին։

Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,
Ընդ եղեգան փող բոց ելաներ,
Եվ ի բոցոյն վազեր խարտյաշ պատանեկիկ…
Եղեգնյա գրիչ է տեսել Վարուժանն իր ձեռքին.
Եղեգնյա գրչով երգեցի փառքեր,
Քեզի ընծա, իմ հայրենիք…

Ըստ պատմաբան Հրանտ Արմենի «Ֆրանսահայ տարեգրքի» (1927թ.)՝ Կիլիկիայի հայոց արքունիքը ֆրանսիացի վաճառականներին տվել է մաքսային առանձնաշնորհ, որով նրանք ավելի պակաս գումար են մուծել որպես մաքս, քան այլ ազգությունների պատկանող վաճառականները։ Նույն աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի Մոնիֆիլիե քաղաքի դիվանատանը պահվում է Կիլիկյան Հայաստանի Օշին թագավորի 1314թ. հունվարի 7-ի արտոնագիրը, որով թույլատրվել է այդ քաղաքի առեւտրականներից գանձել ընդամենը երկու տոկոս մաքս։

Վերհիշելով իմ ապրումները հայկական ձեռագիր մատյաններն ուսումնասիրելիս՝ ես չէի կարող չասել, թե ինչպես աշխատանքի ամենափոքր մանրամասնությունը դրանցում կապվում է մշակույթի պատմության լայն հարցերի հետ, ինչպես, վերջին հաշվով, այդ ամենը միանում եւ դառնում է մի հզոր շարժում այն ճանապարհով, որը տանում է դեպի մարդկության վեհ իդեալները։

2013թ. հունվարի 5: Ոգեկոչման արարողություն է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի դպրոցում: Դպրոցը կոչվում է հերոսի անունով` Արա Հարությունյան: 1993 թ.-ի այս օրը Արան հերոսաբար զոհվեց Հադրութի Կավաքասար բարձունքի անհավասար մարտում: Անցել է քսան տարի: Ներկա են մարտական ընկերները, գյուղացիները, դպրոցականները: Դահլիճի առաջին շարքում նստած է Արայի ճերմակահեր Սաթենիկ մայրը: Նրա դեմքին մեկ լուսավոր ժպիտ է, մեկ թախիծ: Հայացքն ուղղում է այն կողմը, որտեղից լսվում է որդու անունը: Իսկ դահլիճով մեկ մի անուն է անցնում շուրթից շուրթ:

Արտակարգ իրավիճակների նախարարության նվագախմբի դիրիժոր Հակոբ Սարգսյանը Քանաքեռում դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: Ուսումնարանի երկրորդ կուրսն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի երաժշտական կոնսերվատորիայի զինվորական բաժինը և իր ցանկությամբ ծառայության անցել Գյումրիի ռուսական զորամասում: Յոթ երաժիշտներից (բոլորն էլ ազգությամբ հայեր) բաղկացած նրանց նվագախումբը մեծ հաջողությունների է հասել ինչպես Հյուսիսային Կովկասի, այնպես էլ Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի հայտնի զինվորական նվագախմբերի մրցույթում:

Մարտի վերջերին նավավերանորոգման արտադրամասի աշխատանքները հիմնականում ավարտվեցին: Գործուղված մասնագետները վերադարձան իրենց զորամասերը: Կապիտան Ֆյոդորովը պաշտոնի բարձրացմամբ տեղափոխվեց Մոնղոլիա: Մեր վաշտը, որ բավականաչափ փոփոխվել էր, մնաց տեղում, ու ծովայինների զորանոցը հանձնելով, տեղավորվեց 12505-ի մեր հին զորանոցում: Հրամանատարի պաշտոնակատարը կապիտան Կորեյկոն էր: Նրա տրամադրությունը բարձրացել էր: Ֆյոդորովը չկար ու որոշումներն էլ ինքն էր կայացնում: Երևում էր, որ զբաղեցրած դիրքից մեծ բավականություն է ստանում: Երբեմն ծառայության էր գալիս դաշտային համազգեստով, որից ոչ ոք կայազորի տարածքում չէր հագնում: Նա պարզապես ցուցամոլ էր և ուզում էր մյուսներից առանձնանալ, ցուցադրել իր աթլետիկ կազմվածքը: Առավոտյան վերկացն ազդարարում ու ստորաբաժանումներին վազելու, մարզանք անելու էին հանում զորամասի և ստորաբաժանումների հերթապահները, բայց հիմա նա հայտնվում էր ցայգալույսին, հետևում էր վերկացին և վաշտը տանում վազելու: