Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԻՋՑԵՂԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԼԻԲԻԱՅՈՒՄ

Վերջին շրջանում երկրի մայրաքաղաք Տրիպոլիից մոտ 150 կիլոմետր հարավում գտնվող շրջաններում միջցեղային բախումների արդյունքում սպանվել է 100 և վիրավորվել ավելի քան 500 մարդ: Իրավիճակը հանդարտվել է այդ շրջաններ զորքեր մտցնելուց հետո միայն:
Արևմտյան դիտորդների պնդմամբ, միջցեղային բախումները Լիբիայի նոր իշխանությունների համար ամենալուրջ փորձությունն են:

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ` ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԲԺՇԿԻ ԴԵՄ

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՆԳՆ ներքին զորքերի գլխավոր զինվորական բժիշկ, բուժծառայության գեներալ-մայոր Յուրի Սաբանինի դեմ: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու, ավելի հստակ` մատակարար ընկերություններից մեկի հետ կնքվող 100 միլիոն ՌԴ ռուբլի արժողության գործարքի 3,5 տոկոսը, այսինքն` 3,5 միլիոն ՌԴ ռուբլի ստանալու մեջ:
Ձերբակալման պահին գեներալը թաքնվելով… արտաքնոցում, փորձել է պատուհանից դուրս նետել 2,5 միլիոն ռուբլով լեցուն պայուսակը, ապա սրտի նոպա ձևացրել, ինչը սակայն, ժամանած բժիշկները հերքել են:

ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԲԱԽՎԵԼ Է ՇԵՆՔԻՆ

Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի «Fokker-27» ինքնաթիռը մայրաքաղաքի օդանավակայնում վայրէջք կատարելիս բախվել է բնակելի տանը: Երկրի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցը հայտնել է, որ հայտնի են միայն օդանավի հրամանատարի ու երկրորդ օդաչուի անունները, և դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք ինքնաթիռում նաև այլ զինվորականներ են եղել:
Աղետի վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել, այրվում են առնվազն 8 տներ: Կրակը մարելու համար դեպքի վայր է մեկնել 10 հրշեջ հաշվարկ:

ՍԻՐԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՓԱԽՑՎԱԾ «МиГ-21»-Ը

Սիրիայի պաշտպանության նախարարությունը երկրի ռազմաօդային ուժերի «МиГ-21» կործանիչը Հորդանան փախցրած գնդապետ Հասան Համադին անվանել է «դասալիք», իսկ արարքը` «հանցագործություն» և գնդապետին մեղադրել Հայրենիքի, նրա զինված ուժերի ու զինվորական պատվի դավաճանության մեջ: Միաժամանակ, Դամասկոսը Հորդանանի իշխանություններից պահանջել է ետ վերադարձնել կործանիչը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՆ ՍԻՐԻԱ ՄԵԿՆԵԼՈՒՑ

Նկատի առնելով, որ Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ ծայր աստիճան անկայուն, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտգործնախարարությունը, որի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների աշխատանքի ակտիվ փուլն ավարտվել է, իսկ որոշ շրջաններում չդադարող մարտերի պատճառով խաղաղ բնակչությունը մնացել է շրջապատման օղակում:

ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ ԿՀՐԱՎԻՐՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

Այն կգումարվի հուլիսի 30-ին, Ժնևում: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ևս ավելի վաղ հայտնել էր, որ կոնֆերանսը կարող է գումարվել Մոսկվայում կամ Ժնևում:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ կոնֆերանսին անպայման պետք է մասնակցեն ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ բոլոր պետությունները, Արաբական պետությունների լիգայի ու Եվրամիության ներկայացուցիչները, ինչպես նաև Իրաքը, Թուրքիան, Հորդանանը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Քաթարն ու Իրանը:

ՀԱՏՈՒԿ ԶՈՐԱԽԱՂԵՐ ԶԻՆԱՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը մոտ առաջիկայում ՌԴ բոլոր սուբյեկտներում, որոնց տարածքում կան զինապահեստներ, կկազմակերպի արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում համատեղ զորավարժություններ տարբեր ծառայությունների հետ` մշակելու իրավիճակին արձագանքելու, բնակչությանը տեղեկացնելու և տարհանելու համատեղ գործողությունները: Որոշումը վերջնականպես ընդունվել է վերջերս Օրենբուրգում գտնվող զինապահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունից հետո: