Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 119 ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական այս երևույթն ամենից շատ տարածված է պարտադիր ժամկետային զինծառայողների շրջանում, որոնցից 59 հոգի վերջ է տվել իր կյանքին: Ինքնասպանության է դիմել նաև 14 սպա:

ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՊԱՐՏՔ Է ՆԱԵՎ ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին նոր մեղադրանք է առաջադրվել, որը վերաբերվում է 1990-ական թվականներին նրա ղեկավարած «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի ՌԴ պաշտպանության նախարարությանը չվճարած շուրջ 405,5 միլիոն ԱՄՆ դոլար պարտքին, որը նա հետագայում ձևակերպել էր որպես Ուկրաինայի պետական պարտք:
Այս քրեական գործի վարույթը Ռուսաստանում ժամանակին կասեցվել էր վաղեմության ժամկետի պատճառով:

ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՏԱՐԱԾՔ

Սիրիացի 50 զինվորից կազմված ստորաբաժանումն Այնճար քաղաքի մերձակայքում շուրջ 150 մետր խորացել է Լիբանանի տարածք, դիրքավորվել շրջակայքի վրա իշխող բլրին և հետ դարձել միայն լիբանանյան բանակի միջամտությունից հետո: Սիրական ստորաբաժանման հրամանատարությունը որևէ կերպ չի մեկնաբանել իր գործողությունները: Վերջին ամիսներին սիրիական ստորաբաժանումները, հետապնդելով փախստականներին, մի քանի անգամ հատել են պետական սահմանը:

ՄԱԿ-Ն ԱՌԱՅԺՄ ԱՆԶՈՐ Է ԼԻԲԻԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Դրա պատճառը երկրում աշխատունակ կառավարության բացակայությունն ու շարունակվող մարտական գործողություններն են: Այդ մասին խոստովանել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իան Մարտինը, որի զեկույցը ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն անվանել է «անկեղծ ու սթափեցնող»:
Լավատեսական երանգներ չկան նաև Լիբիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Պորտուգալիայի գնահատականներում: Պորտուգալիայի իշխանությունները պնդում են, որ Լիբիայում ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս ապասառեցնել արևմտյան բանկերում Քադաֆիի վարչակարգի ունեցած գումարները, քանի որ հայտնի չէ, թե դրանք Լիբիային տրամադրելիս ում ձեռքում կհայտնվեն:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԼԻԲԻԱՅՈՒՄ ՄՂՈՒՄ Է «ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ» ՊԱՏԵՐԱԶՄ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը հայտնել է, որ լիբիական պատերազմին իր երկրի մասնակցության գինն արդեն իսկ հատել է 470 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը, որի շուրջ կեսը կծախսվի «Լիբիայում ժողովրդավարության հաստատման» հետևանքով դատարկվող բրիտանական զինապահեստների պարունակությունը վերականգնելու համար: Ֆոքսը միաժամանակ հավելել է, որ բոլոր միջոցները ծախսվել են ոչ թե Մեծ Բրիտանիայի հիմնական բյուջեից, այլ գանձարանի պահուստային միջոցներից:

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՇՏԱՊ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ Է ԻՐԱՔԻ ԲԱՆԱԿԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ԱՄՆ ռազմական գերատեսչությանը այս քայլին դիմել պարտադրեց իրաքյան իշխանությունների՝ ամերիկյան զորախմբի հիմնական ուժերի հեռանալուց հետո տեղում մնացող զինծառայողներին հանցանք գործելու դեպքում Իրաքի տարածքում դատական հետապնդումից չազատելու մասին որոշումը, քանի որ նրանք «անցած ութ տարիների ընթացքում չարաշահել են այդ իրավունքը»:
Դրանից անմիջապես հետո Պենտագոնը սկսեց այլընտրանքային ուղիներ որոնել Իրաքի զինծառայողների ուսուցումն իրականացնելու անհատ պայմանագրային հրահանգիչների, Հյուսիսատլանտյան դաշինքի և կամ իրավաբանական անձանց միջոցով, «որոնք կունենան իրավական որոշակի պաշտպանվածություն»:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԿՈՒՐԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ

Ճապոնիայի հետ տարածքային վեճի առարկա հանդիսացող կղզիներում տեղակայվել են «Бук-М1» զենիթահրթիռային համալիրներ, կապի արդիական միջոցներ, ինչպես նաև «Տ-80» տանկերի մեկ գումարտակ:
ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը հայտարարել է, որ զորախմբի վերազինումը կշարունակվի, և առաջիկայում կղզիներում կտեղաբաշխվեն նաև «Панцирь-C1» և «Бук-М2» շարժական հրթիռահրետանային համալիրներ, առափնյա հականավատորմային գերձայնային թևավոր հրթիռների «Бастион» շարժական համալիրներ, ինչպես նաև «Ми-28Н»` «Գիշերային որսորդ» մարտական ուղղաթիռներ: