Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄՆ-Ը ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿԹՈՂՆԻ «ՔԱՐ-ԼՐՏԵՍՆԵՐ»

2014 թվականի ավարտին զորքերն Աֆղանստանից դուրս բերելուց հետո Պենտագոնն այդ երկրում կթողնի բռաչափ քարի մեծությամբ դիտարկող սարքեր, որոնք ամենաանհավական տեղերում կլրտեսեն աֆղանական զինված կազմավորումներին:
Ամերիկյան «Lockheed Martin» ընկերության մշակած «քար-լրտեսները», իրականացնելով շրջապատի մշտական դիտարկում, կասկածելի ակտիվության յուրաքանչյուր դրսևորման մասին իսկույն կհայտնեն կենտրոն: «Lockheed Martin»-ի մասնագետների հավաստմամբ, հանգամանքների բարեհաջող զուգորդման դեպքում այս սարքերի որոշ մոդելներ կարող են աշխատել մինչև 20 տարի:

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՒՂԵԿԱԼՈՒՄ

Երկրի հարավ-արևելքում` Ալմա-Աթայի մարզի սահմանապահ ուղեկալներից մեկում բռնկված հրդեհի պատճառով, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է 8-ից 15 զինծառայող: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի պատճառն ուղեկալի վրա իրականացված հարձակումն է, կամ՝ ոչ կանոնադրային հարաբերությունները: Ուղեկալն ամբողջովին այրվել է, իսկ զոհվածների զենքներն անհետացել:
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է ողբերգության փաստը, սակայն չի հստակեցրել զոհերի թիվը:

ՍԻՐԻԱՅԻՆ ԿՀԱՐՎԱԾԵՆՔ ՇՐՋԱՆՑԵԼՈՎ ՄԱԿ-Ը

ՄԱԿ անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի բացառում նման եղանակով Սիրիայում ռազմական գործողության իրականացումը, քանի որ իրավիճակի խաղաղ կարգավորումն իրադարձությունների զարգացման ամենաքիչ հավանական տարբերակն է, և կոնֆլիկտը կարող է տարածվել նաև այլ պետություններ:

ՊԱԿԻՍՏԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ

Պակիստանում հաջողությամբ է ավարտվել միջուկային մարտագլխիկ կրելու ունակ, անտեսանելիության «սթելս» տեխնոլոգիաներով կառուցված օդային բազավորման «Hatf-VIII» հրթիռի փորձարկումը: Նոր հրթիռը կարող է խոցել 350 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախը:

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱԽԱՂԵՐ ԲԱԼԹԻԿ ԾՈՎՈՒՄ

Այսօր «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բալթիկ ծովում կմեկնարկեն Հյուսիսատլանտյան դաշինքի «Балтопс-2012» 40-րդ ռազմածովային խոշոր զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև հունիսի 16-ը: Զորավարժություններին կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ 11 պետություն, ինչպես նաև՝ Ռուսաստանը, որի ռազմածովային ուժերը կներկայացնեն «Կալինինգրադ» մեծ դեսանտային նավը և ծովային հետևակի մեկ ստորաբաժանում, իսկ ընդհանուր առմամբ, զորախաղերում ներգրավված են 20 վերջրյա նավեր և նույնքան ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:

ՌԴ ՌԱԶՄԱՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ՇՏԱՊ ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Կաչալկինը հայտարարել է, որ զորատեսակի «ցավոտ կետն ավիացիոն տեխնիկայի անբավարար տեխնիկական վիճակն է»: Դրությունը շտկելու ուղղությամբ քայլեր սկսել են ձեռնարկվել միայն անցած տարվանից և ավիավերանորոգման գործարաններն այժմ աշխատում են նկատելի ծանրաբեռնվածությամբ:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԷԻՆ

Անդրբայկալյան երկրամասի զինվորական կոմիսարիատը դիմել է Չիտայի քաղխորհրդի պատգամավորներին` պահանջելով փոփոխություններ մտցնել «Ոստիկանության մասին» օրենքում և ամրագրել, որ ոստիկանությունը պետք է զբաղվի զինվորական ծառայությունից խուսափողների որոնմամբ: Այդ պարտականությունը ժամանակին կատարում էր միլիցիան, իսկ ահա «Ոստիկանության մասին» օրենքը մշակողները զինծառայությունից խուսափողների մասին մոռացել էին, և ոստիկանության գործառույթներում նրանց մասին ոչ մի խոսք չկա: