Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՀՍԿԱ ԴԻՐԻԺԱԲԼԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԿԱՌՈՒՑՎԻ



Համաձայն «Aviation Week» պարբերականի, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է «Blue Devil II» («Երկնագույն սատանա-2» հետախուզական հսկա դիրիժաբլի կառուցման ծրագիրը, որը, փորձագետների պնդմամբ, «նոր էջ էր բացելու հետախուզական թռչող սարքերի պատմության մեջ»: Դիրիժաբլը հագեցած էր լինելու գիշերային ու ցերեկային պայմաններում դիտարկման, ունկնդրման ու ռադիոէլեկտրոնային հետախուզության ամենաարդիական բազմաթիվ սարքավորումներով, ունենալու էր բարձր ճշգրտության «Argus» քարտեզագրական համակարգ, ինչպես նաև տվյալների վերլուծության և պահպանման հզոր համակարգիչ, որի շնորհիվ հնարավոր է դառնում հաղորդել ոչ թե տվյալների անընդհատ հոսք, այլ միայն անհրաժեշտ տեղեկատվությունը:

Նախատեսվում էր, որ դիրիժաբլը կարողանալու է թռչել մինչև 6.400 մետր բարձրության վրա, մեկ շաբաթ շարունակ ինքնավար կերպով աշխատել օդում և լրիվ դիտարկել ու հետախուզել միաժամանակ 64 քառակուսի կիլոմետր տարածք:

1.160 կիլոգրամ բեռնատարողությամբ և 110 մետր երկարությամբ թռչող ապարատը 2010 թվականից մշակվում էր «MAV6» ընկերւթյունում, և 2012 թվականի փետրվարին պետք է սկսվեին նրա փորձարկումները, որոնք մարտական պայմաններում շարունակվելու էին Աֆղանստանում, ուր ռադիոէլեկտրոնային հետախուզության և կոդավորված կապուղով ժամանակի իրական ռեժիմում տվյալների փոխանցման նպատակով արդեն աշխատում է «Երկնագույն սատանա- 1»-ը: Սակայն ընկերությունը ոչ միայն չէր հասցրել ավարտել ստանձնած աշխատանքները, այլև գրեթե երեք անգամ բարձրացրել էր նոր մշակման նախապես հաստատված գինը՝ 86-ից հասցնելով 211 միլիոն ԱՄՆ դոլարի այն դեպքում, երբ զինվորականները հրաժարվել էին ծրագրային ապահովման մի մասից և դիրիժաբլում տեղադրվելիք ռադիոէլեկտրոնային մի քանի թանկարժեք սարքավորումներից:

Սակայն թռչող սարքի կառուցման ընթացքում ի հայտ եկան կառուցվածքային լուրջ թերություններ, իսկ «Argus» համակարգի հատուկ տեսախցիկը չներդաշնակվեց դիտարկման մյուս համակարգերի հետ: Բացի այդ, պարզվեց, որ դիրիժաբլը «ծածկելու» է նախատեսվածից 16-ապատիկ քիչ տարածք:

Բոլոր այս թերությունների ու բացթողումների ի հայտ գալուց հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դադարեցրեց դիրիժաբլի կառուցման ծրագիրը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


01/06/2012