Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՆԻԳԵՐԻԱՅՈՒՄ ՎԵՐՍՏԻՆ ԱՐՅՈՒՆ Է ՀԵՂՎՈՒՄ

Նիգերիայի Կանո քաղաքում, որտեղ հունվարի 20-ին իրականացված ահաբեկչությունների արդյունքում զոհվել էր 165 մարդ, տեղի են ունեցել ողբերգական նոր միջադեպեր: Անհայտ անձինք գնդակոծել են ոստաիկանական բաժանմունքը, որի վրա նաև նռնակներ են նետվել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:

ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼԻՍ ԱՄՆ ՀԱՏՈՒԿՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ ՈՒԹ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ

Ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկներին հաջողվել է գերությունից փրկել անցած հոկտեմբերին Սոմալիում պատանդված 32-ամյա մեկ ամերիկուհու և 60-ամյա մեկ դանիացու, ովքեր «Danish Demining Group» ընկերության աշխատակիցներ էին: Մուդուգ քաղաքի մերձակայքում իրականացված գործողությանը ծովահենների համառ դիմադրության պատճառով մասնակցել են նաև ամերիկյան վեց ռազմական ուղղաթիռներ:

ԱՄՆ-Ը ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՄ

ԱՄՆ կոնգրեսին ուղղված ամենտարյա դիմումում նման հայտարարությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և խոստացել պատժամիջոցների խստացման միջոցով ուժեղացնել ճնշումը Թեհրանի նկատմամբ:
Նա հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների հարցում երկփեղկված աշխարհն ամերիկյան դիվանագիտության ջանքերի շնորհիվ այսօր միավորվել է, ու Ամերիկան լի է վճռականությամբ կասեցնելու Իրանի միջուկային զենքի մշակման փորձերը, և այդ նպատակով ինքն անձամբ կդիմի հնարավոր բոլոր միջոցներին:

ԽՈՒՃԱՊԻ ՉԵՆՔ ՄԱՏՆՎԻ ԵՎ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ՉԵՆՔ ԲԵՐԻ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ

Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն այն բանից հետո, երբ Քաբուլից հյուսիս գտնվող Կապիսա նահանգում աֆղանցի զինվորականը կրակ բացելով ֆրանսիացի համածառայակիցների վրա, սպանել էր 4 և վիրավորել 16 զինծառայողի, ինչից հետո Ֆրանսիայի նախագահ Սարկոզին չէր բացառել Աֆղանստանից ֆրանսիական զորախմբի ժամկետից շուտ դուրս բերումը:

«ԱՎՏՈՄԱՏԸ ԵՍ ՀԵՏՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ ՉԵՄ ՍՏԵՂԾԵԼ»

«ԻԺՄԱՇ» գործարանի կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը խորհրդային լեգենդար ավտոմատի մշակող Կալաշնիկովին է հանձնել ՌԴ կառավարության շնորհակալագիրը և պատմել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տարածված մի անեկդոտ. «Լավատեսները սովորում են անգլերեն, հոռետեսները՝ չինարեն, իսկ ռեալիստներն ուսումնասիրում են Կալաշնիկովի ավտոմատի կառուցվածքը»:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է… «ՄՈՍԻՆԻ» ՀՐԱՑԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի կարգադրությամբ դադարեցվել է Առաջին աշխարհամարտում հռչակված 1891-1930 թվականներին արտադրված 7,62մմ տրամաչափի այս հրացանների ոչնչացումը: Այդ մասին Ռոգոզինը հայտարարել է ռուսական հրաձգային զենքի արտադրության առաջատար «ԻԺՄԱՇ» գործարանում և հավելել, որ Մոսինի հրացանները Ռուսաստանի ռազմական պատմության մի մասն են ու նաև թանգարանային արժեքավոր նմուշներ, որոնք ողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեն որսորդների ու զենքի կոլեկցիոներների շրջանում և որոշ փոքրիկ լրամշակումից հետո այդ հրացաններից յուրաքանչյուրը կունենա հարյուրավոր, եթե ոչ հազարավոր եվրո գին:

ՌԴ ՕԴԱԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԵՏԱՆԻՆ 2012-ԻՆ ՄԵԿ ԵՐՐՈՐԴՈՎ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԻ

Զորատեսակը կստանա «2С25 «Спрут-СД» 10 ժամանակակից ինքնագնաց հրետանային կայանքներ: Լողացող ավիադեսանտային թեթև թրթուրավոր հակատանկային այս կայանքներն ունեն 125 միլիմետրանոց հրանոթ, կրակի 4 կիլոմետր հեռահարություն և մեկ րոպեում 7 կրակոց արագահարություն: Նրանք նախատեսված են տանկերի, ինքնագնաց հրետանային կայանքների, զրահապատ շարժական այլ թիրախների դեմ պայքարի, ինչպես նաև դեսանտային ստորաբաժանումների կրակային աջակցության համար: