Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՆԴԻԿ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄՏԱՎՈՐ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ

Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների գործակալությունը բուսական դեղամիջոց է ստեղծել բարձր լեռնային պայմաններում զինվորների մտավոր և ֆիզիկական ունակությունները բարձրացնելու նպատակով: Դեղամիջոցի բաղադրության մեջ մտնում են հակաօքսիդանտներ և կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք լավացնում են արյան շրջանառությունը, սրտի, ներքին օրգանների աշխատանքը և այլն:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԼԹԻԿ ԾՈՎՈՒՄ

Ռուսաստանի ռազմավարական նշանակության ռմբակոծիչները սառը պատերազմի ավարտից ի վեր օրերս վերստին թռիչքներ են կատարել Բալթիկ ծովի վրայով, ի պատասխան որի, երեկ օդ են բարձրացել նաև Հյուսիսատլանտյան դաշինքի կործանիչները:
Մերձբալթյան պետություններն իրենց մտահոգությունը հայտնելով կատարվածի համար, հայտարարել են, որ Մոսկվան պարտավոր է բացատրել իր քայլի պատճառները:

ՄՈՍԿՎԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ «ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»

Ըստ ռուսական մամուլի հրապարակումների` Հյուսիսատլանտյան դաշինքում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդևին է ներկայացրել ԱՄՆ, ՆԱՏՕ-ի և ՌԴ հակահրթիռային պաշտպանության համակարգերի միավորման միջոցով Երկիր մոլորակը խոշոր երկնաքարերի ու աստերոիդների հետ բախումից պաշտպանելու ծրագիր:
Ռոգոզինի մտահղացման համաձայն` միացյալ համակարգը պետք է վերահսկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, որի անդամ Ռուսաստանն էլ կունենա վետոյի իրավունք:

5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ՝ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Աֆղանստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ 2014թ. երկրից Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի դուրսբերումից հետո տարեկան այդքան գումար կպահանջվի Աֆղանստանի պաշտպանունակության ապահովման համար: Ի դեպ, այդ գումարը եռապատիկ գերազանցում է երկրի տարեկան բյուջեն:
Արևմտյան փորձագետների կարծիքով արտաքին ֆինանսական օգնության կարիք Աֆղանստանը կունենա նվազագույնը մինչև 2025 թ.:

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԻ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Սոմալիի զինված ուժերի բազաներից մեկի մոտ ամերիկյան անօդաչու թռչող սարքի վթարը 7 զինծառայողի մահվան, ևս 13-ի վիրավորվելու պատճառ է դարձել:
ԱՄՆ հատուկ ծառայությունները հետևողականորեն ընդլայնում են անօդաչու թռչող սարքերի կիրառությունը Սոմալիում, Եմենում, Աֆղանստանում ու Պակիստանում իսլամ գրոհայինների դեմ իրականացվող մարտական գործողությունների ընթացքում:

ԻՆՉՈ՟Ւ ԱՄՆ-Ը ՉԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՆԱԽՕՐՈՔ ԾՐԱԳՐՎԱԾ ԿԻԲԵՌՆԵՏԻԿ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԼԻԲԻԱՅԻ ԴԵՄ

Ըստ ամերիկյան մամուլի հրապարակումների` մինչև Քադաֆիի վարչակարգի դեմ մարտական գործողությունների ծավալումը Պենտագոնը ծրագրել էր կիբեռնետիկ հարձակում իրականացնել Լիբիայի դեմ:
Բարձրտեխնոլոգիական հարձակումը պետք է խափաներ կամ ընդհանրապես շարքից հաներ Լիբիայի հակաօդային պաշտպանության համակարգը, մասնավորապես, վաղ ազդարարման համակարգերը:

ԱՄՆ-Ը ԼԻԲԻԱՅԻՆ ԿՕԳՆԻ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԶՀՀ-ՆԵՐԸ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Տրիպոլի կատարած իր այցի ընթացքում հայտարարել է Լիբիայի ազգային անցումային խորհրդին լրացուցիչ 11 միլիոն դոլար հատկացնելու մասին: Գումարի մեծ մասը կուղղվի շարժական զենիթահրթիռային համալիրների ոչնչացմանը:
Միացյալ Նահանգներն ու արևմտյան մի շարք պետություններ մտահոգ են Լիբիայում քաղաքացիական պատերազմի պատճառով տիրող անիշխանության հետևանքով այդ համալիրներն «Ալ Քաիդայի» գրոհայինների մոտ հայտնվելու հնարավորությամբ: