Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԿՈՒՐԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ

Ճապոնիայի հետ տարածքային վեճի առարկա հանդիսացող կղզիներում տեղակայվել են «Бук-М1» զենիթահրթիռային համալիրներ, կապի արդիական միջոցներ, ինչպես նաև «Տ-80» տանկերի մեկ գումարտակ:
ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը հայտարարել է, որ զորախմբի վերազինումը կշարունակվի, և առաջիկայում կղզիներում կտեղաբաշխվեն նաև «Панцирь-C1» և «Бук-М2» շարժական հրթիռահրետանային համալիրներ, առափնյա հականավատորմային գերձայնային թևավոր հրթիռների «Бастион» շարժական համալիրներ, ինչպես նաև «Ми-28Н»` «Գիշերային որսորդ» մարտական ուղղաթիռներ:

ԶԻՆՂԵԿԸ ԿԵՆԹԱՐԿՎԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

ՌԴ Ելագուբա քաղաքի դպրոցներից մեկի զինղեկը դասի ժամանակ շարքում խոսելու համար երկու հինգերորդ դասարանցիների նկատմամբ կիրառել է «զինվորական արևահարություն» անվանումով «դաստիարակչական մեթոդը», և ողջ շարքին հրամայել է մոտենալ ու… հարվածել անկարգապահ աշակերտներին, ինչի հետևանքով երկուսն էլ հայտնվել են հիվանդանոցում, որից հետո զինղեկի գործերով զբաղվել է դատախազությունը: Հարուցվել է քրեական գործ:

ՍՎԻՆ-ԴԱՆԱԿԸ ԿՄՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Որոշումն ընդունվել է վերջերս ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբում կայացած խորհրդակցության ժամանակ: Ըստ այդմ, ինքնաձիգին դանակի ամրացման հարմարանքը ներառվել է AK-74-ին փոխարինելու կոչված և այժմ մշակման փուլում գտնվող նոր ինքնաձիգի տեխնիկական բնութագրի ցանկում:
Սվին-դանակի կիրառության դեմ արտահայտվողների հիմնական փաստարկը ժամանակակից «թվային» մարտում վերջինիս գործածության անչափ ցածր հավականությունն է: Սակայն, ի վերջո, հաղթել են սվին-դանակի կողմնակիցները, որոնք մատնացույց են արել այն հանգամանքը, որ փամփուշտները սպառվելուց հետո այն մնում է զինվորի միակ զենքը:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼ Է ՖԱՇԻՍՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ

Ուկրաինայի Լվովի մարզի գյուղերից մեկում բնակչության շրջանում կատարված հարցումից հետո Խաղաղության փողոցը վերանվանվել է «Նախտիգալ» գումարտակի զինվորների անունով: Հատուկ նշանակության այս գումարտակը, որն անվանում են նաև Ստեփան Բանդերայի անվան ուկրաինական լեգեոն, աբվերը ստեղծել էր 1941 թվականին։ Այն հիմնականում զբաղվում էր խորհրդային բանակի դեմ խափանարար գործողություններով:

1027-Ը 1-Ի ԴԻՄԱՑ

Իսրայելի իշխանությունները համաձայնել են 2006 թվականին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից գերված կապրալ Գիլադ Շալիտին փոխանակել Իսրայելի բանտերում պահվող 1027 պաղեստինցիների հետ, որոնցից 27-ը կանայք են:
Փոխանակումն իրականացնելու համար Կահիրե է ժամանել ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը` կազմակերպության քաղաքական բյուրոյի ղեկավար Հալեդ Մաշելի գլխավորությամբ:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԻՐՈՒՍԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՄՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻՆ

Առայժմ անհաջողության են մատնվում արտասահմանում, մասնավորապես Իրաքում ու Աֆղանստանում մարտական խնդիրներ կատարող ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Predator» և «Reaper» անօդաչու թռչող սարքերի թռիչքներն ապահովող համակարգչային ցանց ներթափանցած վիրուսի վնասազերծման ջանքերը:

Պարզ չէ` վիրուսը պատահմա՞մբ է հայտնվել համակարգշային ցանցում, թե՞ հաքերների «օգնությամբ»:
Վիրուսը հայտնաբերվել է ռազմաօդային ուժերի` Նևադա նահանգում գտնվող բազայում:

ՏԱՋԻԿՍՏԱՆԸ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ Է ՏԱՐԱԾՔ ԶԻՋԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ

Տաջիկստանը Չինաստանին է հանձնել Հարավային Պամիրում գտնվող Լեռնային Բադաշխանի Ինքնավար Մարզի մի մասը` ուրանով, ոսկով և այլ թանկարժեք հանածոներով հարուստ, 1158 քառակուսի կիլոմետր մակերեսով, երկրի ընդհանուր տարածքի 1%-ը կազմող տարածքը:
Ընդդիմությունը Տաջիկստանի իշխանությունների որոշման առթիվ բուռն բողոք է հայտնել և հայտարարել, որ «երկրի պատմության այդ սև բիծը չի ջնջվի մի քանի սերունդների հիշողությունից»:
Ընդիմությունը պնդում է, որ ոտնահարվել է երկրի սահմանադրությունը, քանի որ ինքնավար մարզի սահմանները կարող են փոփոխվել միայն մարզի բնակչության հանրաքվեի արդյունքում, և ոչ թե կենտրոնական իշխանությունների որոշմամբ: