Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՍՊԱՆ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐՏԵՍ

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեխնիկական վարչության նախկին սպա Վլադիմիր Լազարը Միացյալ Նահանգների օգտին լրտեսության համար դատապարտվել է 12 տավա ազատազրկման և զրկվել գնդապետի զինվորական կոչումից: Դավաճան գնդապետը պատիժը կկրի խիստ ռեժիմի աշխատանքային գաղութում: Զորացրվելուց հետո նա աշխատում էր «Госземкадастрсъемка» դաշնային կազմակերպությունում և վերստին շփվում էր պետական գաղտնիքների հետ:

ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՀՍԿԱ ԴԻՐԻԺԱԲԼԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԿԱՌՈՒՑՎԻ

Համաձայն «Aviation Week» պարբերականի, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է «Blue Devil II» («Երկնագույն սատանա-2» հետախուզական հսկա դիրիժաբլի կառուցման ծրագիրը, որը, փորձագետների պնդմամբ, «նոր էջ էր բացելու հետախուզական թռչող սարքերի պատմության մեջ»: Դիրիժաբլը հագեցած էր լինելու գիշերային ու ցերեկային պայմաններում դիտարկման, ունկնդրման ու ռադիոէլեկտրոնային հետախուզության ամենաարդիական բազմաթիվ սարքավորումներով, ունենալու էր բարձր ճշգրտության «Argus» քարտեզագրական համակարգ, ինչպես նաև տվյալների վերլուծության և պահպանման հզոր համակարգիչ, որի շնորհիվ հնարավոր է դառնում հաղորդել ոչ թե տվյալների անընդհատ հոսք, այլ միայն անհրաժեշտ տեղեկատվությունը:

50 ՏԱՐԻ` ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հաագայի միջազգային դատարանը Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորին մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար դատապարտել է 50 տարվա ազատազրկման, թեև մեղադրող կողմն 80 տարի էր պահանջում «այդչափ ծանր ու զանգվածային հանցագործություններում նրա ունեցած դերի համար»: Դատարանն ապացուցված է համարել նրան ներկայացված բոլոր մեղադրանքները. մեղսակցություն զանգվածային սպանություններին, բռնաբարություններ, մարմնական վնասվածներ հասցնել և անչափահասների ներգրավում մարտական գործողություններում: 64-ամյա նախկին բռնապետն իր կեսդարյա պատիը կկրի Մեծ Բրիտանիայում:

ԴՕՍԱԱՖ-Ի ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ 7 ՄԻԼԻՈՆ ՌՈՒԲԼԻ Է ՅՈՒՐԱՑՐԵԼ

Մոսկվայի ԴՕՍԱԱՖ-ի ծովային ու ռադիոտեխնիկական միացյալ դպրոցի տնօրեն Իվան Սլյուսարենկոյին յոթ միլիոն ՌԴ ռուբլի յուրացնելու համար դատարանը դատապարտել է վեց տարվա ազատազրկման: Քննությամբ պարզվել է, որ Սլյուսարենկոն դպրոցին հատկացվող բյուջետային միջոցները բազմիցս փոխանցել է տարբեր ֆիրմաների և խարդախությունները թաքցնելու համար դիմել ֆինանսական մեքենայությունների: Նա նաև զրկվել է առաջին կարգի կապիտանի զինվորական կոչումից, ինչպես նաև տուգանվել 300.000 ՌԴ ռուբլի, իսկ յուրացված գումարը կբռնագանձվի հօգուտ ԴՕՍԱԱՖԻ:

ՀԵՐԹԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար, գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը հայտարարել է, որ Դեյր-էզ-Զոր նահանգում հայտնաբերվել են դիմահար կրակոցներով սպանված 13 անձանց դիակներ: Իսկ երկու օր առաջ նույն նահանգում առևանգվել էին սիրիական նավթային «Ալ Ֆուրաթ» ընկերության աշխատակիցները: Դեռևս անհայտ է, թե արդյոք կապ կա այս երկու հանցագործությունների միջև:

ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ

Իսրայելյան «Ավիացիոն արդյունաբերություն» կոնցեռնը Բաքվի հետ համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանին մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերի վաճառքի մասին:
Ենթադրվում է, որ այս գործարքի արժեքն ավելին է, քան Թուրքիայի հետ պայմանագրինը, որը գնահատվում է 300 միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն հետո պարզվեց, որ Թել-Ավիվն Անկարային էր վաճառել ամենևին էլ ոչ ամենավերջին մշակման ԱԹՍ-ներ:

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԼԱ՞ՎՆ Է, ԹԵ ՎԱ՞ՏԸ

Ամերիկյան հետախուզությունը երկրի ղեկավարությանը զգուշացրել է ձեռնպահ մնալ սիրիական ընդիմությանը զենքի մատակարարումից, քանի որ, ինչպես հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության գործերի կոմիտեի ղեկավար Մայք Ռոջերսը, «Մենք չգիտենք, թե այնտեղ որտեղ են վատ և որտեղ են լավ տղաները»: